ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՕՐՆ ԵՆ ԸՆԿԵԼ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները երեկ բողոքում էին ՀՀ կառավարությանը՝ պահանջելով իրենց տալ պետական նմուշի դիպլոմ եւ ուսուցումը երկամյայից դարձնել քառամյա։ «Առավոտը» մոտ մեկ տարի առաջ մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին՝ գրելով, որ մանկավարժական համալսարանում եւ ՀՊՃՀ-ում բացված հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետների գործունեությունը ուսումնասիրելով, ԿԳՆ-ն պարզել է, որ դրանք գործում են օրենքի խախտումներով։ Երկամյա այդ ֆակուլտետները պետք է լրացուցիչ կրթություն ապահովեին, սակայն կատարել են իրենց լիազորություններից դուրս գործողություններ եւ տվել պետական նմուշի դիպլոմ, ինչի իրավունքը չունեին։ Իսկ մանկավարժական համալսարանի հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի դեմ նույնիսկ քրեական գործ էր հարուցվել։ Մանկավարժականի այդ ֆակուլտետը գործում է դեռեւս 1980թ., իսկ 1993-94 ուստարվանից, բուհի ռեկտորի հրամանով, սկսել է գործել որպես վճարովի ֆակուլտետ։ Այնտեղ կարող էին ընդունվել համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները, միջնակարգ մասնագիտական ուսհաստատությունների ուսանողները՝ ոչ բարձրագույն մասնագիտական որակավորում ստանալու կամ մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով։ Ուսանողներին տրվել է պետական դիպլոմ՝ մանկավարժական ինստիտուտի կնիքով։ ԿԳՆ-ի ուսումնասիրություններից պարզվել է, որ «ընդունելությունը այս ֆակուլտետ կատարվում է տարերայնորեն, բացակայում է ռեկտորատի կողմից վերահսկումը ընդունելության գործընթացի կազմակերպման նկատմամբ։ Ավարտական փաստաթղթերի շնորհման գործը կանոնակարգված չէ, որի պատճառով ավարտական փաստաթղթեր ստացած շրջանավարտները չեն կարողանում հասկանալ, թե ստացած դիպլոմը ի՞նչ կրթական ցենզ է տալիս իրենց»։ Այս եզրակացությունը ԿԳՆ-ն արել է 2000թ., սակայն դրանից հետո էլ ուսանողները չեն հասկանում, թե ի՞նչ դիպլոմ են ստանում՝ թեեւ ԿԳՆ-ն հարցին լուծում է տվել հենց այդ ուսումնասիրություններից հետո, 24.11. 2000թ. կոլեգիայի նիստում որոշվել է անբավարար համարել հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի գործունեությունը։ Նույն որոշման համաձայն, այդ ֆակուլտետը պետք է իրականացնի միայն լրացուցիչ կրթություն եւ ավարտելուց հետո շրջանավարտներին պարզապես տրվում է վկայագիր եւ ոչ թե դիպլոմ։ Սակայն այդ ֆակուլտետի ուսանողների պնդմամբ՝ իրենք նոր են իմացել, որ ավարտելուց հետո պետական բուհի դիպլոմ չեն ստանալու եւ դրա համար բողոքում էին։ Ընդ որում՝ բուհի ղեկավարությունն ու ֆակուլտետի դեկանը դեմ են եղել բողոքի ցույցին եւ փորձել են խափանել այն։ Սակայն ուսանողներն, այնուամենայնիվ, երեկ առավոտյան հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջեւ։ Ուսանողներին եւ բուհի ռեկտորին երեկ ընդունեց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը՝ տեղեկացնելով ԿԳՆ-ի կոլեգիայի վերոնշյալ որոշման մասին եւ որ բուհի ղեկավարության որոշմամբ այդ ֆակուլտետը ինքնաբերաբար կփակվի, երբ բոլոր ուսանողները, այսինքն՝ այս տարվա երկրորդ կուրսեցիները, ավարտեն այն։ Այսինքն՝ նոր ընդունելություն չի լինելու։ Ուսանողները գտնում են, որ ֆակուլտետը փակելու որոշումը սխալ է, քանի որ շատերը կզրկվեն երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, որ տալիս էր այդ ֆակուլտետը։ Բացի այդ, անհայտ է մնում այն տղաների ճակատագիրը, ովքեր համալսարանից զորակոչվել են բանակ եւ զորացրվելուց հետո պետք է շարունակեն ուսումը։ Ցուցարար ուսանողների պատմածով ռեկտորը խոստացել է, որ հավանաբար մեկ տարով էլ կերկարաձգեն ֆակուլտետի գործունեությունը եւ դրանից հետո այն կփակվի։ Դժվար է ասել, ուսանողները իրո՞ք նոր են տեղեկացել, որ իրենց պետական դիպլոմ չի տրվելու, քանի որ այս առթիվ մեծ աղմուկ արդեն մեկ անգամ բարձրացել էր։ Ակնհայտ է, սակայն, որ հիմնական մեղավորը բուհերի ղեկավարներն են. այդ ֆակուլտետները, որտեղ ուսուցումը վճարովի է, համալրելու համար տարածել են, թե դրանք լիարժեք պետական ֆակուլտետներ են, ընդունելություն են կատարել եւ ոմանց հասցրել են դիպլոմ տալ, իսկ հիմա ստիպված են ասել, որ նման իրավունք չունեին։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ