Աջակցություն դիզվառելիք հափշտակողներին Ապրիլի 1-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի եւ Ալավերդի քաղաքի հանրակրթական դպրոցներում կավարտվի ջեռուցման շրջանը, իսկ այստեղ շարունակվում են ջեռուցման համար դպրոցներին հատկացված դիզվառելիքի (սոլյարկա) հափշտակության մասին խոսակցությունները։ Դպրոցներում այս օրերին դժկամությամբ են խոսում նաեւ Լոռու մարզպետի հրամանով, ի տարբերություն մյուս մարզերի, ձմեռային արձակուրդները դեկտեմբերի 21-ից փետրվարի 4-ը երկարաձգելու մասին, որը ոչ միայն ծանրաբեռնվածություն է առաջացրել 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատող դպրոցներում՝ պարտադրելով օրական 7-ժամյա դասապրոցես, այլեւ շատ մանկավարժների մեջ ստեղծել է այն կարծիքը, որ ձմեռային արձակուրդների չբացատրված երկարաձգելը նպատակ է ունեցել նվազեցնել ջեռուցման օրերի քանակը եւ աջակցել դիզվառելիքը հափշտակողներին։ Լոռու մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Էմիլ Այբեկյանն էլ փաստում է, որ 2001-02 ուստարում ՀՀ կառավարության՝ տարածաշրջանի 43 հանրակրթական դպրոցների 465 դասարանները ձմռանը ջեռուցմամբ ապահովելու համար հատկացրած դիզվառելիք մատակարարելու իրավունքը մրցութային կարգով շահել է «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Արդեն 3-րդ տարին է՝ հատկացված դիզվառելիքը դպրոցներին բաշխում է Լոռու մարզպետարանը, որի կողմից էլ «Ֆլեշ»-ից դպրոցներին այն առաքելու իրավունքը տրվել է ԱԺ պատգամավոր Հովհ. Քոչինյանին։ Թվում էր, պատգամավորի մասնակցությունը դպրոցներին դիզվառելիք մատակարարելու գործում կապահովեր օրինականությունն ու կարգուկանոնի հաստատումը, մինչդեռ, ինչպես վկայում են փաստերը, այստեղ կատարվել են բազմաթիվ անօրինականություններ եւ նաեւ հափշտակություններ։ Ինչպես հաղորդեց պրն Այբեկյանը, դիզվառելիքը դպրոցներում չի օգտագործվել, քանզի այստեղ տեղադրված վառարանները նախատեսված են փայտի համար։ Իսկ փայտ գնելու համար նախ պետք էր դիզվառելիքը վաճառել։ Սակայն, թե ի՞նչ գներով են դրանք վաճառվել եւ ո՞ւմ, ումի՞ց են փայտ գնել, ի՞նչ գնով եւ ի՞նչ քանակի, ինչպես վկայեց նաեւ պրն Այբեկյանը, դպրոցները դրանք հաստատող ֆինանսական փաստաթղթեր չունեն։ Մինչդեռ, թեեւ ՀՀ կառավարության կողմից դպրոցներին հատկացված դիզվառելիքի պատկառելի քանակին, շատ դպրոցներում աշակերտները ձմռանը փայտ են տարել դպրոց՝ դասասենյակները տաքացնելու համար, իսկ Ալավերդու թիվ 12 դպրոցում յուրաքանչյուր դասարանում աշակերտներից 100-150 դրամ է հավաքվել, գնվել է 1 խմ փայտ, որով էլ անց է կացվել ձմռան հիմնական մասը։ Ինչպես հայտնեց դպրոցի տնօրեն Վ. Ղորխմազյանը՝ դպրոցի 22 դասարանների 464 աշակերտներին ջեռուցմամբ ապահովելու համար ստացականով ստացել է 4014 լիտր դիզվառելիք, որի դրամական արժեքը (շուկայում դիզվառելիքի 1լ-ը 190 դրամ է) 180 դրամով հաշվարկելու դեպքում կազմում է 722 հազար 540 դրամ։ Այդ գումարով Ալավերդում փայտի ամենաթանկ շուկայական գնով՝ 5 հազար դրամով հաշվարկելու եւ տեղափոխման ծախսերն էլ հանելու դեպքում, տնօրենը կարող էր գնել շուրջ 130 խորանարդ մետր փայտ։ Սակայն դպրոցի մանկավարժներից ոմանք, որոնց սուր աչքից չեն վրիպել դպրոցի վառելիքի շուրջ կատարվող անցուդարձը, զավեշտական պատմություններ են պատմում։ Ըստ նրանց, դպրոցի տնօրենը դիզվառելիքի հետ առնչվել է ընդամենն այնքանով, որ ստորագրել է ստացականները։ Նա դիզվառելիքի վաճառքին չի մասնակցել։ Նոյեմբերին նրան պատգամավոր Հ. Քոչինյանի կողմից տրվել է 40 հազար դրամ, որն էլ անճար տնօրենը, փայտ գնելու փոխարեն, պարտքով տվել է դպրոցի պահակին՝ երեխայի ուսման վարձը փակելու համար։ Այնուհետեւ նրան ձմռան արձակուրդի օրերին, դեկտեմբերի վերջերին տրվել է 120 հազար դրամ, որով էլ պրն Ղորխմազյանը գնել է 24 խմ փայտ։ Իսկ օրերս դպրոցի վառելիքի շուրջ թեժացող զրույցների հետ պրն Այբեկյանը դպրոցի տնօրենին է հանձնել 100 հազար դրամ, աշակերտների հավաքած փողերով գնած փայտի գումարը՝ 4 հազար դրամ, յուրաքանչյուր դասարանին հետ վերադարձնելու համար, որը պրն Ղորխմազյանը բարեխղճորեն կատարել է։ Ընդհանուր առմամբ, 460 հազար դրամի դիզվառելիքի ճակատագիրը հայտնի չէ թիվ 12 դպրոցում։ Իրավիճակը տխուր է եղել նաեւ Սայաթ- Նովայի անվան դպրոցում, որտեղ էլ ստացականով 24 դասարանների ջեռուցման համար տրվել է շուրջ 4300լ դիզվառելիք, սակայն թե ինչպես է ծախսվել այն, դպրոցի կոլեկտիվին հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ դպրոցի աշակերտները ողջ ձմռան ընթացքում պայուսակներով փայտ են բերել դպրոց՝ դասասենյակները տաքացնելու համար։ Շատ դպրոցներում էլ գործել է թաց փայտի մեխանիզմը, որոնք ընդամենը ծխացել են, սակայն չեն տաքացրել։ Իսկ փայտը գողացվել կամ խնայվել է նրանց իսկական տերերից, երեխաներից, համարյա տարածաշրջանի բոլոր դպրոցներում։ Լ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմխորհրդի քարտուղար