Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԼՔ՝ ՓԱԿՈՒՂՈՒՑ

Մարտ 23,2002 00:00

ԵԼՔ՝ ՓԱԿՈՒՂՈՒՑ Նամակ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին Ղարաբաղյան հիմնահարցը այսօր նավթային եւ այլ դիվանագիտական խաղերի առարկա է դարձել, որի հետեւանքով էլ այն խոր փակուղու մեջ է հայտնվել։ Մինչդեռ հայ ժողովրդի գոյապահպանման պայմաններից մեկը հրամայաբար պահանջում է, որպեսզի, ի վերջո, այդ հարցի լուծումը դուրս բերվի փակուղուց, որը կարող է իրականացվել, եթե «Հայաստան-Սփյուռք» համաժողովը ընդունի մեկ միասնական «Հայտարարություն ԼՂՀ կարգավիճակի մասին» եւ այն դրվի այդ հարցի շուրջ ընթացող բանակցությունների հիմքում։ Կից ներկայացնում ենք այդ «Հայտարարության» մեր տարբերակը։ Հայտարարություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի մասին 1991թ. դեկտեմբերի 30-ին նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԱՊՀ-ի ղեկավարությանը՝ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացվում եւ հարց է հարուցվել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ ՄԱԿ-ը, միջազգային այլ համայնքներ եւ առանձին պետություններ, ստանալով նման ահազանգ, պարտավոր էին գործող միջազգային օրենքների պահանջներով կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, ընդհուպ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես սուվերեն պետություն ճանաչելով՝ վերջ դնել մարդկության դեմ մեկ դար ի վեր հետեւողականորեն իրականացվող ամենաբիրտ ու դաժան հանցագործությանը՝ ցեղասպանությանը։ Իրականում կատարվեց հակառակը։ Բոլոր միջոցներով քողարկվեց ցեղասպանության փաստը եւ հակամարտությունը տվյալ տարածքում որակվեց որպես լոկ մարդու իրավունքների սովորական ոտնահարում եւ ասպարեզից հանվեց պետական սահմանների անձեռնմխելիության մասին Հելսինկյան դաշնագիրը, որը թեպետ առաջնակարգ փաստաթուղթ չի կարող համարվել այն դեպքում, երբ ցեղասպանություն է իրականացվում, այնուհանդերձ այն ընդունեցին որպես հիմք եւ ղարաբաղյան հիմնահարցը դարձրին դիվանագիտական խաղերի առարկա։ Նման փակուղուց դուրս գալու համար հարկավոր է նախ ճանաչել ցեղասպանության փաստը Լեռնային Ղարաբաղում բոլոր այն հատկանիշներով, որոնք նախատեսված են «Գենոցիդ հանցանքը կանխելու եւ այդ հանցանքի համար պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածով, եւ այնուհետեւ միջազգային այդ ծանրակշիռ փաստաթղթի 8-րդ հոդվածի համաձայն իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք պահանջվում են ԼՂՀ կողմից, այդ թվում՝ նրա ճանաչումը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Այս դեպքում միայն Լեռնային Ղարաբաղը կարող է դուրս գալ ցեղասպանության ճիրաններից։ Ընդ որում, պետք է հաշվի առնել նաեւ այն, որ 1918 թվականից Հայաստանը թուրք-ադրբեջանական պանթուրքիստական տարասփյուռության եւ դրա հետ կապված հայերի դեմ ցեղասպանության համատեղ քաղաքականության զոհն է հանդիսանում եւ այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի ողջ տարածքում հայերի դեմ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները շարունակությունն են հանդիսանում Օսմանյան Թուրքիայում 1915թ. մի քանի միլիոն հայերի ոչնչացման։ Հենց այս ճշմարտությունների շրջանցումը եւ ղարաբաղյան հիմնահարցի որակումը որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որն ըստ էության անհամազոր է, այն հիմնական պատճառներն են, որոնք անարդյունավետ դարձրին տվյալ հարցի քննարկումները ԵԱՀԽ-ի շրջանակներում եւ այլ միջազգային համաժողովներում, որի հետեւանքով անհնարին դարձրին ոչ միայն ցեղասպանության ծիրից դուրս գալու Ղարաբաղի բնակչության ջանքերի իրականացումը, այլ նաեւ պայմաններ ստեղծեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումները շարունակելու եւ այդ հանրապետությունների էկոնոմիկան հիմնովին կազմալուծելու ուղղությամբ։ Վերոգրյալի հիման վրա հայտարարում ենք, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման միակ իրավական հիմքը հանդիսանում է ցեղասպանության կանխարգելման վերեւում նշված ՄԱԿ-ի կոնվենցիան, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային համագործակցությունները պարտավոր են. 1. Ճանաչել եւ դատապարտել հայերի ցեղասպանությունը Արցախում, Ադրբեջանի ողջ տարածքում եւ Նախիջեւանում։ 2. Ցեղասպանության փաստի հիման վրա ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Ադրբեջանի կազմից դուրս, բավարարելով ՄԱԿ-ի անդամ դառնալու նրա օրինական պահանջը։ 3. Բացառել Թուրքիայի ռազմական որեւէ միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում։ 4. Ցեղասպանության կանխարգելման վերեւում նշված ՄԱԿ-ի կոնվենցիայի 6 եւ 9 հոդվածների համաձայն, դատապարտել Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ու աջակցել նրա գլխավոր կազմակերպիչներին ու ոգեշնչողներին միջազգային դատարանով դատապարտելուն՝ վնասների հատուցումով։ Սույն գործում հատուկ տեղ հատկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչեւ 19-ը Բաքվում իրականացված ցեղասպանությանը, որը գագաթնակետն է հանդիսանում զանգվածային եւ խոշտանգումների ամենադաժան մեթոդների կիրառմամբ եւ որի 130-ից ավելի դահիճներն ադրբեջանական ժողովրդի հերոսներ են հռչակված։ Առաջարկված այս կոմպլեքս միջոցառումների իրականացմամբ միայն կարող է լուծվել ղարաբաղյան հիմնահարցը, որը երաշխիք կհանդիսանա ոչ միայն Ղարաբաղի հայությանը, այլ նաեւ ամբողջ մարդկությանը ազատելու ցեղասպանության ակտերից եւ ազգամիջյան հողի վրա առաջացող համաղետների հետագա ընդարձակումից։ Դրանով միայն կարդարացվի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային համագործակցությունների գոյությունը, որոնք կոչված են իրենց պարտքը կատարել աշխարհում արդարությունը, խաղաղությունը եւ ժողովուրդների անվտանգությունը հաստատելու գործում։ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի եւ աշխատանքի վետերանների միության նախագահ ՀՐԱՆՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ ԻՈՍԻՖ ԱՐԱԲՅԱՆ ՀՀ վաստակավոր իրավաբան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոկտոր, պրոֆեսոր ԻԼՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գրող, հրապարակախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել