Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Մարտ 27,2002 00:00

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ Այն ավելի քան մտահոգիչ է Դեռ անցյալ տարեվերջին հայտնի դարձավ, որ «27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի պաշտպան, ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւը ստացել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործությունը պատկերող եւ այսօր գործի նյութերում՝ իբրեւ իրեղեն ապացույց առկա տեսագրության փորձաքննության մասնագիտական եզրակացությունը: Կասկածներին ու փաստաբանի՝ տեսաերիզը փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին միջնորդության ավելի քան ծանրակշիռ հիմնավորումներին մենք արդեն անդրադարձել ենք: Հիշեցնենք միայն, որ Օ.Յունոշեւը այդ տեսագրության մեջ կողմնակի միջամտության մասին հրապարակային կասկածներ էր հայտնել: Ու միայն այն բանից հետո, երբ քրգործով դատավոր Ս.Ուզունյանը մերժել էր Օ.Յունոշեւի հիշյալ միջնորդությունը, վերջինս որոշում էր կայացրել՝ այդ տեսագրությունը մասնագիտական փորձաքննության ուղարկել Մոսկվա՝ ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոնին: Օրերս «27»-ի դատաքննության ժամանակ դատավորը հրաժարվել էր հրապարակել ստացված եզրակացությունը, որը բավական մտահոգիչ պետք է լինի գործը վարած նախաքննական մարմնի ու դատաքննության համար: Որոշվել էր այն կցել քրգործին: Իսկ ըստ տեսագրության փորձագիտական եզրակացության, որը ստորագրել է ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոնի գիտաշխատող, գիտությունների թեկնածու, օպերատիվ-հետախուզական գործերով դատական փորձագետ եւ այդ ոլորտում 20 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող գնդապետ Ե.Գալյաշինան, ըստ էության, չի բացառվել խնդրո առարկա տեսագրության մեջ կողմնակի միջամտության հնարավորությունը: Եթե փորձենք այդ եզրակացությունը սեղմ ներկայացնել, ապա կստացվի, որ տեսագրության մեջ տարբեր տեսաշարեր կարող էին որոշակի կարգով կապակցված լինել տարբեր տեսախցիկներով արված նկարահանումների մոնտաժման ընթացքում: «Դա հնարավոր էր անել տեսամոնտաժային հեռակառավարիչի միջոցով՝ ինչպես բնօրինակի ձայնագրության, այնպես էլ՝ վերաձայնագրման ընթացքում»,- նշված է եզրակացության մեջ: Տեսագրության մեջ արձանագրված տեսա եւ ձայնային ազդանշանների փոփոխությունները, աղավաղումներն ու տատանումները կարող էին լինել վերաձայնագրման արդյունք: Եզրակացության համաձայն՝ ներկայացված ձայնագրության մեջ պատկերների եւ ձայնային ազդանշանի աղավաղումները կարող էին տեսագրության մեջ ներմուծված լինել վերաձայնագրումից ինչպես առաջ, այնպես էլ՝ դրանից հետո: «Ներկայացված ձայնագրության կրկնօրինակի հետազոտությունների արդյունքում չի կարելի բացառել ձայնագրության՝ տեսամոնտաժային սարքավորման վրա պատրաստված լինելու հնարավորությունը՝ ինչպես ամբողջովին, այնպես էլ՝ հատվածաբար, այդ թվում՝ տեսա եւ ձայնային ազդանշանների առանձին մոնտաժման միջոցով»: Փորձաքննության արդյունքում արձանագրվել է պատկերի ազդանշանի պարամետրերի փոփոխություն: Եզրակացության մեջ մեկ վերապահում կա. քանի որ փորձաքննության ներկայացված տեսագրությունը բնօրինակը չէ, ուստի դրա՝ կողմնակի միջամտության ենթարկված լինելու մասին ավելի ճշգրիտ եզրակացության հանգելու համար հարկ կա հետազոտել տեսագրության բնօրինակը: Մինդեռ դատարանը՝ տուժողների փաստաբաններ Ռ. Սահակյանի եւ Ջանոյանների ջանքերի շնորհիվ, աննպատակահարմար էր համարել տեսագրությունը ոչ միայն փորձաքննության ենթարկելը, այլեւ՝ բնօրինակը Մոսկվայում փորձաքննության ենթարկելու Օ.Յունոշեւի նախաձեռնությունը: Վերջինս մտադիր է պնդել ոչ միայն իր այդ, այլեւ՝ Ե.Գալյաշինային, այնուամենայնիվ, դատական պրոցեսում որպես փորձագետ ընդգրկելու միջնորդությունը: Ի դեպ, հիշյալ տեսաերիզը նախաքննության կողմից առգրավվել է դեպքից 4 օր անց՝ 99-ի հոկտեմբերի 31-ին: «Թե որտե՞ղ, ի՞նչ պայմաններում կամ հանգամանքներում է պահվել այն՝ հայտնի չէ: Դրա մասին որեւէ տեղեկություն կամ արձանագրություն գործում չկա: Այդ ընթացքում Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տ.Նաղդալյանը տեսագրությունն իր նախաձեռնությամբ վերաձայնագրել է: Ի՞նչ հիմքով է նա այդ արել, կամ նախաքննական մարմինն այդ տեսաերիզն ի՞նչ հիմքով է իրեղեն ապացույց ճանաչել՝ պարզ չէ: Կամ ինչո՞ւ է առհասարակ այն առգրավվել դեպքից միայն 4 օր անց եւ ինչո՞վ է բացատրվում միայն 2000-ի հուլիսի 9-ին դրա կցումը քրգործին՝ եւս հայտնի չէ»,- նկատեց փաստաբան Յունոշեւը: Ի դեպ, փաստաբանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ գործի նյութերում տեսաերիզի առգրավման մասին արձանագրության մեջ նշված է, որ առգրավվել են «Super VHS» եւ «TDK» տեսաերիզներ, մինչդեռ գործին կցված տեսաերիզներից մեկը «TDK VHS» է, ավելացել է նաեւ «MAXELL» տեսաերիզ, որն առգրավման արձանագրության մեջ չի եղել: «Ի՞նչ հիմքով է այն կցվել գործին, առավել եւս, որ որեւէ տեղեկություն չկա, թե «MAXELL»-ը «VHS»-ի կրկնօրինակն է»,- արձանագրեց Օ.Յունոշեւը: Զինդատախազությունը, այնուամենայնիվ, եզրակացրել է, որ իրեղեն ապացույց հանդիսացող տեսաերիզը պետք է փորձագիտական հետազոտման ենթարկվի անջատված մասով: Լրագրողների այն հարցին, թե իր կարծիքով դա նախաքննական մարմնի գրագրության թերությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է, Օ.Յունոշեւը պատասխանեց, թե նաեւ դա հստակեցնելու համար էր, որ պահանջում է դատարանի որոշմամբ գործին կցված տեսագրությունները փորձաքննության ենթարկել եւ դրա եզրակացությունն օրինականացնել, թեեւ եղածն էլ դրա համար բավարար հիմքեր ունի: Իսկ տեսաերիզի մութ ու կեղտոտ պատմությանը մենք դեռ կանդրադառնանք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել