Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՛Չ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Մարտ 27,2002 00:00

Ո՛Չ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ Պատերազմը հայտարարված է, մարտահրավերն՝ ընդունված Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ հերթական հավաքը՝ ընդդեմ կառավարության ներկայացրած «Մամուլի մասին» օրենքի նախագծի։ Հանդիպման մասնակիցներն ընդունեցին հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Փետրվարի 15-ի ՄԱԱ-ի ընդունած հայտարարությունն ընդգծում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծը մամուլի նկատմամբ պետական վերահսկողության եւ երկրում գրաքննություն սահմանելու անթաքույց փորձ է։ Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն մեր այդօրինակ պահանջը անտեսվեց, փոխարենը՝ բարեփոխումների անվան տակ հրամցվում է գրաքննության գաղափարախոսությունը պահպանող նույնանման օրինագիծը։ Իշխանությունների տարաբնույթ հայտարարությունները մեզ ավելի են համոզում, որ հիշյալ նախագծի հայտնությունը բնավ էլ պատահական չէ, այն պարտադրված է ընտրությունների նախաշեմին եւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման այս վճռորոշ հանգրվանում։ Անընդունելի ենք համարում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը 1991 թ. «Մամուլի եւ լրատվության այլ միջոցների մասին» օրենքի համեմատ նվազեցնում է ԶԼՄ-ների հնարավորությունը եւ սահմանափակում նրանց ուշադրության աստիճանը»։ Հավաքի մասնակիցները պնդեցին կառավարություն ներկայացրած նախագիծը շրջանառությունից հանելու պահանջը։ Նախորդ հավաքից երեկվանը տարբերվում էր նրանով, որ հրավիրված էին, բայց չէին մասնակցում «Ազգ» եւ «Երկիր» թերթերի խմբագիրները, ներկա չէին նաեւ «ՀՀ»-ի եւ ՀԱԱ-ի ներկայացուցիչները, փոխարենը՝ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների նախագահներն էին եկել՝ հանձինս Շավարշ Քոչարյանի եւ Վիկտոր Դալլաքյանի, նաեւ՝ պատգամավոր Ստեփան Զաքարյանը, ՀԴԿ նախագահը, «ԱՄ» փոխնախագահը, «Նոյյան Տապանի» պաշտպանության կազմակերպության ղեկավարը եւ «Արմատ»-ի ներկայացուցիչը։ Թեպետ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին «մանդատավոր առարկաներ» էր անվանում, ներկաները դրանից չէին վիրավորվում, քանի որ վստահ էին՝ խոսքն իրենց մասին չէ, այլ՝ «մանդատավոր առարկաների»։ Ինչեւէ, Շավարշ Քոչարյանը, Ստեփան Զաքարյանը եւ Վիկտոր Դալլաքյանը վերջինիս առաջարկով որոշեցին հանդիպել լրագրողների հետ, հրավիրել նաեւ արդարադատության փոխնախարարին եւ կոնկրետացնել անելիքը։ Մինչ այդ եղան տարբեր կալիբրի ելույթներ։ «ԱՄ»-ի երիտասարդական թեւն, օրինակ, հայտարարություն արեց այն մասին, որ ապրիլի 11-ին երթ է կազմակերպելու՝ պահանջելով Քոչարյանի հրաժարականը, նաեւ՝ ազատ խոսքի իրավունք՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի։ Նույն կուսակցության մեծական թեւն ամեն ինչում մեղադրեց Քոչարյանին եւ նրա վարչախմբին։ Ըստ Կորյուն Առաքելյանի, քաղաքական կուսակցությունների հախից վաղուց են եկել, հիմա էլ հերթը հասել է ԶԼՄ-ներին։ «ԱՄ»-ն կրկին հայտարարեց, որ դատապարտում է «Ա1+»-ի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ պահանջում է այս հեռուստաընկերության շահերի պահպանում։ «Նոյյան Տապան» հեռուստաընկերության պաշտպանության կազմակերպության կարծիքով՝ «Քոչարյանին պետք է դատել, նա հանցագործ է։ Նա հանցագործ ճանապարհով իշխանությունը զավթել է»։ Այստեղ մյուս Քոչարյանի՝ Շավարշի, նյարդերը տեղի տվեցին. «Կներեք, չի՞ կարելի անունն էլ ասեք, թե չէ…»։ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ կառավարությունում հետեւողական տրամադրվածություն կա՝ հրամցնել հակաժողովրդական օրենք։ ՀԴԿ-ի նախագահ Արամ Սարգսյանին այլեւս զարմանալի չի թվում, որ փորձ է արվում փակել «Ա1+»-ը, զարմանալի չի թվում, որ բոլոր հեռուստաընկերությունները հանել են իրենց քաղաքական հաղորդումները. «որովհետեւ վախի մթնոլորտ է ստեղծված երկրում, եւ այդ մթնոլորտը ճնշում է բոլորին»։ Այս իրավիճակի դեմ չի կարելի ուղղակի իրավիճակային պայքար մղել. «Հասարակությունը կամ կհասկանա, որ սա ընդհանուր խնդիր է եւ պետք է միասնական լինել, կամ բոլորս պարտվելու ենք»։ Վիկտոր Դալլաքյանն օրենքի նախագիծը գնահատեց որպես օրենք ՀՀ-ում գրաքննություն անցկացնելու մասին։ Ստեփան Զաքարյանն այն կարծիքին էր, որ եթե նախագահը եւ իշխանությունները պատրաստ են խախտելու եւ խախտում են նույնիսկ երկրի Գլխավոր օրենքը, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը. «Այս առումով ուշացել են թե՛ քաղաքական ուժերը, թե՛ լրատվամիջոցները։ Մենք պիտի մեր ձայնը բարձրացնեինք «Նոյյան Տապան»-ի փակման ժամանակ, պիտի աշխատենք, որ հասարակությունն իսկապես ակտիվանա։ Եթե դա չեղավ, այս իշխանությունը, ապօրինի իշխանությունը պատրաստ է ցանկացած օրենք խախտել»։ «Արմատ» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Սեդրակյանի ներկայացմամբ. «Այս ամենը մի շղթայի օղակ է։ Ե՛վ «Նոյյան Տապանի» փակման խնդիրը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ե՛ւ «Ա1+»-ի հետ կատարվածը կազմակերպված է ներկա վարչախմբի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»։ Տիգրան Սեդրակյանը հարկ համարեց շեշտել, որ «Ա1+»-ն ընդդիմադիր հեռուստաընկերություն չէ, այն պարզապես անկախ հեռուստաընկերություն է. «Այս հեռուստաընկերությունում ուղղակի հարգվում է ազատ խոսքի իրավունքը, եւ հեռուստալրագրողները կարողանում են ներկայացնել այն սուր հարցադրումները, որոնք բացակայում են մյուս հեռուստաընկերություններում»։ Մեր հերթին ցավով արձանագրենք, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ անկախությունը որպես հոմանիշ է ընկալվում ընդդիմությանը, իսկ ստորաքարշությունն ու քծնանքը՝ որպես պետականամետություն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» միանում է կառավարության նախագծի դեմ հայտարարված պատերազմին եւ պատրաստ է կռվել մինչեւ վերջ։ Պատերազմում՝ ինչպես պատերազմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել