Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուրեմն թաքցնելու բան ունեն

Մարտ 26,2002 00:00

Ուրեմն թաքցնելու բան ունեն ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանին վերջերս հրավիրել էին Զինվորական դատախազություն՝ հարցաքննության։ Առիթը «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ տիկին Խաչատրյանի նկարահանած տեսաֆիլմից մի փոքրիկ հատվածի դիտումն էր։ Որոշ լրատվամիջոցներ փորձեցին մեղադրել Ռուզան Խաչատրյանին, թե ինչո՞ւ վերջինս իր տեսաերիզն ավելի վաղ չի հրապարակել։ Մենք արդեն անդրադարձել ենք այս ամենին։ Այսօր ներկայացնենք Ռուզան Խաչատրյանի կարծիքը։ Արդյո՞ք մինչ այժմ որեւէ մեկը տեղեկացված չի եղել տեսաերիզի մասին. «Կարծեմ դուք այն լրագրողներից մեկն եք, որին ես պատմել եմ այդ ամենի մասին, եւ միակ լրագրողը չեք։ Իմ գործընկերներից շատերն են հետաքրքրվել, եւ այս մեկուկես տարվա ընթացքում բազմիցս այս մասին ասվել եւ գրվել է։ Ես կարծում եմ, այն լրատվամիջոցները, որոնք փորձում են ինձ մեղադրել, հրաշալի գիտեն, որ այդ մասին գրվել է եւ ասվել։ Ուղղակի պետք էր հերթական անգամ շահարկել հարցը։ Ոմանց ձեռնտու չէ, երբ ճշմարտությունն են ասում։ Եվ դա սկսվեց «27»-ից անմիջապես հետո։ Ստիպված եմ հիշեցնել, որ ահաբեկչությունից հետո հենց առաջին օրը ներկայացա Ազգային հեռուստատեսություն, որտեղ այն ժամանակ աշխատում էի, եւ Տիգրան Նաղդալյանին ասացի, որ ունեմ բացառիկ ինֆորմացիա, քանի որ ականատես եմ եւ միակ լրագրողն եմ եղել, որ հետո վերադարձել է դահլիճ եւ նկարահանումներ կատարել։ Տիգրան Նաղդալյանի կողմից հնչեց շատ տարօրինակ պատասխան. «Այդ ինֆորմացիան մեզ պետք չէ»։ Ընդհանրապես, 98-ի իշխանափոխությունից հետո այդ դրվածքը կար՝ լրագրողներին բաժանել յուրայինների եւ ոչ յուրայինների»։ Ընդունենք, որ որեւէ լրատվամիջոց, այդ թվում՝ նաեւ հարկատուների հաշվին ապրողը, այս կամ այն պատճառով չուզեց իրեն անհաճո ինֆորմացիա հրապարակել, սակայն նախաքննության մարմինը պարզապես պարտավոր էր հետաքրքրվել։ Արդյո՞ք եղել է այդ հետաքրքրությունը. «Ոչ, այդպիսի բան չի եղել մինչեւ այս վերջին հրապարակումները, երբ հանձնաժողովը դիտեց ֆիլմը։ Հետո ինձ կանչեցին հարցաքննության։ Չգիտեմ, իրավունք ունե՞մ հրապարակել, թե՞ ոչ, բայց որեւէ գաղտնի բան չի եղել։ Ափսոսեցին, որ իրենք ավելի վաղ տեղյակ չեն եղել։ Ես նկատել եմ. հենց որ խոսում եմ «Հոկտեմբերի 27»-ի մասին, իսկ դա ես չեմ կարող չանել՝ նաեւ իբրեւ ականատես, իսկույն որոշ իշխանամետ լրատվամիջոցներ փորձում են հարվածն ուղղել իմ դեմ։ Ինձ մեղադրում են, թե իբր փորձում եմ ապակայունացնել վիճակը՝ «27»-ի հետ կապված հարցազրույցներ տալով։ Չեմ կարող այդ պարոններին չհիշեցնել, որ ժամանակին (մոտ 1 տարի առաջ), երբ հրապարակում եղավ «Հայոց աշխարհում» «27»-ի մասին, որը բացարձակ չէր համապատասխանում իրականությանը, ես զանգահարեցի այդ թերթի խմբագրություն եւ առաջարկեցի իմ նկարահանած տեսաժապավենը եւ ասացի, որ կարող եմ պատմել որոշ բաներ։ Ինձ բավականին կոպիտ պատասխանեցին, որ իմ տեսածներն իրենց բացարձակ չեն հետաքրքրում։ Ես էլ տրամադրեցի այն լրատվամիջոցին, որը սիրով տպագրեց ինֆորմացիան։ Կուզեի ավելացնել, որ ինձ՝ որպես լրագրող, եւ, վստահ եմ, շատ-շատերին, անհանգստացնում է այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այսօր ստեղծվել է հատկապես լրատվամիջոցների եւ լրագրողների շուրջ։ Արդեն ահազանգեր եմ ստացել, որ փորձում են սպառնալ որոշ լրատվամիջոցների լրագրողների։ Կարծում եմ, որ դրա դեմը պետք է առնել, որովհետեւ արդեն բոլոր չափերն անցնում են: Թեպետ «Առագաստում» կատարված հրապարակային սպանությունից հետո ի՞նչ չափերի մասին կարող է խոսք լինել»։ Ռուզան Խաչատրյանը հիշեցրեց, որ ահաբեկչությունից հետո, մոտ 40 րոպե անց, ինքը կրկին վերադարձել է դահլիճ երկու օպերատորի հետ, սակայն դահլիճից դուրս գալուց հետո երկրորդ օպերատորն անհետացել է. «Դրանից հետո չեմ տեսել այդ օպերատորին։ Այն տեսաերիզը, որը շրջանառության մեջ է եւ որը կցված է դատական գործին, մեկ օպերատորի նկարածն է, որը պրակտիկանտ էր, շատ հուզված էր եւ անփորձ, եւ դա երեւում է նաեւ նկարահանված պատկերներից։ Մյուս օպերատորը պրոֆեսիոնալ էր, ՆԳՆ լրատվական վարչության աշխատակից էր, անունը՝ Նորիկ, ազգանունը չգիտեմ։ Այսինքն նա սովոր է եղել արտակարգ իրավիճակների եւ ավելի հմուտ է եղել»։ Ռուզան Խաչատրյանը նկատել է, որ մի քանի ֆիլմերում, «27»-ի մասին տարբեր հաղորդումներում ցուցադրվում են կադրեր, որոնք չկան գործին կցված պրակտիկանտի նկարահանած տեսաերիզում. «Ինչո՞ւ են թաքցնում երկրորդ տեսաերիզը։ Երբ մի բան թաքցնում են, շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ուրեմն մի բան կա, որ թաքցնում են»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել