Քանի ազգը կա՝ թատրոնն անպայման կլինի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահե Շահվերդյանն արմատներով Լոռիից է։ Անձնագրային անունն է Ֆլոբեր (ի պատիվ ֆրանսիացի գրող Գուստավ Ֆլոբերի), իսկ Վահե անունով նրան ուսանողական տարիներին կնքել է Վավիկ Վարդանյանը։ Մինչ թատերական ինստիտուտ ընդունվելը սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, սակայն չի ավարտել։ Թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո որպես բեմադրիչ աշխատանքի է ընդունվում իր ուսուցչի՝ Վ. Աճեմյանի ղեկավարած Մայր թատրոնում, իսկ ամիսներ անց նշանակվում է Վանաձորի թատրոնի ղեկավար։ 25 տարի այնտեղ աշխատելուց հետո կրկին վերադառնում է Մայր թատրոն։ 1996-ից Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ – Շնորհավորում ենք Մայր թատրոնի հոբելյանական 80-րդ թատերաշրջանի բացման եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։ Ի՞նչ խաղացանկով կսկսեք հոբելյանական թատերաշրջանը։ – Մեզ համար եռակի տոն է, որ մեր հոբելյանական 80-րդ թատերաշրջանի բացումը սկսվում է մարտի 27-ին, սկսում ենք Մայր թատրոնի երախտավորներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյով։ Մայիսի 30-ին մենք կպատրաստվենք նշել նաեւ մեր թատրոնի հոբելյանը։ Այս տարի որոշել ենք առավել շատ ուշադրություն դարձնել մեր ազգային խաղացանկին։ Պատրաստվում են բեմադրության մեր ժամանակակից հեղինակներ Կարինե Խոդիկյանի, Անահիտ Աղասարյանի, Նելլի Շահնազարյանի աշխատանքները, այդ թվում նաեւ վերջերս կյանքից հեռացած մեր նշանավոր դրամատուրգ Ժորա Հարությունյանի՝ «Պարոն Շմոն եւ ուրիշները» կատակերգությունը, որը նրա վերջին պիեսն է։ Այս տարի մենք հյուրախաղերով կլինենք ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ մեր հանրապետության տարբեր քաղաքներում։ Հունիսից «Լինսի» ծրագրի սահմաններում Մայր թատրոնում կսկսվեն վաղուց սպասված եւ խիստ անհրաժեշտ վերանորոգման, բեմի մեխանիզացիայի, լուսային եւ ձայնային տեխնիկայի նորացման աշխատանքները, սակայն անկախ վերանորոգումից, մենք շարունակելու ենք մեր ստեղծագործական պրոցեսը, այսինքն գործելու են մեր փորձասենյակները, իսկ ներկայացումները, ըստ նախնական համաձայնության, ամիսը մի քանի անգամ տեղի կունենան Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում։ Հույս ունենք, որ վերանորոգման ժամանակ կկարգավորվի մեր թատրոնի ջեռուցման խնդիրը եւ մենք կկարողանանք անցնել աշխատանքային այլ ռեժիմի։ – Նախորդ տարի Ձեր իսկ նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում կյանքի կոչվեց թատերական «Արտիստ» մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն կունենա՞ շարունակություն։ – Համոզված եմ, որ կշարունակվի, քանի որ թեեւ նախաձեռնությունն իմն է, բայց կյանքի կոչվեց քաղաքապետ Ռ. Նազարյանի անմիջական աջակցությամբ, եւ մենք որոշեցինք, որ դա լինելու է ամենամյա մրցանակ եւ ամեն տարի այն նվիրվելու է մեր բեմի մեծերից մեկին։ Եվ քանի որ այս տարի լրանում է բեմի մեծ վարպետ Բաբկեն Ներսիսյանի 85-ամյակը, հետեւաբար որոշել ենք այս տարվա «Արտիստ» մրցանակը նվիրել Բաբկեն Ներսիսյանի հիշատակին։ Թատերական «Արտիստ» մրցանակը միայն Մայր թատրոնի դերասանների համար չի նախատեսված։ նախապես հայտարարելուց հետո թատրոնները հայտեր են ներկայացնում, որոնք քննարկվում են ժյուրիի կողմից եւ տարբեր անվանակարգերում ընտրվում են մրցանակակիրները։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ