Կիներուց Պաղտիկը կվախնար «Արհեստական չէ՞ կանանց համար խորհրդարանում քվոտաներ պահանջելը»,- հարցրել են հայ տղամարդիկ Սոցինտերնի կանանց կազմակերպության գլխավոր քարտուղար Մառլեն Հաասին։ «Իսկ արհեստական չէ՞, որ 97%-ով տղամարդկանցից կազմված խորհրդարանը ղեկավարում է մի հասարակություն, որի կեսից ավելին կանայք են»,- պատասխանել է տիկին Հաասը։ Տիկինը Հայաստանում եւ մասնավորապես ՀՅԴ-ում, որի հրավերով է այստեղ, տեսել է կանացի շատ մեծ պոտենցիալ, որը «այս պահին կորած է»։ Որպեսզի այդ պոտենցիալը չկորչի, Սոցինտերնը, ի դեմս տիկին Հաասի, պնդում է կանանց ընտրական քվոտաները մեծացնելու մեջ։ ՀՅԴ տարբեր կառույցների եւ հատկապես խորհրդարանական խմբակցության հետ հանդիպումներին զրույցները մեծ մասամբ այս թեմայով են եղել։ Կուսակցության ղեկավարության հետ քննարկվել են կուսակցության ներսում կանանց հատուկ կառույց ստեղծելու եւ գալիք ընտրություններին կանանց համար քվոտաները շատացնելու հարցերը։ Ընդունելով հանդերձ հայ հասարակության ավանդապահ լինելը, տիկին Հաասը գտնում է, որ կինը պետք է ընտրության հնարավորություն ունենա՝ քաղաքական գործիչ կամ տնային տնտեսուհի լինելու։ «Ինչպիսի՞ն է կանանց վիճակը ՀՅԴ-ում ձեր դիտարկմամբ»՝ «Առավոտի» հարցին տիկին Հաասը պատասխանեց, որ Դաշնակցության երիտասարդական թեւի հետ հանդիպմանը իրեն հաճելի էր տեսնել երիտասարդ կանանց ակտիվությունը։ «Նրանք սեփական կարծիքն ունեին, ինչպես փոխել կանանց վիճակը կուսակցությունում»։ Ինքը՝ տիկինը, շատ մեծ կարծիք ուներ ՀՅԴ տարբեր կառույցների, մասնավորապես Հայ օգնության միության գործունեության մասին։ Այնքան մեծ, որ չվարանեց ասելու. «Եթե ՀՕՄ-ը դադարի գոյություն ունենալ, Հայաստանի տնտեսությունը կփլվի»։ Թե ինչ եւ ինչպես են ներկայացրել դաշնակ ընկերները Մառլեն Հաասին, իրենք կիմանան։ Ասուլիսին ներկա Ալվարդ Պետրոսյանը փորձեց բացատրել, թե ինչն էր հիմք հանդիսացել տիկնոջ նման եզրակացության համար։ ՀՕՄ-ի «Որբախնամ» ծրագիրն ընդգրկում է 4500 որբի՝ Հայաստանում եւ 2000-ի՝ Ղարաբաղում։ Կազմակերպիչներն այն ծնողազուրկ երեխաների համար այստեղ տարվող ծրագրերից ամենախոշորն են համարում, որի ընդհատումը պիտի որ նշանակալից ազդեցություն ունենա այդ ասպարեզում։ Սոցինտերնի կանանց կազմակերպության գլխավոր քարտուղարը զարմացած ու հիացած էր, թե ինչպես են այստեղ կամավորներն անում մի աշխատանք, որի համար Արեւմտյան Եվրոպայում շատ բարձր կվարձատրվեին. «Եթե կամավորական աշխատանքների համար Նոբելյան մրցանակ լիներ, նրանք անպայման կարժանանային այդ մրցանակին»։ Իհարկե՝ եթե տիկին Հաասը հասցներ ծանոթանալ ողջ հայաստանցի հասարակության աշխատանքային գործունեությանը, կարծում ենք, Նոբելյան մրցանակի հավակնորդ բոլորին կհամարեր։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ