ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ, ԻՍԿ ՄԵՂԱՎՈՐՆԵ՞ՐԸ Վանաձորում ավարտին է մոտենում ս/թ փետրվարի 6-ից սկսված N զորամասում կրտսեր սերժանտ Մկրտիչ Պողոսյանի 2001թ. հուլիսի 27-ի ինքնասպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի մարտկոցի հրամանատար Արարատ Մխոյանին, զինվորներ Էմիլ Հակոբյանին եւ Սուրեն Հովնիկյանին։ Հատկանշական է, որ ինքնասպանության փաստն է առիթ հանդիսացել, որ զորամասում ի հայտ են եկել զանազան չարաշահումներ (պարբերական դրամահավաք զինվորներից, զինվորական կանոնագրքին հակասող հրամաններ, հովանավորչություն)։ Դատաքննության ընթացքում ամբաստանյալ, նախկինում մարտկոցի հրամանատար Ա. Մխոյանը չէր ընդունում, որ հովանավորել է շարքային Էմիլ Հակոբյանին։ Նշենք, որ ամբաստանյալ Է. Հակոբյանը, օգտվելով առիթից, Մխոյանի հրամանով շարքային ժամապահ նշանակված սերժանտ Պողոսյանին կարող էր կարգադրություններ անել (հունիսի 2-ին Էմիլ Հակոբյանը վերակարգում հերթապահ էր նշանակվել)։ Այդ օրը Մ. Պողոսյանին ծեծի էր ենթարկել, քանի որ Պողոսյանը հրաժարվել էր կատարել նրա հրամանը՝ տարածքը մաքրելու վերաբերյալ։ Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ կրտսեր սերժանտներին օրապահ նշանակելու, հրամաններ տալու դեպքեր Ա. Մխոյանի կողմից եղել էր նաեւ այլ սերժանտների նկատմամբ։ Դատարանում մարտկոցի նախկին հրամանատարն արդարացավ, թե «իրավունք չունեի սերժանտին օրապահ նշանակել, բայց ծառայության մեջ լինում են դեպքեր, երբ ստիպված ես դուրս գալ իրավիճակից»։ Նա մանրամասն ներկայացրեց «ստեղծված իրավիճակները», թե այդ օրերին ով որտեղ էր նշանակված ժամապահ եւ վերակարգում հերթապահ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիլիթ Խեչիկյանը հարցրեց գործով վկա, զորամասի հրամանատար Խաչատուր Խաչատրյանին. «Եթե սերժանտին տրվում է ապօրինի հրաման, որ պետք է զորամասի աշխատանքներում ընդգրկվի որպես շարքային, սերժանտը պետք է ենթարկվի՞, թե՞ հրաժարվի»։ «Պետք է ենթարկվի, հետո բողոքի»,- եղավ պատասխանը։ «Ի՞նչ իրավունքով էիք սերժանտից պահանջում տարածքը մաքրել»,- հարցրեց մեղադրող Ա. Մազմանյանը ամբաստանյալ Է. Հակոբյանին։ «Ընկերական եմ ասել»,- արդարացավ ամբաստանյալ Է. Հակոբյանը։ «Ընկերական ինչո՞ւ Մխոյանին չէիք ասում»։ Հակոբյանի ասածը հիմնավոր չհամարեց մեղադրողը։ Դատարանում ամբաստանյալ Է. Հակոբյանը միայն ընդունեց, որ ինքը հունիսի 2-ին աթոռով հարվածել է Մ. Պողոսյանի գլխին (եւ ոչ թե ծեծել)։ Նշենք, որ դրանից հետո Մ. Պողոսյանը 5 օր բուժվել է զորամասի բուժմասում ստացած մարմնական վնասվածքներից, ինչը դատարանում հաստատվեց վկաների դատաքննության ժամանակ տրված ցուցմունքներով։ Ամբաստանյալ Է. Հակոբյանը Մ. Պողոսյանին աթոռով հարվածելը պատճառաբանեց, թե իբր Պողոսյանը իրեն ոտքով խփել է։ Այն, որ հունիսի 16-ին էլ էր ծեծել Պողոսյանին, ամբաստանյալ Հակոբյանը ներկայացրեց որպես «քաշքշուկ»։ Ս. Հովնիկյանը ընդհանրապես չընդունեց, որ ինքը հուլիսի 25-ին ծեծի է ենթարկել Մ. Պողոսյանին կամ մարմնական վնասվածքներ հասցրել։ «Էդ ինչ որ գրված է մեղադրականում, էդ ձեւի բան չի եղել»,- դժգոհեց Ս. Հովնիկյանը՝ տեղեկացնելով, որ իր եւ Պողոսյանի միջեւ ընդամենը քաշքշուկ է եղել։ «Ի՞նչ է նշանակում քաշքշուկ, հարվածներ չե՞ն եղել»,- հարցրեց նախագահող դատավոր Վահան Հովհաննիսյանը եւ ավելացրեց. «Քաշքշել նշանակում է ուժ գործադրել։ Ձեզ մեղադրանք է առաջադրված ձեր պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար»։ Հովնիկյանը հակադարձեց. «Նույն ձեւով կարող էին մեղադրանք առաջադրել նաեւ Պողոսյանի նկատմամբ, քանի որ նա էլ էր քաշքշուկի մեջ»։ Այս դիտարկմանն ի պատասխան, դատավորը համաձայնեց. «Այո, կարող էին»։ Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Արարատ Պողոսյանը դատարանին տրամադրեց մի լուսանկար, ըստ որի, դիակի աջ կոպին վնասվածքի հետք էր երեւում։ Իսկ գործում առկա լուսանկարի մեջ (որը արվել էր դիակի արտաքին զննության ժամանակ) այդ վնասվածքը չէր երեւում։ Ս. Հովնիկյանի պաշտպան Բենիամին Մինասյանը այդ կապակցությամբ միջնորդեց նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, սակայն հետագայում այդ եւ այլ միջնորդությունները հետ վերցրեց համապատասխան պատճառաբանությամբ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր