ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ԲԼԵՖ ԷՐ Մոնթերեյի համաժողովից վերադառնալով՝ երկրի թիվ մեկ ֆինանսիստը տեղեկացրեց, որ համաժողովում ընդունված հիմնարար որոշումն այն է, որ օգնություն հայցող աղքատ եւ զարգացող երկրները այսուհետ իրենց հույսը գլխավորապես պետք է կապեն ներքին ռեսուրսների օգտագործման մեխանիզմների բարելավման հետ: Դա առաջին հերթին վերաբերում է աղքատ եւ զարգացող երկրներին՝ կոռումպացված հարկային քաղաքականության եւ ֆինանսական հոսքերի պառճառով: Իսկ մեր երկրում ֆինանսական հոսքերը փաստացի վերահսկվում եւ վերաբաշխվում են պետական պատասխանատու չորս անձանց կողմից՝ ի դեմս նույն թիվ մեկ ֆինանսիստ Վարդան Խաչատրյանի, թիվ մեկ հարկահավաք Երվանդ Զախարյանի, թիվ մեկ մաքսավոր Արմեն Ավետիսյանի եւ այս երեքի ֆինանսական «մուտիլովկաների» անմիջական պատասխանատու եւ հովանավոր Անդրանիկ Մարգարյանի: Իսկ թե ինչպես է նրանց հաջողվում «ֆռռացնել» հասարակությանը եւ միջազգային կառույցներին, հավանաբար հայտնի է միայն նախագահ Ռ. Քոչարյանին: Ֆինանսական կամ տնտեսագիտական ամենաչնչին գիտելիքներ ունեցողի համար կա այբբենական ճշմարտություն, ըստ որի՝ յուրաքանչյուր 1 տոկոս համախառն եկամտի աճը տալիս է հարկային մուտքերի մի քանի տոկոս աճ: Մոտավորապես 10 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում (ինչպես 2001թ. պաշտոնապես արձանագրվեց երկրում), սպասվում էր հարկային մուտքերի ավելացում՝ տասնապատիկ անգամներ: Ի՞նչ եղավ իրականում. ամիսներ շարունակ հարկային մուտքերը թերակատարող գերատեսչությունը պատճառաբանում էր, թե 10 տոկոս տնտեսական աճը նույն տարում չի երեւա, հարկային մուտքերը կավելանան հաջորդ տարվա սկզբներից սկսած: Արդեն 2002 թ. երրորդ ամիսն է վերջանում, բայց նշված աճը ոչ մի կերպ չի անդրադառնում հարկային մուտքերի վրա: Ստացվում է՝ 10 տոկոս տնտեսական աճի մասին խոսելով նախագահը բլե՞ֆ է արել: Եթե ոչ, ապա հարց է առաջանում, թե ինչ մեթոդներով են աշխատում հարկային մարմինները, որ տնտեսական աճը, հարկային մուտքերի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները չեն արտացոլվում բյուջեի մուտքերում: Դառնանք խնդրի երկրորդ մասին. այն պայմաններում, երբ ներմուծումն էապես գերակշռում է ներքին արտադրությանը, բնականաբար, ավելի մեծ բյուջետային մուտքեր պետք է ապահովեն մաքսային մարմինները: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անցած տարվանից սկսեց գործել նոր կարգ, ըստ որի, նախկինում զրոյական դրույքաչափով ապրանքատեսակների 90 տոկոսի համար ԱԱՀ է գանձվում հենց սահմանին, ապա պարզ է դառնում, որ մաքսային մուտքերը եւս պետք է էապես ավելացած լինեին: Մինչդեռ հայտնի չէ, թե որտեղ են կորչում ԱԱՀ-ից գոյացած այն հսկայական գումարները, որոնք գանձվում են սահմանագլխին: Կարծում եմ, որ սահմանին գանձվող ԱԱՀ գումարների մի մասը, որը բյուջեում չի երեւում, ինչ-որ մարդկանց գրպաններում է հանգրվանում: Եթե, իհարկե, չհամարենք, որ տնտեսական ու բյուջետային մուտքերի աճը բլեֆ է: Թվում է, թե այդ գումարների անհետացման համար հիմնական պատասխանատուն պետք է դիտվի երկրի թիվ մեկ մաքսավորը, որը 2001-ի տարեվերջին մաքսային գեներալի կոչմանն արժանացավ: Հավանաբար, նաեւ մայրաքաղաքի ամենաբանուկ վայրում շենքերի բակը զավթելու եւ դղյակ կառուցելու համար: Այսպիսով, հարկային եւ մաքսային մուտքերի մեջ դե ֆակտո ավելացում չկա, մինչդեռ դա դե յուրե ամրագրված է՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով եւ «արձանագրված» տնտեսական աճով: Մեր ներքին ռեսուրսների հաշվին այսպե՞ս է լուծվելու զարգացման ապահովման հարցը: ՀԱՅԿ ԹՈՐԳՈՄՅԱՆ