Փաստաբանն «ափաշկարա սուտ» համարեց միության նախագահի հայտնածը «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպանությունը պետպատվերի կարգով իրականացնում է Հայաստանի փաստաբանների միությունից Աղասի Աթաբեկյանը։ Վերջինիս հարցադրումները, հայտարարությունները տարօրինակ տպավորություն են թողնում, ակնհայտ հետեւանքներ ունենում, որը զուգադիպություն կամ պատահականություն անվանելը պարզապես սխալ կլինի։ Հետեւենք, օրինակ, թե ամբաստանյալ Վռամ Գալստյանին ինչպիսի հարցեր ուղղեց փաստաբան Աթաբեկյանը եւ հետո ինչ կատարվեց։ Ահավասիկ. «ԱԺ տարածքում կատարված 26.12.99թ. քննչական փորձարարության ժամանակ Նաիրին Էդիկին ասել է. «Ռոբերտի վարիանտը հլա թող մնա»։ Այդ տարբերակի հապաղումը ինչո՞վ էր պայմանավորված։ Այդ տարբերակն իրականում գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Նա՞ է եղել այդ ամենի գլուխը, թե՞ ոչ»։ Հարց 2-րդ. «Ս.թ. հունվարի 21-ին Էդիկ Գրիգորյանը ցուցմունք տվեց, համաձայն որի, նախագահը երաշխավորել է ձեր անվտանգությունը եւ ասել է, իբր թե լինելու է բաց դատավարություն։ Ինչո՞ւ ձեր 5-ի անվտանգությունը կիսատ -պռատ նախագահը երաշխավորել է, իսկ մի այլ դեպքում, նա հանրապետության անկախության եւ անվտանգության երաշխավորը չի եղել»։ Հարց 3-րդ. «Հանրապետության նախագահը դեպքից անմիջապես հետո բանակցության ընթացքում արդյոք խոստացե՞լ է հետագայում ներում շնորհել խմբի անդամներին»։ Կամ «Ի՞նչ է նկատի ունեցել Նաիրի Հունանյանը ԱԺ դահլիճում ասելով՝ «ո՞ւր է Սերժիկը, գնացել է բենզին ծախելո՞ւ»։ Ի՞նչ կասեք նրա այդ արտահայտության առթիվ»։ Հարցաշարը կարելի է շարունակել։ Եվ ահա, «հարցաքննելուց» հետո, հաջորդ իսկ դատական նիստին պաշտպանը ստիպված է լինում հանդես գալ… հայտարարությամբ իր հասանելիք վճարը չստանալու վերաբերյալ։ Վռամ Գալստյանի հարցաքննությունից հետո էլ պաշտպանը հայտարարեց, որ 4 ամսվա գործունեության դիմաց չի ստացել համապատասխան վճարը եւ որպես բողոքի արտահայտություն, հայտարարեց, որ չի մասնակցելու դատական նիստերին։ «ԶԼՄ-ից տեղեկացա, որ 20.03.2002թ. դատարան է ներկայացել ՀՀ ՓՄ նախագահ Մ. Փիլիպոսյանը։ Նա պարզաբանում է տվել առ այն, որ Աղասի Աթաբեկյանն անիրավացիորեն է բոյկոտում դատաքննությունը, որ Աթաբեկյանն անցյալ տարվա դեկտեմբերին ստացել է 550000 դրամ աշխատավարձ, իսկ այս տարվա 2 ամիսների համար նրա անվամբ կա 110 հազար դրամ, որը նա հրաժարվում է ստանալ, պատճառաբանելով՝ վճարել հունվարից ավելացած գումարը նույնպես (դատախազների աշխատավարձի բարձրացման հետ կապված)», հայտարարեց փաստաբանը եւ նշեց նաեւ դրան հետեւած ռեպլիկի մասին. «Այսքան գումար է ստացել, հետո էլ ասում է՝ կոշիկներս ծակ են»։ Փաստաբանը քննադատեց իր հարազատ միության նախագահին, որը «պայմաններ չի ստեղծում իր միության անդամների մասնագիտական գործունեության իրականացման, նրանց իրավունքների պաշտպանության համար», «չլինելով գործով դատավարության մասնակից, դատարանին տվել է բացահայտ կեղծ ինֆորմացիա»։ Փաստաբանը հայտնեց, որ միությունն իրեն 2 անգամ է վճարել՝ 15.08.01թ.՝ 75 հազար դրամ եւ 21.12.01թ.՝ 273.000 դրամ։ «Այնպես որ, ափաշկարա ստում է Մ. Փիլիպոսյանը», հայտարարեց փաստաբանը միությունից իրեն արտաքսելու ճանապարհ բացելու հայտ ներկայացնելով։ «Ոչ ոք չի կարող ինձ ստիպել անվճար աշխատել», շարունակում էր իրավացիորեն պնդել պաշտպանը։ Ինչ վերաբերում է ռեպլիկին, Ա. Աթաբեկյանը հիշեցրեց, որ «կոշիկներս ծակ են» արտահայտություն-բանահյուսական գոհարի հեղինակը պետպատվերի կարգով այս գործում ներգրավված մեկ այլ փաստաբան՝ Բ. Մինասյանն է (դարձյալ ՀՀ ՓՄ-ից)։ Տեղի տվեց եւ դատավոր Ս. Ուզունյանը, փաստաբանին հիշեցնելով, որ «թեւավոր խոսքերը ես չեմ ասել ծակ կոշիկի, սոված փորի, գլադիատորի մասին»։ Ա. Աթաբեկյանին մնում էր վերջին շնչում ասել, որ իր կոշիկները երբեք ծակ չեն եղել… Սակայն ի՞նչն է այստեղ գլխավորը. որ նման հնչեղության քրգործով, եթե պաշտպանների իրավունքները չեն պաշտպանվում, ապա մյուս գործերում ներգրավված փաստաբաններինը բանի տեղ չեն դրվի ու չեն դրվի։ Եթե պետությունը չի կարողանում պետպատվերի կարգով փաստաբաններ պահել, ապա թող հրաժարվի «անվճար, պետպատվերի կարգով» վերամբարձ արտահայտությունից։ Թող փաստաբանները գործեն հավասար դաշտում եւ կեղծ ստատուս նրանց չվերագրվի։ Ժողովուրդը լավ գիտի, որ Հայաստանում բարեւից մինչեւ ցտեսություն փող արժե։ Չե՞ք հավատում, դիմեք դրսից ֆինանսավորվող հայրենի իշխանություններին։ Նրանք նույնպես գործում են «պետպատվերի» կարգով։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ