Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՏԵՂԸ ՉԷ

Մարտ 28,2002 00:00

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՏԵՂԸ ՉԷ Համենայնդեպս՝ նման եզրակացության կարելի է հանգել կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մելիքյանի հետ պատահածից։ Նա ուսուցիչ է աշխատել ՊՆ-ի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, սակայն վարժարանի տնօրինությանը հավանաբար նման կադրեր պետք չեն եւ Կ. Մելիքյանը ազատվել է աշխատանքից։ Իսկ երբ աշխատանքում վերականգնվելու մասին դատարանի վճիռը ձեռքին վերադարձել է, նրան թույլ չեն տվել ներս մտնել եւ հենց վարժարանի դռան առջեւ ծեծել են։ Այս մասին «Առավոտին» բողոքեց Կարեն Մելիքյանը՝ նաեւ մանրամասներ ներկայացնելով վարժարանում տիրող մթնոլորտի մասին։ Ըստ իր պատմածի՝ 2001թ. օգոստոսին կոնֆլիկտ է առաջացել իր եւ վարժարանի ուսմասվար՝ ավագ լեյտենանտ Ռուզաննա Բաղդասարյանի միջեւ եւ վերջինիս դրդմամբ էլ տնօրենը՝ Սիրակ Մինասյանը ազատել է Կ. Մելիքյանին աշխատանքից։ Այս տարվա հունվարի 16-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը վճռել է, որ Կ. Մելիքյանին աշխատանքից ազատել են անօրինական եւ պահանջել է վերականգնել նրան իր աշխատանքում։ Հունվարի 23-ին Կ. Մելիքյանը դատարանի վճիռը ձեռքին փորձել է մտնել վարժարան, սակայն փոխտնօրեն Ռ. Բաղդասարյանը արգելել է մուտքը հսկող զինվորին նրան ներս թողնել եւ, Կ. Մելիքյանի պնդմամբ՝ դրանից հետո ինքը դաժան ծեծի է ենթարկվել։ Երկու կնոջ օգնությամբ նա հասել է հանրապետական հիվանդանոց, որտեղից ծեծի մասին ահազանգել են Մաշտոցի տարածքային ոստիկանություն։ Այդտեղից էլ դատական բժշկին դիմելու համար ուղեգիր է տրվել, տասնյոթ օր Կ. Մելիքյանը պառկել է հիվանդանոցում եւ, ինչպես ինքն է ասում՝ այժմ էլ բուժման կարիք ունի։ Մեր ձեռքի տակ եղած բժշկի եզրակացությամբ՝ Կ. Մելիքյանը գլխուղեղի ցնցում է ստացել։ Փորձեցինք այս առթիվ պարզաբանումներ ստանալ վարժարանի տնօրինությունից, սակայն պարզվեց, որ տնօրեն Ս. Մինասյանն այլեւս այդ պաշտոնում չի աշխատում։ Որեւէ այլ պատասխանատուի հետ զրուցելու մեր խնդրանքին ավելի ուշ արձագանքեց ՊՆ ռազմական կրթության վարչության սպաների որակավորման բարձրացման եւ արտազորային պատրաստության բաժնի պետ Գարեգին Ստեփանյանը։ ՊՆ պատասխանատուներից պարզաբանումներ ստանալու մեր պատրաստակամությանն ի պատասխան, Կ. Մելիքյանը եւ երկար տարիներ ՆԳ եւ ՊՆ համակարգում աշխատած նրա հայրը նախապես մտահոգվել էին, որ պաշտոնյաները կփորձեն ամեն ինչ կոծկել եւ աղմուկ չբարձրացնել։ Ինչեւէ, զերծ ենք մնում երկու կողմերի խոսքերը գնահատելուց, նաեւ հարկ չենք համարում ներկայացնել անձնական բնույթի մեղադրանքները։ Իսկ Գարեգին Ստեփանյանը այս պաշտոնում նշանակվել է մի քանի օր առաջ միայն՝ մարտի 18-ին, թեեւ մինչ այդ եւս աշխատել է այս վարչությունում։ Իր նախորդը թոշակի է անցել, իսկ ճիշտ նույն օրերին աշխատանքից ազատված Ս. Մինասյանի առթիվ պարոն Ստեփանյանը նկատեց, թե վարժարանի տնօրենը ինքն է հեռացել՝ սեփական դիմումի համաձայն։ Պատճառների մասին մեր հարցին ի պատասխան, հավաստիացրեց, որ այդ պաշտոնում աշխատավարձը ցածր էր եւ Սիրակ Մինասյանը ընտանիքը պահելու համար ստիպված էր այլ աշխատանք փնտրել։ Թե որքանով է այս փաստարկը համոզիչ, թողնում ենք ընթերցողների դատին։ Պարոն Ստեփանյանը, որ միջադեպի օրը եղել է վարժարանում, նաեւ պնդեց, որ ոչ մի ծեծ էլ չի եղել։ Կարեն Մելիքյանը ինքն է սկսել ամեն ինչ եւ պարզապես մի փոքր քաշքշոց է եղել։ Բժշկի եզրակացությունը ցույց տվեցինք պարոն Ստեփանյանին եւ նա անմիջապես պնդեց, թե այդ թուղթը կեղծված է։ Թե ինչից ելնելով նման եզրակացություն արեց, մեզ այդպես էլ անհայտ մնաց։ Պարոն Ստեփանյանը Կարեն Մելիքյանին ներս չթողնելու Ռ. Բաղդասարյանի հրահանգը արդարացրեց նրանով, որ վարժարանի տնօրինությունը դիմել էր վերաքննիչ եւ սպասում էր այդ ատյանի վճռին, իսկ մուտքը հսկող զինվորը կատարել է վերադասի հրամանը։ Կարծես թե դժվար էր մանկավարժին, գիտնականին ոչ թե դռան մոտից արհամարհաբար հետ դարձնել, այլ նորմալ բացատրել, որ բողոքարկում են վճիռը եւ մինչեւ այդ Կ. Մելիքյանը չի կարող իր պաշտոնում աշխատել։ Ի դեպ, վերաքննիչի վճիռն արդեն կա եւ այն եւս ուժի մեջ է թողել առաջին ատյանի վճիռը։ Այժմ վարժարանի տնօրինությունը դիմել է վճռաբեկ դատարան։ Կ. Մելիքյանի մեղադրանքներին՝ թե վարժարանն իրականում տնօրինում էր ոչ թե տնօրենը, այլ փոխտնօրեն Ռ. Բաղդասարյանը, որը միշտ անում է այնպես, ինչպես ինքն է ուզում, ի պատասխան Գ. Ստեփանյանը նկատեց, որ Ռ. Բաղդասարյանին ճանաչում է մեկ ամիս եւ նրա մասին վատ կարծիք չունի. «Եթե նրա աշխատանքում ինչ-ինչ թերություններ եղել են, ես ասել եմ եւ ինքը վերացրել է, բայց դրանք աղաղակող թերություններ չեն եղել»։ Պարոն Ստեփանյանը վստահեցրեց, որ այդ վարժարանի առնչությամբ իրենք երբեք ահազանգեր չեն ստացել, իսկ ընդունելության քննությունների օբյեկտիվությունը հիմնավորեց նրանով, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված մանդատային հանձնաժողովը վերահսկում է այդ գործընթացը։ (Այդ քննությունները հավանաբար այնքան օբյեկտիվ են, որքան օբյեկտիվ կարող են անցկացվել քննություններն ընդհանրապես Հայաստանում)։ Գ. Ստեփանյանը նաեւ նկատեց, որ Կ. Մելիքյանը բնավորությամբ մեղմ մարդ է եւ դասերի ժամանակ նրան չէր հաջողվում կարգապահություն ապահովել, իսկ վարժարանը զինվորական է, որտեղ տղաներ են միայն սովորում։ Ստացվում է, որ մեր բանակին ամուր ձեռքեր են անհրաժեշտ, իսկ գիտնական մանկավարժից առանց ափսոսանքի կարող են ազատվե՞լ։ Առանց այդ էլ մեր կրթօջախներում տղամարդ մանկավարժները, այն էլ գիտական աստիճանով, շատ քիչ են։ Կ. Մելիքյանը դիմել է նաեւ ՀՀ գլխավոր զինդատախազին եւ զինդատախազությունից ճշտեցինք, որ դեռեւս պարզում են գործի հանգամանքները։ Զինդատախազության ուսումնասիրության արդյունքներին ավելի ուշ կանդրադառնանք։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել