Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

Մարտ 28,2002 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որն օգտագործելով կարելի է զրկել կապուղիներից իշխանությանը չքծնող հեռուստաընկերություններին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է որպես առաջադեմ եւ Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան։ Սակայն իրականում օրենքն այդպիսին չէ: Հին կարգով (երբ չկար այդ օրենքը) հաճախականությունները տրամադրում էր կապի նախարարը, հիմա՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Դրանց մեջ էական տարբերություն չկա, քանի որ թե՛ նախարարը եւ թե՛ հանձնաժողովը նշանակվում են հանրապետության նախագահի կողմից: Հիմա մրցույթի մասին, որը նույնպես համարվում է ժողովրդավարության գագաթնակետ: Իհարկե, հաճախականությունները պետք է մրցույթի հանվեն: Բայց տրամաբանական կլինի, եթե հեռուստաընկերությունները մրցեն ազատ հաճախականությունների համար: Դրանք տեսականորեն անսահմանափակ են, գործնականում սահմանափակվում են մեր կառավարության նյութական հնարավորություններով՝ նոր հաճախականությունները գրանցվում են Ժնեւում գտնվող համապատասխան կառույցներում: Երբ «մրցույթ» է կազմակերպվում զբաղեցրած կապուղիների համար, այսինքն՝ գործող հեռուստակայանի եւ եթեր չունեցող ֆիրմաների միջեւ (ինչպես հիմա է արվում), ապա դա կամայականությունների հնարավորություն է տալիս: Ա/ Համեմատվում է այն, ինչ կա իրականության մեջ եւ այն, ինչ գոյություն ունի թղթի վրա: Թղթից մինչեւ իրականություն ճանապարհը հսկայական է: Բ/ Կարող են համեմատվել ժանրային տարբեր ուղղվածություն ունեցող ընկերություններ: Ի վերջո հանձնաժողովի ճաշակի խնդիրն է որոշել՝ որն է ավելի լավը՝ լրատվությո՞ւնը, թե՞ շոու-ծրագրերը: Գ/ Կարող են համեմատվել նյութական հնարավորությունները, որոնք նույնպես ինքնին չեն կանխորոշում հեռուստաընկերության հաջողությունը կամ անհաջողությունը: Իշխանությունը կամ իշխանամերձ բիզնեսմենները կարող են շատ լավ «բթել» իրենց հովանավորյալ հեռուստաընկերություններին, սակայն փողի քանակը, ինչպես հայտնի է, չի ավելացնում ոչ տաղանդը, ոչ էլ մասնագիտական ունակությունները: Սրանք բանական փաստարկներ են, որոնք, ցավոք, տվյալ դեպքում առանձին նշանակություն չունեն: Մեր իշխանությունը ղեկավարվում է ոչ թե բանականությամբ, այլ գավառական-ասիական զոռբայությամբ, որը շատ պարզորոշ երեւում է եվրոպական թիկնոցի եւ «մրցույթ», «մրցակցություն» երեսպաշտ բառերի տակ: Բնականաբար, Քոչարյանի ողջ քարոզչական մեքենան կփորձի ապացուցել, որ մրցույթն արդար էր եւ օբյեկտիվ, որ «Շարմը» կամ «Դոֆինը» այնպիսի առավելություններ ունեն «Ա1+»-ի նկատմամբ, որ «անկախ» հանձնաժողովը դրանց չդիմացավ: Բայց որքան էլ ձեւեր թափեն, ճշմարտությունը ոչ մեկից չես կոծկի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել