Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այլեւս ինքնիշխան չեն զգա

Մարտ 29,2002 00:00

Այլեւս ինքնիշխան չեն զգա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակն իր հիմնադրման 4-րդ տարին նշանավորեց «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի լույս ընծայումով: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է՝ Վանաձորում ընդդիմադիր թերթ լույս չի տեսնում, մինչդեռ, դժբախտաբար, հենց ընդդիմադիր թերթերն են առավելապես արձանագրում մարդու իրավունքների խախտումները՝ զանազան բնագավառներում: Ըստ այդմ, վանաձորցիներն էլ (նաեւ՝ Լոռու մարզի այլ տարածքների բնակիչները) իրենց իրավունքների խախտումներին առնչվող հարցերն ստիպված են բարձրացնել հանրապետական ընդդիմադիր (իշխանությունների կողմից այդպիսին ընկալվող) թերթերում: Ինչ խոսք, կան հարցեր, որոնք հարկ է, որ բարձրացվեն հանրապետական մամուլում (եթե հիմնախնդիրն ուշադրություն է ակնկալում «վերին» իշխանության համապատասխան մարմնի կողմից, կամ պարզապես անհրաժեշտ է, որ տվյալ խնդրին հասարակական մեծ հնչեղություն հաղորդվի), սակայն մայրաքաղաքից կտրված վայրերում իշխանություններից անկախ թերթի բացակայությունը նպաստում է տեղական իշխանավորների՝ որոշ դեպքերում իրենց առավել ինքնիշխան զգալուն: «Մեր թերթում Դուք կարող եք արտահայտել Ձեր բոլոր տեսակետները, քննադատությունները: Գոնե մեր չորս տարվա կենսագրությունը Ձեզ կհամոզի, որ մենք չունենք ներքին գրաքննության խնդիր, չունենք վախի կամ թաքնվելու, հարմարվելու, ընդգրկվելու խնդիրներ: Մեր թերթը հանդիսանում է բաց եւ ազատ ամբիոն մտքերի, տեսակետների եւ կարծիքների արտահայտման համար»,- նշվում է ութ էջից բաղկացած թերթի խմբագրականում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, թերթի շնորհանդեսի ժամանակ (որին հրավիրվել էին պետական իշխանության, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ) հարկ համարեց զգուշացնել, որ թերթը չի կարող էջեր տրամադրել ազգայնական, համայնավարական «եւ այլ ռասայական խտրականության» գաղափարների համար: Քանի որ իր ասուլիսներից մեկում (մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված) Ա. Սաքունցը նկատել էր, թե մարդու իրավունքներից խոսելն այսօր իշխանությունների կողմից ընկալվում է որպես անբնական մի երեւույթ (իսկ այդ թեմայով խոսողները ստիպված հայտնվում են «դիսիդենտի» կարգավիճակում), ուստի կարելի է եզրակացնել, որ թերթը, փաստորեն, կանդրադառնա մերժամանակյա «դիսիդենտների» կամ տեղական իշխանությունների կողմից «դասակարգային թշնամի» ճանաչվածների բողոքներին: Սրա հետ մեկտեղ, թերթում կլուսաբանվեն նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային իրավական նորմերը, մարդու իրավունքների բնագավառում օրենսդրական ակտերը, ինչպես նաեւ այլեւայլ հիմնախնդիրներ՝ զանազան բնագավառներում: «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի առաջին համարում զգալի տեղ են գրավել զինվորների իրավունքների խախտումներին վերաբերող դեպքերը՝ դատական նիստի լուսաբանման եւ բողոք-նամակների տեսքով: Թերթն արտացոլել է նաեւ Վանաձորի քաղաքապետարան- ՀՔԱ Վանաձորի գրասենյակ կոնֆլիկտային հարաբերությունները: Շնորհանդեսի ժամանակ մեզ համար լուրջ հայտնություն էր մարզպետարանի ներկայացուցչի այն դիտարկումը, թե Լոռու մարզպետը «ինքը խոսքի ազատության գարանտն է» (այսինքն՝ երաշխավորը): Այդ դեպքում ինչու՞ են խոսքի ազատության համար մարդիկ դուրս գալիս «մեկ առանձին վերցրած» մարզի սահմաններից եւ հասնում մայրաքաղաք: Կամ՝ ինչու՞ քննադատության համար լրագրողը հալածանքների է ենթարկվում (անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ներկայացնել փաստեր, որոնք գրավոր բողոքի տեսքով խնամքով պահպանվում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակում): Եվ կամ՝ ինչու՞ միայն լրագրողը. չէ՞ որ ընդդիմադիր կուսակցության մի ներկայացուցչից էլ տեղական իշխանությունները վերջերս «հաշվետվություն» էին պահանջել խոսքի ազատության համար: Եթե խոսքի ազատությունը երաշխավորվում է, ինչու՞ Վանաձորի «Արցախ» պուրակում հանկարծ արգելվեցին հանրահավաքները, իսկ Երկաթուղայինների ակումբի դռներն էլ փակվեցին ժողովրդի առաջ՝ նախապես հայտարարված հանրահավաքը (մայրաքաղաքի ընդդիմադիր ուժերի նախաձեռնած) ձախողելու նպատակով: Ահա թե ինչու Վանաձորում անհրաժեշտություն զգացվեց, որպեսզի իրավապաշտպան թերթ տպագրվի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել