Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա ստեղծածը հայկական է

Մարտ 29,2002 00:00

Նրա ստեղծածը հայկական է Զրուցակիցս ժողովրդական ստեղծագործող, նկարիչ Աբրահամ Խաչատրյանն է։ Ծնվել է 1947թ., Երեւանում (Այգեստան)՝ Հունաստանից ներգաղթած արհեստավորի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել եւ աշխատել է ժամացույցի գործարանում։ Նկարել սկսել է ինքնուրույն։ Իր կարծիքով նա արվեստ է ստեղծում, որը յուրահատուկ է միայն իրեն։ – Ինչպես տեսանք, Ձեր գործերում շնչում է հայկական ոգին։ – Իմ արվեստում շնչում է հայկական ոգին, որովհետեւ ես հայ եմ, իմ աշխատանքային բնագավառները եղել են հայկական օջախներ, ինչպիսիք են Սունդուկյանի թատրոնը, «Հայֆիլմ» կինոստուդիան եւ վերջում Հանրային հեռուստատեսությունը, որտեղ աշխատել եմ որպես բեմադրական բաժնի նկարիչ-քանդակագործ։ Իմ արվեստը հետաքրքրություն է առաջացնում, որովհետեւ իր մեջ ներառված են հայկական բոլոր ատրիբուտները՝ գրտնակ, խնոցի, կուժ, կարաս, թոնիր եւ այլն։ Իմ գործերից շատերն այժմ գտնվում են Լիոնի, Կիեւի, Լոս Անջելեսի, անգամ Ավստրալիայի հայ համայնքի թանգարաններում։ – Ինչո՞ւ տիկնիկ, այլ ոչ թե գեղանկար, ո՞րն է դրա տարբերությունը։ – Տիկնիկ չասենք, այլ ասենք, օրինակ, խորոված պատրաստողները, հացթուխները, ճաշ եփողները, ձուկ բռնողը՝ ուռուցիկ տեսքով։ Եթե հարթապատկերը մի քիչ խախտում ես եւ ուռուցիկություն ես ստեղծում, այդ դեպքում նայողի համար ավելի բնական է ստացվում։ Սկզբում ամեն դետալ առանձին-առանձին պատրաստվում է, հետո դրանք ամբողջանում են իրար հետ։ – Որպես նկարիչ ո՞րն է Ձեր առանձնահատկությունը եւ արդյոք Դուք տարբերվո՞ւմ եք մյուսներից։ – Հիմնականում ինձ մոտ կենցաղային տեսարաններ են՝ հայկական կերուխում, ծեսեր։ Դրանք գոնե պահպանվում են հուշանվերների տեսքով։ Կցանկանայի ունենալ լավ, մեծ, լուսավոր արվեստանոց՝ իր բոլոր հարմարություններով։ Բացի լավ տարածքից, իհարկե, պետք է լավ նյութեր ունենալ, որոնք մատչելի լինեին ինձ։ Չնայած այս նեղ պայմաններում էլ կարողանում եմ բավականին գործեր կատարել։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել