Երկու հանդիպում, երկու վերաբերմունք Արդեն 37-րդ տարին է, ինչ աշխատում եմ կրթության բնագավառում՝ վարելով տարբեր պաշտոններ։ Աշխատել եմ ե՛ւ միջնակարգ դպրոցում, ե՛ւ բարձրագույնում՝ դասավանդելով ու դասախոսելով հայոց լեզու եւ գրականություն։ Ահա 11 ուսումնական տարի է, ինչ աշխատում եմ Երեւանի տարբեր դպրոցներում, 1999-2000 ուստարում աշխատել եմ Երեւանի թիվ 81 միջնակարգ դպրոցի 1-ին հերթում, իսկ կեսօրից հետո աշխատում էի Խորենացու անվան համալսարանում։ Եվ ահա 2000-2001 ուստարում հրավիրվեցի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան՝ աշխատելու հայագիտության ամբիոնում դասախոս։ Բայց այնպես ստացվեց, որ այս ուստարում ամբիոնը հնարավորություն չունեցավ ինձ դասերով ապահովելու եւ քանի որ դուրս էի եկել նաեւ թիվ 81 միջն. դպրոցից, ինչպես նաեւ Խորենացու անվան համալսարանից, ուստի մնացի առանց աշխատանքի։ Վերջերս ֆինանսական դրությունս այնքան ծանրացավ, որ որոշեցի դիմել արհմիության հանրապետական խորհրդին՝ ֆինանսական օգնություն ստանալու ակնկալությամբ։ Նախ եղա բուհերի աշխատողների եւ ուսանողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ Գառնիկ Վաղարշակյանի մոտ։ Նախ նա հարցրեց, թե քանի տարի է, որ աշխատում եմ Բրյուսովի համալսարանում եւ հետո ցավելով ավելացրեց՝ գոնե աշխատելիս լինեիր, հիմա մի բան կարելի էր անել, բայց քանի որ չես աշխատում, նշանակում է դուրս ես եկել մեր համակարգից՝ ոչինչ անել չեմ կարող։ Առանց փոքր-ինչ տրամաբանելու, թե եթե աշխատելիս լինեի, էլ ինչու պիտի դիմեի իր օգնությանը։ Որոշեցի այս անգամ էլ դիմել Հայաստանի կրթության եւ գիտության աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի նախագահ Ռաֆիկ Նալբանդյանին։ Ինձ թվում էր, որ պարոն Նալբանդյանն էլ պիտի ասեր, թե արդեն 2 տարի է, ինչ դուրս ես եկել մեր համակարգից, քանի որ 2 տարի է, ինչ միջնակարգ դպրոցում չեմ պարապում։ Բայց զուր էի այդպես մտածել։ Պարոն Նալբանդյանը լսեց ինձ ուշադիր եւ անմիջապես ցույց տվեց դրամական օգնություն, ինչքան որ կարող էր։ Նախքան այդ ես դիմել էի Նոր Նորքի թաղապետ Մ. Մինասյանին՝ նույն խնդրանքով։ Նա ընդունելության ժամանակ ցուցում տվեց կրթության բաժնի վարիչին, որ մտահոգվի իմ հարցով, այսինքն՝ տարածաշրջանի դպրոցներից մեկում ինձ տեղավորի աշխատանքի եւ նույնպես որոշ չափով դրամական օգնություն ցույց տվեց։ ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Բանասեր, մեթոդիստ-մանկավարժ