Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կենցաղային միջադեպ է»

Մարտ 27,2002 00:00

«Կենցաղային միջադեպ է» ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանին եւ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվածներ առայժմ չկան։ Երեկ տուժողները, մեր ունեցած տեղեկություններով, ցուցմունքներ են տվել նախաքննության մարմնին եւ ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Նշենք, որ նրանք չէին բողոքել՝ պահանջելով ոստիկանության՝ իրենց ծեծած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության, ըստ ամենայնի, չցանկանալով դատական քաշքշուկի մեջ ներքաշվել (մանավանդ, որ նման դեպքերում դա նաեւ անհեռանկար զբաղմունք է)։ Գուցե նաեւ ազդեցիկ է այն հանգամանքը, որ ամեն տղամարդու արժանապատվությունը չէ, որ կների՝ հաճույքով մանրամասներ պատմել, թե ինչպես են իրեն դաժանորեն ծեծել կամ ստորացրել։ Ե՛վ Ալեքսանդր Արզումանյանը, ե՛ւ Վահագն Հայոցյանն առայժմ չեն ցանկանում հարցազրույց տալ միջադեպի պատճառների եւ այլ հանգամանքների վերաբերյալ։ Թեեւ մեկնաբանության կարոտ բազմաթիվ հարցեր կան։ Ասենք, խոսվում է, թե «Հեյնեկեն» սրճարանի արտագերատեսչական բաժնի այդ աշխատակիցները (ըստ իրազեկների, նրանք ՆԳՆ Պահպանության վարչությունից են), այսուհանդերձ, տեղյակ են եղել (թեեւ հակառակ համոզումն էլ կա), որ ձեռք են բարձրացրել Կենտրոնի թաղապետարանի բաժիններից մեկի պետի եւ նախկին արտգործնախարարի վրա։ Վերջինս, ըստ որոշ լուրերի, միջադեպի ընթացքում մի քանի անգամ ահազանգել է նախագահի աշխատակազմի մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հայտնելով կատարվածի մասին, սակայն սա որեւէ կերպ չի անդրադարձել հետագայի վրա։ Սակայն ներկայացնենք այն մեկնաբանությունները, որ միջադեպի առնչությամբ արեց ՀՀՇ վարչության անդամ Տիգրան Հակոբյանը։ – Ձեր գնահատմամբ, սա կենցաղայի՞ն միջադեպ էր, թե՞… – Իմ կարծիքով՝ այո։ Կարելի է այստեղ խոսել այդ, այսպես կոչված, պահակախմբի լկտիության մասին։ Բայց դա կենցաղային միջադեպ էր։ – Ինչի՞ն է հաջորդել ծեծը։ Քանի որ շատերի տարակուսանքն էր հարուցել, թե հնարավոր է, որ նման վայրագ բռնություն կարող է հաջորդել ընդամենը «Որտե՞ղ է կանաչ սրահը» հարցին։ Ի՞նչ զրույց է եղել իրականում։ – Տղամարդիկ են, շատ հնարավոր է, որ լեզվակռիվ եղած լինի։ Դա նախ՝ որեւէ մեկին իրավունք չի տալիս մյուսին ծեծի ենթարկելու։ Երկրորդը. արդեն փորձում են (տուժողների համար՝ ծանրացուցիչ) տեսակետն արտահայտել, թե նրանք գինովցած են եղել։ Եվ այդ պատճառով են ՆԳՆ բաժանմունքում, մինչեւ բուժօգնություն ցուցաբերելը, ձգտել առաջին հերթին ստանալ նարկոլոգի եզրակացությունը։ Բայց պետք է նկատեմ, որ նրանք երկուսն էլ հետիոտն էին, մեքենա չէին վարել, որեւէ պատահար չի եղել հարբածության պատճառով։ Չեմ բացառում, որ նրանք միգուցե մի քանի բաժակ խմած լինեին։ Եթե դա հիմք համարենք ծեծի համար՝ ողջ Հայաստանը պիտի ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ։ Սա չի կարեւորը։ Դեպք է պատահել, մարդիկ ծեծվել են, եւ իրավապահ մարմինների խնդիրը պետք է լիներ բացահայտել կատարվածը եւ պատժել մեղավորներին։ Բայց որպես ականատես եմ ասում՝ ոստիկանությունում 3-4 ժամ թույլ չտվեցին, որպեսզի բուժօգնություն ցուցաբերվի տուժած մարդկանց։ Իսկ մանավանդ Վահագն Հայոցյանը շատ ծանր վիճակում էր եւ ի վերջո տեղափոխվեց վերակենդանացման բաժին։ Ուղեղի ցնցում է ստացել եւ մարմնական ծանր վնասվածքներ ունի։ Նույնը Ալեքսանդր Արզումանյանի պարագայում է։ Եվ այս պայմաններում այդ մարդկանց պարտադրելը, որ նախ ցուցմունք տան՝ մինչ այդ բժիշկներին մոտ չթողնելով, ինձ թվում է, սանձարձակություն է։ Մենք փորձեցինք պրն Արզումանյանին դուրս բերել եւ տանել հիվանդանոց, սակայն 10-15 ոստիկաններ նրան բռնությամբ դարձյալ ներս տարան։ Ըստ իրավաբանների՝ սա ապօրինություն է։ Խնդիրը սա է, ոչ թե միջադեպը։ Մենք չենք փորձելու կատարվածից քաղաքական շոու սարքել կամ ինչ-որ դիվիդենտներ շահել դրանից։ Խնդիրն իրավապահ մարմինների գործունեության գնահատմանն է վերաբերում։ Բացի այդ՝ չեմ կարող զուգահեռ չանցկացնել «Առագաստ» սրճարանում սպանության հետ։ Փաստորեն, եթե նման բաները հանգիստ մարսվում են հասարակության կողմից, իրավապահ մարմինները՝ ջարդողներն ու ծեծողներն ավելի սանձարձակ են դառնում՝ գտնելով, թե իրենք պաշտպանված են իշխանությունների կողմից, այլ ոչ թե օրենքի։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել