Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ

Մարտ 27,2002 00:00

ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո, ես կասեի՝ սիրելի նախագահ։ Ճիշտ է, կարող է տպավորություն ստեղծվել, թե «խաբարբզիկությամբ» եմ զբաղվում, բայց սույն բաց նամակով կատարում եմ իմ քաղաքացիական եւ լրագրողական պարտքը։ Խնդիրն այն է, որ լրջորեն անհանգստացած եմ Ձեր միջազգային վարկով, մեղքս ինչ թաքցնեմ, 1998-ի Ձեր ընտրողն եմ։ Բոլորս ենք հիշում, թե ինչ շուքով մեր մեծահարուստ հայրենակից Քըրք Քըրքորյանը միլիոններ հատկացրեց Հայաստանում որոշ բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում՝ 10 մլն դոլար, հետագայում եւս 10 մլն դոլար (ընդհանուր՝ 20 մլն) փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակով։ Բոլորս ենք հիշում նաեւ, որ Ձեր աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը հայտնեց, որ այդ գումարները Քըրք Քըրքորյանը հատկացրեց՝ վստահելով Ռոբերտ Քոչարյանին։ Հասկանալի է, որ մեծանում է Ձեր պատասխանատվությունը։ Մինչդեռ, այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի բանկային համակարգում, սպառնում է առնվազն սասանել միջազգային բարձր մակարդակում Ձեր նկատմամբ եղած վստահությունը։ Միանգամից ասեմ, Լինսի հիմնադրամի վարկային ծրագրում ընդգրկված են նաեւ բանկեր, որոնք այսօր խնամակալության տակ են։ Իսկ Հայաստանում, ինչպես պարզվել է, բանկերը խնամակալության տակ են հայտնվում, երբ արդեն լուրջ, սեփական ակտիվներով «չմարելի» պարտավորությունների տակ են հայտնվում։ Լինսի հիմնադրամի վարկային համաձայնագրի շրջանակներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից 13 բանկերից առնվազն երեքում՝ «Արդշինբանկ», «Կրեդիտ-Երեւան» եւ «Կրեդիտ-սերվիս» բանկերում լուրջ խնդիրներ կան։ Եվ եթե առաջին երկուսում Կենտրոնական բանկը փորձում է հարթել դրանք, ապա, այսպես ասած, դիտորդների գնահատմամբ, «Կրեդիտ-սերվիսի» հետքն անգամ չի երեւում եւ այս բանկն այժմ «անհասանելի» է անգամ իր ավանդատուների համար։ «Առավոտի» հարցմանն ի պատասխան, արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնից ներկայացվել է վարկային ծրագրում ընդգրկված բանկերի ոչ ամբողջական ցանկը։ Ցանկում բացակայում է «Տրաստ» բանկի անունը։ Մինչդեռ «Առավոտին» հայտնի է, որ այս բանկը նույնպես վարկավորվել է Լինսի ծրագրով, հայտնի է նաեւ վարկի չափը, որը բաց նամակում չենք հայտնում, բանկային գաղտնիք չհրապարակելու համար։ Հայտնի են նաեւ այն տնտեսվարող սուբյեկտները (դրանք երկուսն են), որոնց «Տրաստ» բանկը վարկավորել է Լինսի վարկային ծրագրի շրջանակներում։ Այս տեղեկություններն, իհարկե, պատրաստ ենք տրամադրել Ձեր կողմից հետաքրքրություն ցուցաբերելու դեպքում։ Այդ վարկերի անցած հետագա ճանապարհի մասին հիմա չասենք, քանզի առավել հետաքրքիր է այն, թե երբ է «Տրաստ» բանկը Լինսի ծրագրով վարկավորվել. այն ժամանակ, երբ արդեն լուրջ խնդիրներ ուներ։ Այս մասին ապացույց կա։ Դառնալով մյուս բանկերին, նկատենք, որ մասնագետների գնահատմամբ, դեռեւս չի կարելի վերջնականապես լուծված համարել ոչ «Արդշինբանկի», ոչ «Կրեդիտ-Երեւանի» խնդիրը, չնայած Կենտրոնական բանկը post factum միջոցներ էր ձեռնարկել։ Ինչ վերաբերում է «Կրեդիտ-սերվիսին», ապա, ինչպես հայտնի է, ԿԲ-ն նույնպիսի «անձնուրաց» քայլերի չի դիմել այս դեպքում։ Ուստիեւ, ինչպես այս, այնպես էլ «Տրաստ» բանկին տրված Լինսի վարկի վերադարձը կասկածի տակ է հայտնվում։ «Առավոտի» հարցին, թե ինչու է «Տրաստ» բանկը բացակայում ցանկից, արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը պատասխանեց, որ «Տրաստ» բանկը, ինչպես նաեւ «Միավորված» եւ «Լենդ» բանկերը ցանկից դուրս են մնացել խնդիրներ ունենալու պատճառով։ Իսկ նման դեպքերում «ծրագրի կառավարման կենտրոն-բանկ-վարկառու ձեռնարկություն» շղթայից դուրս է մնում բանկը եւ վարկառուն աշխատում է անմիջապես ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։ Ինչը նույնպես վարկի վերադարձելիության բացարձակ երաշիք չէ։ Միայն մեկ փաստ. «Առավոտի» տեղեկություններով, օրինակ, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան, միանգամայն կարգապահ կերպով մարել է իր վարկը «Տրաստին», որը, սակայն, Լինսիին չի վերադարձվել։ Իսկ «Հայք» կարի ֆաբրիկայի անունով ստացած վարկը ըստ սեփական ցանկության է օգտագործել նույն բանկը։ Իսկ եթե խնդիրներ ունեցող բանկերը հանվում են ցանկից, ապա ինչո՞ւ է «Կրեդիտ-սերվիսը» կամ այլ կասկածելի բանկեր դեռեւս այնտեղ։ Այսպիսով, բանկային համակարգի այս շիլաշփոթի մեջ թեեւ դժվար, բայց հնարավոր է հաշվել, թե Լինսիի գումարների որ մասն է «խորտակված»։ Սիրելի նախագահ, եթե Ձեզ կհետաքրքրի, թե ինչպես են ընտրվում բանկերը, այդ թվում կիսակործանված, որոնք ընդգրկվում են այսպիսի հեղինակավոր ծրագրերում, մեջբերենք համաձայնագրից. «ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջարկված բանկերի ցանկից ընտրում է (համապատասխան հանձնաժողովը- Ա.Ու.) մասնակից տեղական բանկերին»։ Հարգանքներով՝ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել