ԳՈՎԱԶԴ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ Գովազդի տեխնիկան Անկարելի է խոսել հեռուստատեսության մասին՝ շրջանցելով էկրանի անպաշտոն տիրակալին՝ գովազդը։ Հիանալով, դժգոհելով, զայրանալով, նույնիսկ խելագարության գիրկն ընկնելով, հեռուստադիտողը վերջապես հարմարվեց երեւույթին։ Գովազդի կուլտուրան հետզհետե իրեն հաստատում է եւ հեռուստագործի մարդիկ պարտավոր են ուշադիր լինել ամեն 10 րոպեն մեկ մեր ուղեղը խուժող պատկերների հանդեպ։ Ընդհանուր գծերով փորձենք հասկանալ, թե ինչպիսին է այսօր մեր գովազդների պատրաստման ու մատուցման կուլտուրան։ Գովազդ ասվածը անչափ բարդ ստեղծագործություն է։ Վայրկյաններ տեւող այս միկրոսյուժեն ինֆորմացիայի, երաժշտության, խոսքի ու պատկերի հետաքրքիր ու խրթին համադրություն է։ Այս փոքրիկ պատկերը, որպես կանոն, կառուցված է անսպասելի, երբեմն էլ սրամիտ լուծումներով եւ ունի իր ուրույն դրամատուրգիան։ Ինչ հնարքներ ասես, որ չեն կիրառվում, այսպես կոչված՝ ապրանքի գեղարվեստական կերպարը ստեղծելու համար։ Փաստ է, որ ապրանքի կամ ծառայության ուղղակի, ճակատային գովաբանությունը առանձնապես ներգործուն չէ եւ չի ծառայում իր նպատակին։ Առայժմ հայկական էկրանին երեւացող գովազդներում գերիշխում է այդ մոտեցումը, թեեւ քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնք խախտում են այս կանոնը եւ կարողանում են ուշագրավ լինել։ Բնավ պարտադիր չէ երկար-բարակ հեքիաթ պատմել ապրանքի առավելությունների մասին, մանավանդ որ սպառողը իմունիտետ ունի այդ ամենի հանդեպ։ Մեր խնդիրը չէ գովազդ-երեւույթի հոգեբանական ազդեցության աստիճանը որոշելը։ Մենք այն ուզում ենք դիտել իբրեւ հեռուստաեթերի անբաժան մաս եւ տեսնել գովազդի գեղագիտական կողմերը։ Կարիք կա՞, արդյոք, ասել, թե ինչի կհասցնի մեզ այս հեռուստատեռորը, եթե այն գեղագիտորեն վատորակ լինի։ Լոտոների գովազդները ասվածի ակնհայտ վկայություններն են։ Եթե սրան էլ հավելենք գովազդները եթերում ցուցադրելու հաճախականությունը, ապա կարելի է ասել, թե ինչ մղձավանջ է դա։ Գովազդը ազդեցիկ է, երբ կարճ է ու մշակված։ Սա օրենք է, անշրջանցելի օրենք։ Բծախնդիր մշակման ենթարկված այս միկրոհորինվածքը, որն ունի ճիշտ կառուցում, ուղեկցվում է արտահայտիչ երաժշտությամբ, չի կարող հետաքրքիր չլինել։ Մեր եւ ռուսական կայաններով տրվող գովազդների մեջ կան այնպիսիք, որոնք իրենց գեղարվեստական գյուտի եւ լավ կատարման շնորհիվ, որքան էլ ցուցադրվեն, գոնե չեն զայրացնում։ Ինչպես ասացինք, դիտողին տհաճություն են պատճառում գովազդի կառուցվածքի տափակությունը եւ չափի զգացողության բացակայությունը, այսինքն՝ չի պահպանվում գովազդի կարեւոր պայմաններից մեկը՝ ժլատությունը, արտահայտչաձեւերի դիպուկությունը։ Մետաֆոր սիմվոլները այս դեպքում ավելին են անում, քան կոպիտ իրեղեն ձեւերը։ Նկատենք, որ մեր հեռուստագովազդի պատրաստման տեխնիկական հնարավորություններն այսօր սահմանափակ են։ Աշխարհում գովազդի պատրաստման այնպիսի տեխնոլոգիաներ կան, որ կարելի է ապշել։ Սակայն կրկին արձանագրենք, որ ինչքան էլ հեռուստագրաֆիկական եւ համակարգչային հնարավորությունների պակաս լինի, միեւնույն է, գովազդի բուն հաջողությունը պայմանավորված է պատկեր-գյուտերի դիպուկ մատուցմամբ եւ գեղարվեստական տեխնոլոգիաներով։ Հուսանք, որ գովազդի հայկական նորաստեղծ դպրոցը կհաղթահարի դեռեւս կենսունակ գավառականությունը եւ կառաջնորդվի գովազդաստեղծման բարձր չափանիշներով։ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ