Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքներս ծալած չենք նստի»

Մարտ 23,2002 00:00

«Ձեռքներս ծալած չենք նստի» Թեեւ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթի արդյունքները հայտնի պետք է դառնան ապրիլի 1-ին, սակայն որոշ երթուղագծերում արդեն գիտեն, թե ինչ է սպասվում իրենց՝ անգործություն։ Նման համոզված կարծիք ունեն մայրաքաղաքի Հարավ-Արեւմտյան Ա-2 թաղամասը կենտրոնին կապող թիվ 77 ուղեգծի վարորդները, որոնք թերթի խմբագրություն էին շտապել մրցույթին մասնակցելուց անմիջապես հետո։ Այն, ինչ ներկայացրին վարորդները, լուրջ հիմք է տալիս եզրակացնելու, որ երթուղագիծը սպասարկող 32 վարորդներ իրենց ընտանիքներով ապրիլի 1-ից համալրելու են գործազուրկների շարքերը։ Թիվ 77 ուղեւորատար գիծը բացվել է 1997 թվականին, բացողն էլ «Մեխանիզատոր» արտադրական կոոպերատիվի նախագահ, 45 տարվա «տրանսպորտնիկի» փորձ ունեցող Ցոլակ Մկրտչյանն է։ Մի քանի ամիս անեկամուտ աշխատելուց հետո վերջապես գիծը դարձել է «աշխատող» գիծ, մեքենաների թիվն էլ՝ 32։ – Մի ամիս առաջ Կենտրոնական դիսպետչերական ձեռնարկությունից ինձ ասացին, որ մեքենաները պատրաստեմ մրցույթի,- պատմում է Ցոլակ Մկրտչյանը,- վարորդներն էլ հիմքից կարգի բերեցին մեքենաները, թարմ պաստառներ անցկացրին եւ ի՞նչ… Այդ «եւ ինչ»-ը նկարագրվում է այսպես. կազմակերպությանը կանչում են մրցույթի հրապարակ ժամը 12-ին, որից հետո պետք է ստուգվեին ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի «Հաուզ զինգ» ընկերության ներկայացրած 22 «Գազել»-ները։ Բայց երբ թիվ 77 գծի «ՌԱՖ»-երը հասնում են «դեպքի վայր», բանը բանից անցած է լինում։ – Ինձ ասացին, որ «Գազել»-ներն արդեն անցել են մրցույթը, իսկ մեր մեքենաներն էլ նայվեցին մի քանի րոպեում, ձեւական,- նկարագրում է նախագահը,- եւ ես այդպես էլ չտեսա իմ մրցակցի մեքենաները, եթե ընդհանրապես դրանք եղել են։ Վարորդների հավաստմամբ, նույն պատմությունը կատարվել է անցյալ տարի, երբ «ժողովրդի ծառա»-ն զավթել է թիվ 88 եւ 14 երթուղագծերը, ցուցադրելով ինչ-որ «Գազել»-ներ, բայց հետո գծում հայտնվել են ամենատարբեր մակնիշի մեքենաներ։ Նրանք հավաստի տեղեկություններ ունեին, որ այս կարգի «բիզնեսով» զբաղվում է ոչ միայն Մելիք Գասպարյանը, այլեւ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը եւ նույնիսկ՝ վարչապետն ինքը, բոլորն էլ՝ իրենց որդիների կամ քրոջ ու եղբոր որդիների անուններով։ Վարորդները խիստ վրդովված էին, եւ դա բնական է. նրանք գումար են դրել, լրտինք թափել, 2-ն էլ անգամ տունն են ծախել, որ մեքենա գնեն ու ընտանիք պահեն (թեկուզ եւ՝ վարձով ապրելով)։ Իսկ հիմա ստացվում է, որ «լավ պապաների տղերքը պիտի գան ու այսպես հեշտ-հանգիստ մեր զավակների հացը խլեն»։ – Մենք համոզված ենք, որ Մելիք Գասպարյանը զավթելու է այս գիծն ու մեզ թողնի անգործ, նա ունի այդ ուժը, բայց մենք էլ ձեռքներս ծալած չենք նստի, կռիվ ենք տալու, թեկուզ՝ մինչեւ միջազգային դատարան,- հայտարարեցին նրանք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել