ԳՈՐԾ ԱՐՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՏ ԵՆ Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որը նվիրված էր օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին։ Ըստ քաշային կարգերի տարիքային այս խմբում հանրապետության չեմպիոն դարձան Արմեն Գրիգորյանը (45 կգ), Էրիկ Սահակյանը (48), Գաբրիել Տոլմաջյանը (51), Էդգար Մանուկյանը (54), Նարեկ Վարդանյանը (57), Արթուր Քալանթարյանը (60), Սուրեն Հովհաննիսյանը (63), Սամվել Մաթեւոսյանը (67), Վարդան Քասպարյանը (71), Արմենակ Հովհաննիսյանը (75), Արա Դեղոյանը (81), Լեւոն Ֆյոդորովը (91), Գոռ Դավթյանը (+91)։ Առաջնության ավարտին զրուցեցինք Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի հետ։ «Առաջնությունն ընդհանուր առմամբ ծառայեց նպատակին, արդարացրեց ակնկալիքները։ Ինձ ուրախացրեց, որ լայն էր մարզիկներ գործուղած մարզերի ու քաղաքների աշխարհագրությունը, որի շնորհիվ էլ ռինգ մտան կաշվե ձեռնոցի 114 պատանի վարպետներ։ Սա ցույց է տալիս, որ հանրապետությունում մարզիչները սիրում են իրենց գործը, ամենօրյա աշխատանք տանում մարզաձեւն այսօրվա դժվար պայմաններում պահպանելու եւ զարգացնելու համար։ Սակայն, եթե բռնցքամարտիկների ցույց տված մարտավարման մակարդակը համեմատելու լինենք անցյալի իրենց հասակակիցների ունեցածի հետ, անկասկած՝ տեղի է տվել։ Պատճառը, իմ եւ իմ գործընկերների համոզմամբ, այն է, որ հիմա մարզիկները հնարավորություն չունեն հաճախակի շփվելու այլ ազգային դպրոցների ներկայացուցիչների հետ, անհրաժեշտ մրցափորձ կուտակելու։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մեծացվի ներհանրապետական մրցումների թիվը, իսկ տեղերում ավելի շատ ուշադրություն դարձվի երեխաների անհատական տեխնիկային ու տակտիկային։ Առաջնության արդյունքներով կազմվել է պատանեկան հավաքականը, որը նախապատրաստվելու է Հունգարիայում կայանալիք աշխարհի եւ դրան հաջորդող Եվրոպայի (Լվովում) առաջնություններին։ Ա. Հ.