Անտարբեր ձեւանալը հօգուտ նրա չէ Ամբաստանյալ Վռամ Գալստյանը երեկ պատասխանեց «Հոկտեմբերի 27» քրգործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչների՝ փաստաբանների հարցերին։ Ակնհայտորեն այս ամբաստանյալը խաղում է։ Այն, որ խաղում է, երեւաց վերջին դատական նիստերի ժամանակ՝ նրա պահվածքից։ Մեկ խռովկան է դառնում՝ չպատասխանելով կողմերի հարցերին, մեկ հայտարարում, թե ինքն ասելիք ունի եւ պարզապես դրա ժամանակը չի եկել, մեկ էլ թե խաբված է իր քրոջորդիների գործողություններից եւ մեկ էլ՝ խուսափում գնահատական տալ նրանց ցուցմունքներին։ Երեկ պատասխանելով Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցերին, նա չկարողացավ դատարանին համոզել, թե մասնավորապես զենքը երբ է տեսել՝ հոկտեմբերի 25-ի՞ն, թե՞ 26-ին։ Այն դեպքում, երբ ամբաստանյալ Ն. Հունանյանը մայիսի 10-ին իր դատաքննական ցուցմունքի ժամանակ հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին է Էդիկ Գրիգորյանը բերել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին էլ քեռի Վռամին Մարտունիից բերել էին Երեւան։ Ամբաստանյալը մի կերպ «հիշեց», որ ինքը պատշգամբում էր, երբ Կարենը զենքը բերեց դրեց այնտեղ։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը ցուցմունք էր տվել նաեւ, որ Վռամ Գալստյանը «բավականին ծանոթություն ուներ» զենքի հետ եւ որ «մասնակցել էր տեւական մարտերի»։ Երեկ ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը մասնակցել է ինքնապաշտպանական կռիվների եւ ոչ մարտական գործողությունների, եւ որ եղել է Բերդաձորում, որտեղ մարտեր չկային։ Փաստաբանին հետաքրքրեց նաեւ Ն. Հունանյանի այն ցուցմունքը, որով նա հայտնել էր, որ քաղաքական ուժերը սատարելու էին իրենց։ Վռամ Գալստյանից փորձվեց ճշտել, թե ո՞ր ուժերի մասին է նա ակնարկել, կամ հարցրե՞լ է, արդյոք, այդ ուժերի մասին։ Ամբաստանյալն ասաց, որ իրեն չի հետաքրքրել։ Այն, որ ինքն անտարբեր է ձեւանում, դա հօգուտ ամբաստանյալ Վ. Գալստյանի կերպարի չի խոսում։ Դատարանում նա ցույց տվեց, թե չի հետեւում հարցաքննության արձանագրությունների հրապարակմանը։ Հայտարարեց նույնիսկ, թե քրգործերի նյութերն իրեն չեն հետաքրքրել։ Թե ինքն անտարբեր է եղել ոճրագործության նախօրեին, ոճրագործության օրը իր շուրջը կատարվածի նկատմամբ։ Նա անտարբեր ձեւացավ նաեւ ԱԺ բարձրանալիս։ Փաստաբանը փորձեց ճշտել ամբաստանյալ Ն. Հունանյանի այն ցուցմունքը, ըստ որի, 2-րդ հարկում, երբ իրենք՝ 4-ով, հասել էին ԱԺ զուգարանի մոտ, նա Նաիրի Բադալյանին տալով կարմիր թղթապանակը, մտել էր զուգարան, ուր եղել էր 20-25 վայրկյան։ «Անտարբերության» արդյունքում քեռին չհիշեց, որ ամբաստանյալ Կարեն Հունանյանը փոքր-ինչ առաջ էր ընկած, որ ինքն ուղեկցում էր երկու Նաիրիներին։ Երեկ նա փորձեց ցույց տալ, որ ինքն, այնուամենայնիվ, մի դրվագի հետ կապված այնքան էլ անխռով չի եղել, բայց այդ մասին քրգործի նյութերն այլ բան էին ասում։ Մասնավորապես, նա երեկ հայտնեց, որ դահլիճում Նաիրիին հարցրել է. «Խի՞ սենց արիր, ես ի՞նչ գործ ունեի», ինչին ամբաստանյալը պատասխանել էր. «Բա ես էլ չգիտեի»։ Քրգործի նյութերում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հիշատակել էր միայն Էդիկին, որը նման հարց էր տվել իրեն։ Որ ինքը նաեւ ընդվզել է, ասաց մեկ տողով. «Անպատվել եմ», սակայն չբացելով հետագա փակագծերը։ Ներկայացնելով իր գործողությունները ԱԺ դահլիճում, նա ասաց, որ ատրճանակ է վերցրել «սկզբնական մասից», թե ումից՝ չհիշեց, ապա երիտասարդի է ներս բերել դահլիճ եւ երկու կնոջ դուրս հանել դեպի կարմիր նախասրահ։ Ի դեպ, մայիսի 30-ի ընտրությունների հետ կապված, նա հայտնեց, որ բոլորին դեմ է քվեարկել, իսկ իրենց ընտանիքում քվեարկել են Դեմիրճյանի օգտին, «իրենց մոմենտով»։ Ամբաստանյալ Վ. Գալստյանին հարցեր տվեց նաեւ Վ. Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանը։ Ի դեպ, նա միակն է փաստաբաններից, որ նրանց կոնկրետ բնորոշմամբ է դիմում՝ հանցավոր խումբ։ Նրա հարցերին էլ պատասխանելով, ամբաստանյալը հայտնեց, որ իր կողմից ոչ մեկը չի զոհվել, որ ուրիշների արածների համար ինքը չի կարող պատասխանել, որ ինքը գործել է պահի հանգամանքներով։ Երեկ լավատես էր ամբաստանյալն այնքան, որ ձեռի հետ այսպիսի մի արտահայտություն թույլ տվեց իրեն. «Ինչքան պատիժ ինձ հասնում է՝ դուրս կգամ՝ կապրեմ։ Ոչ մարդասպան եմ, ոչ նման մտադրություն եմ ունեցել»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ