«Ջրային տնտեսության բոլոր գաղտնիքները» 27 տարի նույն ցանցում. ե՛ւ խորհրդային կառավարության, ե՛ւ անկախության ժամանակներում Ուշադրությունից դուրս «Մենք վանդակած մկան վիճակում ենք. որտե՞ղ իրացնենք մեր ապրանքը, հո չե՞նք կարող ինքնաթիռով տեղափոխել, չէ՞ որ ոսկերչական իրեր չենք արտադրում»,- ասում է մասիսցի Հակոբ Խոդեդանյանը, որը 1974 թվականից մինչեւ հիմա հիդրոտեխնիկ է, ժողովրդի լեզվով ասած՝ ջրբաժան, այսինքն մարդ, որի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը հինգին, ավարտվում գիշերվա տասներկուսին։ – Այսինքն՝ չէր էլ ավարտվում, ես կարգավորում էի գիշերվա ջուրը. ծառերն ու առվույտը միայն գիշերներն էինք ջրում, որ ջուրն անտեղի չկորչի, չգնա թափվի ճահիճը։ Այն ժամանակ ես մեծ հարգանք էի վայելում գյուղում, ամեն իրիկուն ներկայանում էի գրասենյակ եւ հաջորդ օրվա առաջադրանքները ստանում։ Այն ժամանակ հեշտ էր. տասն օր առաջ գիտեինք, թե որ բրիգադն է ջուր ստանալու։ Այսօր դժվար է։ Հիմա ամեն մարդ բրիգադիր է։ Սեփականատերը գիշերը մտածում է, առավոտյան գալիս ասում է. «Ինձ ջուր է պետք»։ Այդ պատճառով էլ առաջներում ես 300 հեկտար էի սպասարկում, հիմա՝ ընդամենը 20 հեկտար։ Այն ժամանակ ես ստանում էի 110 ռուբլի աշխատավարձ, բացի դրանից, եթե սածիլացումը ժամանակին հասցնում էինք, ամսվա վերջին 100 ռուբլի պրեմիա էի ստանում։ Երբ սովխոզը պլանը կատարում էր, տարեվերջին 300 ռուբլի պրեմիա էինք ստանում։ Ապրում էինք ոչնչի կարիք չունենալով, որովհետեւ ժողովուրդը կառավարության ուշադրության կենտրոնում էր,- ասում է նախկին ու ներկա հիդրոտեխնիկը։ Այսօր եւս ջրբաժան Հակոբի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 5-ին, սակայն նրա աշխատավարձը 10-15 հազար դրամ է եւ կախված է վարձավճարների հավաքագրումից։ Վարձավճարների հարցում եւս Խոդեդանյանն իր սեփական տեսակետն ունի. «Եթե կառավարությունն իր լոզունգների համեմատ հոգ տաներ, գյուղացին իսկի չէր էլ հարցնի, կմուծեր սուս ու փուս»։ «Երեկ տելեվիզորով ասացին…» – Հեռուստատեսությամբ հաճախ ելույթ են ունենում համակարգի հետ կապ չունեցող մարդիկ եւ էժան հեղինակություն վայելելու համար հայտարարում են, թե ոչ ոք իրավունք չունի ոռոգման ջուրը կտրելու։ Բայց հարց է առաջ գալիս. այդ ինչպե՞ս է, որ հոսանքի, գազի վարձերը չմուծելու դեպքում կտրում են։ Թող ոչ ոք մարդկանց չմոլորեցնի, որովհետեւ այդ ելույթներից հետո մարդիկ հրաժարվում են վարձերը մուծել. «Երեկ արդեն տելեվիզորով ասացին, փող չունենք, թողեք գնացեք, երբ լինի՝ այն ժամանակ կտանք»։ Իսկ այդ ժամանակը երբեք չի գալիս։ Գյուղացիներն էլ զարմանալի ժողովուրդ են, վարձեր չեն տալիս, բայց կիլոգրամը 200 դրամով կարտոֆիլ են ցանում,- զարմանում է Հակոբ Խոդեդանյանը։ Եթե գյուղացին իրոք չի օգտվում ոռոգման ջրից, իրավունք ունի բողոքելու, վարձերը չմուծելու։ – Կարող ես նաեւ ավելացնել,- «ապսպրեց» պապական հողագործը,- որ հանրապետության նախագահն անգամ էն արտոնությունը չունի ոռոգման ջրի հարցով, ինչպես Մասիսի շրջանի որոշ գյուղեր, որոնք լիովին ապահովված են։ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ