ՆԱԽԱԴԵՊ ՄԻ՛ ՍՏԵՂԾԵՔ Ի՞նչ են մտածում «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծվածի մասին Հռիփսիմե Սիմոնյան. արվեստաբան- ««Ա1+»-ը այլ հայացք է, այլ անկյունով է նայում երկրում կատարվող իրադարձություններին։ Ինձ թվում է, որ այդ մրցույթում ամեն ինչ կարվի, որ «Ա1+»-ը զրկվի եթերից, որը ցույց կտա իշխանությունների անհանդուրժողականությունն այլ հայացքի, այլ կարծիքի նկատմամբ, ինչը գավառամտության արդյունք է։ Եվ դեռ այդ պայմաններում իրենց Եվրախորհրդի անդամ են կարծում։ Կարո Աղաջանյան. «Ընտանեկան փաստաբան» հաղորդաշարի պատասխանատու – Ես ընդհանրապես դեմ եմ նման մոտեցմանը, քանի որ հեռուստատեսությունը հենց գործում է հասարակության համար եւ պետք է ծառայի հասարակության պահանջների բավարարմանը։ Ու, կարծում եմ, այս կամ այն հեռուստաընկերության գործունեությունը (հետագայում) պետք է լուծվի հասարակական հարցումի միջոցով։ Հասարակությունը պետք է գնահատի տվյալ հեռուստատեսության անհրաժեշտ լինելը։ Նորա Հակոբյան. Կանանց հանրապետական խորհրդի նախագահ – Հասարակական կազմակերպությունների կայացման օդը, ջուրը, շնչառությունը ազատ մամուլն է։ «Ա1+»-ը հեռուստաընկերությունների շարքում շատ կարեւոր դերակատարում ունի։ Կանանց հանրապետական խորհրդի նախագահությունը մեծ անհանգստությամբ է հետեւում այս հեռուստաընկերության շուրջ ծավալվող գործընթացներին։ Մենք համոզված ենք, որ «Ա1+»-ի աշխատանքների կասեցումը մեծապես ոչ բարենպաստ, դեռ ավելին, անկանխատեսելի իրավիճակ կարող է ստեղծել իշխանությունների համար։ Անձամբ ես ոչ բոլոր դեպքերում եմ կիսում «Ա1+»-ի տեսակետները, մեկնաբանությունները։ Բայց անհրաժեշտ եմ համարում նրանց լսել այլ հեռուստաընկերությունների հետ համադրելով՝ ճշմարտությունն իմանալու համար։ Հիշենք Չեխիայում վերջերս տեղի ունեցած դեպքերը, երբ հարյուր-հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ի պաշտպանություն ազատ մամուլի։ Հակասություններով, հիասթափություններով լի մեր հասարակական կյանքում չստեղծենք նախադեպ։ Ճանապարհին կանգնելն ավելի լավ է, քան սխալ ճանապարհով մինչեւ վերջ գնալը։ Շուշանիկ Սահակյան. ԿՀԽ Աջափնյակի համանախագահ- Ինչո՞ւ շտապել մտածել, թե կա «Ա1+»-ը փակելու միտում։ Ցանկացած հեռուստաընկերություն պետք է առաջնորդվի պետության, հասարակության համար կարեւորություն ներկայացնող, արդեն հասունացած խնդիրների լուսաբանման ֆունկցիան իրականացնելու սկզբունքով։ Ըստ իս, «Ա1+»-ը դա անում է միանշանակ օբյեկտիվ։ Այժմ Հայաստանում գոյություն ունեցող մյուս հեռուստաընկերությունների կողքին նա դիտվում է որպես կայացած եւ հասուն հեռուստաընկերություն։ «Ա1+»-ի չհեռարձակվելը կնշանակի ցամաքեցնել ինֆորմացիայի հիշյալ կարեւոր եւ ճշմարիտ աղբյուրը, որը մեծ դժգոհության տեղիք կտա հեռուստադիտող հասարակության շրջանում։ Արա Սաղաթելյան. արդարադատության նախարարության մամլո խոսնակ – Ես կողմնակից եմ բացասական (քննադատական) ինֆորմացիայի ելքի լեգալ աղբյուրների առկայությանը… Ռաֆիկ Մելքոնյան. իրավաբան- Ես «Ա1+» հեռուստատեսության եթերային գործունեության մշտական ունկնդիրներից եմ եւ այն կարծիքին եմ, որ այդ հեռուստաընկերությունը մշտապես գտնվում է մեր հանրապետության, հասարակական եւ քաղաքական ու այլ բնույթի անցուդարձի ուսումնասիրման, վերլուծման սուբյեկտիվ դիրքերում։ Նրա գործունեությունը կարեւորում եմ այդ անցուդարձին հասարակությանը ժամանակին իրազեկ դարձնելու եւ դրանով իսկ համահասարակական մեծ դեր կատարելով։ Եթե «Ա1+»-ը եթերաժամից դուրս գա, անշուշտ, հիշյալ դերն ու նշանակությունն ունեցող հեռուստաընկերության պակասը կզգացվի։ Պուշկին Սերոբյան. «Օգոստոսի 23» իրավապաշտան կազմակերպության նախագահ – Եթե ազնիվ աճուրդ է տեղի ունենում, եթե խաղի կանոնները պահպանվում են՝ լավ է։ Եթե չկա միտում, ողջունելի կլիներ։ Իմ կարծիքով «Ա1+»-ը կայացած էր եւ լրատվությունը, որպես կանոն, ստանում եմ «Ա1+»-ի «Այբ- Ֆե»-ից։ Ցանկացած իրավունքի խախտման դեպքում կլինեմ «Ա1+»-ի կողքին։ Շալիկո Դարբինյան. Հայաստանի փաստաբանների միության անդամ – Իմ գնահատմամբ «Ա1+»-ը ամենաօբյեկտիվ հեռուստաընկերությունն է, որը օպերատիվ տեղեկություններ է հաղորդում մեզ։ Լսում եմ ամեն օր «Հ. Գ.»-ն, «Մամուլի տեսությունն» ու «Այբ-ֆեն»։ Կարծում եմ, մրցույթում հաղթելու համար թիվ մեկ նախապայմանը պետք է լինի հեռուստաընկերության անցած ուղին։ Սերգեյ Պողոսյան. իրավաբան – Իմ կարծիքով «Ա1+» հեռուստաընկերությունը կայացած հեռուստաընկերություն է եւ նման հեռուստաընկերություն ունենալը պետության հետագա զարգացման համար անհրաժեշտություն է՝ խոսքի ազատության առումով։ Թեւոս Ներսիսյան. «Խոսք եւ իրավունք» իրավական հասարակական կազմակերպության նախագահ – Դա իրոք խոսքի ազատությունը փակելու ձեւ է։ Եթե մրցույթն արդարացի է, պետք է նաեւ հասարակության կարծիքը հաշվի առնվեր։ Եթե իրոք հայտ ներկայացրածներից որեւէ մեկը հաղթի եւ լրագրողներն էլ տեսնեն, որ մրցույթը թափանցիկ է, նրանք համոզված կլինեն, որ դա մաքսիմալ արդարացի որոշում էր։ Հանձնաժողովը թափանցիկ չէ եւ լրագրողներն իրավունք ունեն ասելու, որ կատարվում է անարդարացին։ Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ