Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զնդանի սովորույթով

Մարտ 28,2002 00:00

Զնդանի սովորույթով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից մեկը լուսաբանելու նպատակով անհրաժեշտ համարեցի տվյալ համերգի ավարտից հետո զրուցել դիրիժորի հետ։ Մեր զրույցը ինձ բավականաչափ հետաքրքիր նյութ տվեց, որից հետո զրուցակիցս առաջարկեց շենքից ինձ ուղեկցել, սակայն լրագրողական մեր աշխատանքը յուրաքանչյուր կնոջ վարժեցրել է ինքնուրույնության ու տեմպի՝ առանց ընդունված պայմանականությունների։ Պարզվեց, որ համերգների ավարտից մի կարճ ժամանակահատված հետո «Արամ Խաչատրյան» համերգասրահը ընկղմվում է համատարած խավարի մեջ։ Խարխափելով երկար ու ձիգ սրահում՝ շենքի մի ծայրից մյուսը, աչք աչքի զարնող մթության մեջ մեն մենակ վերջապես հասա դրսի դռանը, որտեղ նույնպես լույս չկար։ Իսկ ժամը ընդամենը 21-ն էր։ Հերթապահները՝ իրենց կիսախավար սենյակի պատուհանից շենքի «տերերի» փոխարեն անհրաժեշտ համարեցին ներողություն խնդրել եւ իսկույն էլ բացատրել, որ առաջ այս շենքում երբեք այսպիսի մթություն չի եղել, իսկ հիմա նոր բարքեր են՝ լույս են խնայում եւ կարգադրված է հանդիսատեսների գնալուց հետո լույսերը հանգցնել։ Զնդանի ճնշող, ահասարսուռ տպավորությունն ապրողը դժվար նույն օրը գրիչ վերցնի ձեռքը եւ միջոցառում լուսաբանի, թեեւ դրանք իրար հետ չեն առնչվում։ Հաջորդ օրը հեռախոսով տեղեկացրի զարմանքս ֆիլհարմոնիկի լրատվական բաժնի պատասխանատուին։ Շատ նորմալ ընդունելով այդ մթնոլորտը, ավելացրեց, որ իրենք արդեն անգիր գիտեն ճանապարհը՝ այսինքն զնդանի միջով հանգիստ գալիս-գնում են՝ ճանապարհի «մանրամասներին» տեղյակ են։ «Եղիցի լույսը» մեր պատմության քառուղիներով է անցել եւ հայ մարդը անգամ էլեկտրականության մասին գաղափար չունենալով, դարձյալ մի ճրագ վառել է իր դռանը, ճամփա լուսավորել։ Լույսը, կանթեղը, լապտերը մեր հոգեբանությունից անբաժան են։ Այդ քանի՞ դրամ պիտի խնայվի։ Եվ մի՞թե դա խնայողության ձեւ է։ Այդ լույսի շողը պե՛տք է «Արամ Խաչատրյան» համերգասրահին, նաեւ դրսից նայողին, անցորդին։ Այս շենքը իրավունք չունի մութ ու անկենդան թվալ, աննշմար լինել։ Ի դեպ, այստեղ «մթի» մեկ այլ դրսեւորում էլ կա՝ վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ։ Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՀԲԸՄ ընդամենը չորս տառը շատ են համարել եւ պատին միայն անգլերենով է՝ AGBU, որից հետո ճյուղավորված հայերենով եւ անգլերենով կարդում ենք. 2001-2002թթ. համերգաշրջանի հովանավոր։ Կահիրեում ստեղծված, 1906 թվականից գործող այս կազմակերպությունը իր արմատներով եւ էությամբ զուտ հայկական կազմակերպություն է, որի նպատակն է սատարել հայ ժողովրդի կրթական, ընկերային, մշակութային, ֆիզիկական եւ հոգեկան զարգացմանը։ ԿԱՐԻՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել