Մի խառնեք մեզ ձեր խաղերին «Շարմը» գոյություն ունի 1991 թվականից, որի ստեղծման հիմք է հանդիսացել Երեւանի պետական բժշկական ինստիտուտի ՈւՀԱ թիմի գործունեությունը: Վերջինս երկու անգամ՝ 1992 եւ 1994 թթ., հաղթող է ճանաչվել ՈւՀԱ միջազգային լիգայում: «Շարմ» ընկերության գործունեության հիմնական առանցքը շոու-բիզնեսն է՝ իր բոլոր դրսեւորումներով. այն է՝ գովազդների պատրաստում եւ տեղադրում հեռուստաալիքներով եւ տպագիր լրատվամիջոցներով, հեռուստածրագրերի եւ հաղորդումների ստեղծում, համերգների եւ մասսայական այլ միջոցառումների, հեղինակային երեկոների կազմակերպում, ինչպես նաեւ՝ պրոդյուսերական գործունեություն: «Շարմ»-ում ընդգրկված են հեռուստատեսային եւ շոու-բիզնեսի ոլորտի տասնյակ պրոֆեսիոնալ մասնագետներ, բացի այդ` մենք մեր գործունեության ողջ ընթացքում համագործակցել ենք բոլոր հեռուստաընկերությունների, մշակութային, շոու-բիզնեսով զբաղվող, գովազդային կազմակերպությունների հետ: «Շարմ»-ի գործունեության ընթացքում պատրաստած ծրագրերը, սոցիալական եւ գովազդային տեսահոլովակները, տեսաֆիլմերը, այսինքն՝ ողջ արտադրանքը, բազմիցս ցուցադրվել է հայկական եւ ռուսական գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Ունենալով ստեղծագործական մեծ պոտենցիալ, ծրագրեր, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, բնականաբար, իբրեւ «Շարմ»-ի գործունեության բնական զարգացում, մեր նպատակն է եղել՝ ունենալ սեփական հեռուստաալիք, որը ոչ միայն կցուցադրի մեր պատրաստած հեռուստատեսային եւ շոու արտադրանքը, այլեւ կընդլայնի մեր ընկերության գործունեության շրջանակներն ու ուժերը: Հիշեցնենք, որ «Շարմ»-ը կոմերցիոն ընկերություն է եւ ունի իր գործարար շահերը: 2002 թ. փետրվարից տեղեկացանք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում կայացրեց Երեւանի դեցիմետրային հեռուստաալիքներով հեռարձակման համար մրցույթ հայտարարել, որի համար, բնականաբար, «Շարմ»-ը նույնպես մրցույթի մասնակցության հայտ ներկայացրեց: Հայտերի ընդունման օրից մրցույթը քաղաքականացվեց: Շատ բարձր գնահատելով «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, իբրեւ հեռուստաընկերություն, սակայն մենք եւ «Ա1+»-ն այս պահին դարձել ենք մրցակիցներ: Իբրեւ կոմերցիոն ընկերություն՝ մենք միշտ զերծ ենք մնացել քաղաքական իրարանցումներից եւ այժմ էլ մենք «Ա1+» հեռուստաընկերության հետ մրցակցությունը դիտում ենք զուտ իբրեւ ստեղծագործական եւ կոմերցիոն մրցակցություն: Ցավալիորեն այսօր ե՛ւ քաղաքական իշխանությունների, ե՛ւ ընդդիմության առանձին գործիչներ ու կուսակցություններ փորձում են այս մրցույթին եւ հատկապես մեր մասնակցությանը քաղաքական երանգներ տալ: Ուզում ենք շեշտել եւ պահանջել որպեսզի մեր մասնակցությունը դիտվի զուտ իբրեւ կոմերցիոն, շոու-բիզնեսի ոլորտում գոյություն ունեցող ընկերության ծրագիր եւ չքաղաքականացվի: Թող մեզ ո՛չ ներկայիս իշխանությունները, ո՛չ ներկայիս քաղաքական ընդդիմությունը զենք չդարձնեն իրենց քաղաքական խաղերի համար եւ չփորձեն քաղաքական «աչոկներ» հավաքել՝ մեր ընկերությունը այս կամ այն պաշտոնյայի կամ կուսակցության անվան հետ կապելով: Մենք անկախ ընկերություն եղել ենք եւ կանք արդեն 10 տարի, եւ ընդամենն ուզում ենք իբրեւ մեր ստեղծագործական ծրագրերի շարունակություն ստեղծել եւ ունենալ մեր հեռուստաընկերությունը, որը հետաքրքիր կլինի ցանկացած այն հեռուստադիտողին, որը քաղաքականությունից բացի նաեւ այլ հետաքրքիր հեռուստահաղորդումներ կցանկանա դիտել: Տաս տարվա մեր գործունեության ընթացքում (որն արտահայտվել է մեր բոլոր ստեղծագործական ծրագրերում) մենք երբեք քաղաքականացված չենք եղել, բայց եւ միշտ հուզել են այսօրվա թե՛ մշակութային, թե՛ քաղաքական, հասարակական, երիտասարդական պրոբլեմները, մեր քաղաքի, քաղաքացու խնդիրները: Մենք բոլորս ապրում ենք այս երկրի, քաղաքի մեջ եւ բոլոր այդ պրոբլեմները մեզ էլ են հուզում, այսինքն այդ ամենը բնականաբար արտացոլվում է մրցույթին ներկայացված մեր ծրագրում: Եթե մենք ընդդիմության կողմը չենք, ապա դա չի նշանակում, որ մենք այս իշխանություններին կողմ ենք, եւ չի նշանակում, թե դեմ ենք դեմոկրատիային, խոսքի ազատությանը: Եվս մեկ անգամ կրկնենք, որ «Շարմ»-ը միշտ եղել եւ մնում է պետականության կողմնակից. իսկ պետականության կողմնակից՝ չի նշանակում այն կամ այս կամ որեւէ այլ իշխանության կողմնակից, իշխանամետ: «Շարմ»-ի հիմնադիր կազմը եւ նրանում ընդգրկված բոլոր մարդիկ այս իրականության մեջ են ապրում, այնպես որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները մեզ համար երբեք «իդեալ» չեն հանդիսացել եւ չեն էլ կարող հանդիսանալ: Այս խաղերը երբեք մերը չեն եղել եւ չեն էլ կարող մերը լինել, եւ մեր նպատակն է՝ իբրեւ կոմերցիոն, շոու-բիզնեսով, հեռուստածրագրերով զբաղվող ընկերություն, ստեղծել այնպիսի հեռուստաընկերություն, որը հետաքրքիր կլինի եւ ավելի պրոֆեսիոնալ, որը իր հեռուստադիտողին կներկայացնի այսօրվա բոլոր հուզող պրոբլեմները, նաեւ եղած դրական երեւույթները: ՇԱՐՄ ընկերություն