Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ

Մարտ 27,2002 00:00

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՌԴ-ի «ԱվտոՎԱԶ» եւ «Գազ» ընկերությունների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչներ «Արմենիա-Լադա» եւ «Կարկոմավտո» կազմակերպությունները ՀՀ մաքսային պետական կոմիտեին դատի են տվել։ Սակայն դատը, որ երեկ պետք է լսվեր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, հետաձգվեց պատասխանող կողմի խնդրանքով, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ մակարդակով ներկայացնել իր առաջարկությունները։ Դատարանում «Արմենիա-Լադայի» եւ «Կարկոմավտոյի» շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Ումրշատյանը գտնում է, որ Մաքսային կոմիտեի՝ վերը նշված ընկերություններին վերաբերող գործողություններն անհիմն են եւ չեն բխում ՀՀ մաքսային օրենսգրքի պայմաններից։ Ընթերցողին տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 9-ին այդ երկու ընկերությունները դիմել էին Մաքսային կոմիտե՝ «Ներմուծված ապրանքատեսականու մաքսային արժեքի հաշվարկումը ըստ գործարքի գնի մեթոդի կատարելու համար (այսինքն՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի կիրառման թույլտվություն ստանալու նպատակով)»։ Փոխարենը Մաքսային կոմիտեն նրանց առաջարկել էր ներմուծված ապրանքատեսականին մաքսազերծել ՀՀ մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածով նախատեսված կարգով, այսինքն՝ ըստ շուկայական գների։ Ա. Ումրշատյանին զարմացնում է այն, որ «երբ Մաքսային կոմիտեն իր կարիքները հոգալու նպատակով էր հայցվոր կազմակերպություններից մեքենաներ գնում, այն ժամանակ չէր առարկում 87-րդ հոդվածի կանոնները կիրառելու դեմ», սակայն այժմ վարվում է բոլորովին այլ կերպ։ Ա. Ումրշատյանը փաստեց, որ 26.11.2001-ին կնքված առք ու վաճառքի պայմանագրով Մաքսային կոմիտեն՝ ի դեմս նախագահ Արմեն Ավետիսյանի, «Արմենիա-Լադայից» գնել է 2 «ՎԱԶ 212113» մակնիշի մեքենա, իսկ 03.09.2001-ին՝ եւս 4-ը, որոնք մաքսազերծվել են հայտնի 87-րդ հոդվածով նախատեսված կանոններով, քանի որ այդպես դրանց ինքնարժեքը բավականին ցածր է շուկայականից։ Ա. Ումրշատյանը ուշարժան է համարում նաեւ այն փաստը, որ ՀՀ մաքսային կոմիտեն 13.03.02թ. գրություններում «Արմենիա-Լադայի» եւ «Կարկոմավտոյի» համար 87 հոդվածի կիրառման մերժումը հիմնավորում է նրանով, որ «նպատակահարմար չի գտնում այն՝ ելնելով ՀՀ տնտեսական շահերի եւ ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման նկատառումներից»։ «Արմենիա-Լադայի» եւ «Կարկոմավտոյի» ներկայացուցիչ Ա. Ումրշատյանը նաեւ պնդում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 91 հոդվածով նախատեսված մաքսազերծման կանոնները նույնպես կիրառելի չեն, քանի որ «Արմենիա-Լադա» եւ «Կարկոմավտո» կազմակերպությունները ՌԴ-ի «ԱվտոՎԱԶ» եւ «ԳԱԶ» ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչներն են Հայաստանում, ինչը թույլ է տալիս, որ նրանց հետ կնքված գործարքի գինը ավելի ցածր լինի շուկայական կարգով այլ անձանց հետ կնքված նմանօրինակ պայմանագրերի համեմատ։ Բացի այդ, ըստ հայցվորի ներկայացուցչի, գնի՝ շուկայականից ցածր լինելու հանգամանքը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ ավտոպահեստամասերը, ըստ ձեռք բերված փոխադարձ համաձայնության, զուրկ են եղել գործարանային փաթեթավորումից, որը եւս էականորեն ազդում է գործարքի գնի վրա։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել