ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ «Հաշվի առնելով Հայաստանի հեռուստահեռարձակման ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները՝ կապված հասարակության շրջանակներում սիրված եւ մեծ հեղինակություն վայելող երկու հեռուստաընկերություններին՝ «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» եթերից դուրս մղելու վտանգի հետ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի առաջարկվող հակաժողովրդական նախագծի էությունը, ինչպես նաեւ մամուլի տարբեր միջոցների նկատմամբ իշխանությունների կողմից անթաքույց ուժեղացող ճնշումը, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության պաշտպանության կոմիտեն անհրաժեշտ է համարում. այսուհետ պաշտպանել ոչ միայն «Նոյյան Տապանի»՝ հայրենիքում հաճախականություն ստանալու իրավունքը (որի համար էլ, փաստորեն, «Նոյյան Տապան» ալիքի հեռուստադիտողների կողմից ստեղծվել էր այս կոմիտեն), այլեւ պաշտպանել ներկայումս պաշտպանության կարիք զգացող «Ա1+»-ն, ինչպես նաեւ Հայաստանի այլ զանգվածային լրատվության միջոցների իրավունքները»,- ասված է Հայաստանի ԶԼՄ-ների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ։ * «Հանրության մտահոգությունը չպետք է փարատեն մրցույթը, մեղմ ասած, ոչ կատարյալ օրենքի շրջանակներում եւ բացարձակ անորոշ չափանիշներով անց կացնելու կեղծ խոստումները կամ փարիսեցիության ցայտուն դրսեւորումներ հանդիսացող հալածվող լրատվամիջոցների բարձր արժանիքների վերաբերյալ հրապարակային արած խոստովանությունները: Իշխանությունների հարձակումը մեր երկրում ժողովրդավարության միակ քիչ թե շատ կայացած կղզյակի՝ խոսքի ազատության վրա,. որն այս անգամ իրականացվում է հանձնաժողովի ձեռքերով, հետապնդում եւ իրականացնոմ է զուտ մեկ նպատակ՝ անվերապահորեն հսկելի դարձնել լրատվական դաշտը: Մռայլ միջնադարի եւ «Սուրբ ինկվիզիցիայի» լավագույն ավանդույթներին հավատարիմ մեխանիզմը արդեն իսկ դրված է գործառության մեջ. դրա դրսեւորումներն են «Նոյյան Տապան» գործակալության եթերից մեկուսացումը եւ այն, որ այսօր նույնանման սպառնալիքի առջեւ են կանգնած «Տոսպա» ռադիոկայանն, «A1+» հեռուստաալիքը եւ նրա «Համասփյուռ» ցանցը»,172 այդ կարծիքին է «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհուրդը։ * «Այս օրերին փորձ է արվում 37-րդ դեցիմետրային ալիքի մրցույթի անվան տակ դադարեցնել հանրապետության, ըստ էության, միակ անկախ հեռուստաընկերության՝ «Ա1+»-ի գործունեությունը։ Մեր մտահոգություններն այս առումով ավելի են առարկայանում, երբ ակնհայտ է դառնում՝ տարբեր դեցիմետրային ալիքների մրցույթների անցկացման ժամանակ, իրեն անկախ հորջորջող հանձնաժողովի որդեգրած երկակի ստանդարտների փաստը։ Չի կարող մտահոգիչ չլինել նաեւ այն փաստը, որ իբրեւ «Ա1+»-ի ենթադրյալ մրցակիցներ են հիշատակվում իրականում գոյություն չունեցող, սակայն երկրի իշխանության վերնախավի աջակցությունը վայելող ընկերությունները։ Այսօր «Ա1+» հեռուստաընկերությունը հանրապետությունում միակն է, որի եթերային քաղաքականության հիմքում բազմակարծությունն ու այլընտրանքային մոտեցումների ներկայացումն է։ Հետեւաբար, այս հեռուստաընկերության գործունեության կասեցման փորձը, մանավանդ՝ առաջիկա նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին, գնահատում ենք որպես ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակման անթաքույց փորձ»,- հայտարարում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը։