Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Մարտ 23,2002 00:00

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ Իմաստավորված կամ ապարդյուն Սպասումը տարբեր մեկնություններ ունի: Ոմանք սպասելը ողջախոհության նշան են համարում՝ հոմանիշելով համբերությանը: Ոմանք սպասելը համարում են ժամանակի ապարդյուն կորուստ՝ հոմանիշելով դատապարտվածությանը: Ոմանք պարզապես չգիտեն ինչ անել ու կյանքն ինքնահոսի մատնած՝ համարում են, թե սպասում են: Աստված մի դուռ կբացի: Համամարդկային սպասումն ուղղակի համամարդկային ռոմանտիկա է: Քաղաքականությունը ռոմանտիկայի հետ հեռավոր կապեր ունի: Իհարկե, քաղաքական ռոմանտիկներ լինում են, բայց նրանք իշխանություն են դառնում շատ կարճ ժամանակով, իսկ հետո ռոմանտիզմից մնում է դառը մրուր: Այնուհանդերձ, չինական պարիսպ չկա քաղաքականության ու սպասումի միջեւ: Քաղաքականության մեջ սպասումը զուգահեռվում է թե հաղթանակին, թե պարտությանը: Նայած ինչու ու ինչպես ես սպասում: Գերքաղաքականացված հասարակության կյանքում սպասումն առանձնահատուկ կատեգորիա է: Բոլորն անխտիր ակնկալում են իշխանափոխություն՝ հստակ չիմանալով՝ ինչու՞, ինչպե՞ս, ու՞մ, ումո՞վ փոխարինելու իմաստն ու հետեւանքները: Կարեւոր չէ: Կարեւորը հույսն է, որ ինչ-որ բան կփոխվի ու կփոխվի դեպի լավը: Լավի գիտակցությունը եւս որոշարկված չէ: Փոփոխության անհրաժեշտությունն ուղիղ համեմատական է կենսամակարդակին: Բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ կարող են, բայց՝ ուրիշի տեղում, որովհետեւ ոչ ոք իր տեղում չէ: Եվ որովհետեւ ոչ ոք իր տեղում չէ, փոփոխությունն անհրաժեշտություն է: Աբսու՞րդ է: Իհարկե: Որովհետեւ շարժումն ընդհանրապես դեռ չի նշանակում առաջ գնալ, իսկ վերադարձի տեղ արդեն չունենք: Փոփոխության մեր սպասումը ճիշտ այնքան է մնալու ընդամենը ցանկություն, որքան պատկերացում չունենք՝ որոշակի ի՞նչ ենք ուզում: Երբ պարզենք ինչպեսը, փոփոխությունը տեխնիկայի խնդիր կդառնա: Եվ սպասումը հարկադիր պարապուրդից իմաստավորված գործողությունների ժամանակի կվերածվի: Մենք, իհարկե, գերադասելու ենք համարել, որ իրականում ոչ մի ընտրություն չկա, որ ամեն ինչ որոշված ու նշանակված է, նախագահն էլ, խորհրդարանի պատգամավորներն էլ, հերթական վարչապետիկն էլ: Վերջին հաշվով՝ մեծ քաղաքականությունը մի խաղ է, որին մասնակցում են մեծ պետությունները, իսկ մենք՝ փոքր, թույլ, մենք ո՞վ ենք, որ մեր երկրում ինչ-որ բան որոշենք, երբ կան տարածաշրջանի շահեր ու խնդիրներ, երբ… Երբ մեզ լավ ներշնչում ենք, որ ամեն ինչ հենց այդպես է, մամուլով, եթերով ըստ ամենայնի ինքներս մեզ համոզում ենք, որ ոչինչ հնարավոր չէ փոխել: Ի վերուստ է որոշված: Ու հավատում ենք: Որովհետեւ դա արդեն հասարակական կարծիք է: Իսկ հասարակական կարծիքի լավն այն է, որ անորոշ է, ոչ մեկինը ու բոլորինը: Եվ ում ինչ պետք է, կարող է հրապարակել ու ներկայացնել իբրեւ հասարակական կարծիք, ծայրահեղ դեպքում՝ սոցիոլոգիական հարցումի հետեւանք, որ կարող է ավելի հավաստի թվալ: Թվալ, բայց ոչ լինել: Որովհետեւ սոցիոլոգիական հարցումները մեր երկրում կատարվում են այնպես, ինչպես՝ մարդահամարը: Նախ՝ դեռ ոչինչ վերջնական չէ, ապա՝ ինչքա՞ն է պետք, այնքան էլ կասենք: Սա է սկզբունքը: Սոցիոլոգիական նպատակամետ ու ճշգրիտ ուսումնասիրությունների արդյունքները ոչ ոք էլ չի հրապարակում: Հրապարակվող սոցիոլոգիական հարցումները իրենց «հավաստի» արդյունքներով լուծում են ընդամենը մի խնդիր՝ ազդել հասարակական կարծիքի վրա: Իսկ հասարակական կարծիքի վրա առանձնապես մեծ ազդեցության հարկ չկա: Բոլորն ամեն ինչ գիտեն: Բոլորն ամեն ինչի համաձայն են, որովհետեւ ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Իշխանությունը զբաղված է իր վերարտադրության հոգսով, ընդդիմությունը՝ իշխանության գալու, ժողովուրդն էլ իր գլուխն է պահում եւ բոլորովին դեմ չէ բոլորից էլ նախընտրական խոստումների հետ ընտրակաշառքներ ստանալ: Իսկ թե ձայնը ում ու ինչին կտա, բոլորի համար էլ մեկ է, որովհետեւ գումարելիների տեղերը փոխելիս գումարն անփոփոխ է մնում: Սա է այսօրվա պատկերացումը: Եվ երբ խոսվում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, այդ փոփոխությունը պետք է սկսել վերնաշենքից՝ փոխելով բարոյահոգեբանական մթնոլորտը: Կեցությունը, իհարկե, որոշում է գիտակցությունը, բայց եւ գիտակցությունն էլ որոշում է կեցությունը: Բոլոր հեղափոխությունները ու հակահեղափոխությունները սկսվում ու ավարտվում են մտքերում, բոլոր պատերազմները սկսվում ու ավարտվում են կաբինետներում, հետո նոր միայն տեղափոխվում են կյանք ու մարտադաշտ: Եվ հաղթում է նա, ով կարողանում է ոչ թե պատասխան քայլեր անել, այլ առաջին քայլով պատասխան քայլերի պարտադրել հակառակորդին: Սպասումները միշտ էլ ավարտվում են հիասթափությամբ, եթե երկնքից մանանայի ակնկալիքով մոռանում ես հողի տեղը: Բայց նույնիսկ մանանան տրվում է արժանավորին: Եվ հետո՝ կան նաեւ սպասման այլ տարբերակներ: Աշխատանքի անցնելուց առաջ երդում են տալիս երեւի միայն նախագահներն ու բժիշկները, զինվորական ծառայությունը հաշիվ չէ: Պատահական չէ, որ կա Հիպոկրատի երդում եւ կա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» արտահայտությունը: Իսկ Հիպոկրատի երդումը խախտողներին ի՞նչ են անում: Ոչինչ: Հիշում են, որ ծանր է Հիպոկրատի գլխարկը: Կամ՝ հեռացնում են աշխատանքից բժիշկներին, հրաժարական են տալիս նախագահները: 1995 թ. համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը արդեն յոթերորդ տարին կարողանում է լինել այս երկրի Հիմնական օրենքը՝ ամենածանր քաղաքական ճգնաժամերի ու ամենասովորական աշխատանքների ընթացքում էլ ակնհայտ հակասություններ ու փակուղիներ չստեղծելով երկրի քաղաքական կյանքում: Փակուղիներ իրենք իրենց ու հասարակության համար ստեղծում են քաղաքական գործիչները: Աշխարհում ամենահեշտը սոփեստությունն է, լեզվի տակ ոսկոր չկա, ամեն ինչ կարելի է ասել, բացարձակապես ամեն ինչ կարելի է հիմնավորել ու բացատրություն հնարել: Հարցը՝ որքանո՞վ է այդ ամենը համապատասխանում ճշմարտությանը, պատասխան չունի, որովհետեւ յուրաքանչյուրն ունի ճշմարտության հարաբերական լինելու իր «արդարացումը» եւ «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը ընդունում է իբրեւ աքսիոմա, որը պետք չէ ապացուցել: Խորհրդարանում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովում քննարկումներից հետո երկու եռօրյայում ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների վեց կուսակցությունների նախագիծը: Օրինաչափ էր ենթադրել, որ պիտի համաժողովրդական հանրաքվեի ներկայացվելուց առաջ քննարկվի նաեւ նախագահական բարեփոխումների տարբերակը: Օրինաչափ ու անհնար: Արդեն իսկ պարզ է՝ նախագահական տարբերակը եռօրյաների քննարկմանը չի ներկայացվելու: Պատճա՞ռը: Խորհրդարանի քննարկումից ու որոշումից հետո 90 օրում պետք է անցկացվի հանրաքվե: Երկիրը հանրաքվեի պատրաստ չէ: Խնդիրը նյութական միջոցները չեն: Խնդիրը քաղաքական է. հազիվ թե այս մթնոլորտում հանրաքվեն ընդհանրապես կայանա ու ակնկալվող փոփոխությունները դրական արձագանք ունենան: Մնում են երեք տարբերակներ. տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղել հանրաքվեն: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները իրականում պակաս կարեւոր չեն երկրի կյանքում, քան նախագահական ընտրությունները, բայց այդ մասշտաբի ընտրությունների նախորդ փորձը հաստատում է, որ միատեղել ընտրությունները նման նշանակության հանրաքվեի հետ՝ նշանակում է պարզապես ձախողել հանրաքվեն կամ ընտրությունները: Որեւէ մեկը վտանգելը մեծ շռայլություն է: Առավելեւս, որ նախագահական ընտրություններից առաջ Սահմանադրության նոր տարբերակի հանրաքվեի ձախողումը ուղղակիորեն ընդունվելու է իբրեւ անվստահություն նախագահի նկատմամբ: Նախընտրելի մեկնարկ չէ: Համենայնդեպս, իր բառերով՝ նախագահը չէր ցանկանա «քացու տակ ընկնել», թեկուզ եւ ոչ մտավորականների, այլ ամբողջ ժողովրդի կողմից: Համատեղել նախագահական ընտրությունների հետ՝ նշանակում է ամբողջ ընդդիմության ձեռքը, բացի Ղարաբաղի չլուծվող հարցից, հոկտեմբերի 27-ի ոճրագործության ու դատաքննության հարցից, սոցիալական վիճակի ու արտագաղթի մեղավոր լինելու փաստարկից, եւս մի հաղթաթուղթ դնել՝ նախագահը պաշտոնեական դիրքի չարաշահումով հանրաքվեի է դնում միայն մեկ տարբերակ, որն ամրապնդում է իր իշխանությունը, որը երկիրը տանում է դեպի նոր փակուղի… Կարեւոր չէ՝ այդպես է, թե այդպես չէ: Ասվելու է ու կրկնվելու է նախընտրական բոլոր ելույթներում: Մնում է վերջինը՝ խորհրդարանական ընտրությունները: Առավել եւս, որ այդ դեպքում ամեն ինչ կրկնակի հեշտանում է: Նախ՝ 1995 թ. փորձը կա, երբ Սահմանադրությունը ընդունվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ գործող իշխանությունը, որքան էլ հակառակն է ներկայացվում, գնում է «նախորդ հանցավոր վարչակարգի» նվիրական ոտնահետքերով: Եթե գործող նախագահը վերընտրվում է, նրա համար հեշտանում է թե՛ իր ցանկացած խորհրդարանն ընտրելը, թե՛ իր ցանկացած Սահմանադրությունն ունենալը: Եթե գործող նախագահը չի վերընտրվում, նրա գլուխը չի ցավում ուրիշի պրոբլեմների համար: Կա եւս մի տարբերակ՝ սա ոչ թե ծուղակ է նախագահի համար, որտեղ նա հայտնվել է իր բանիմաց շրջապատի մեղքով, այլ ծուղակ է հասարակության համար, որի շրխկոցով փակվելուց հետո միայն պարզ կդառնա՝ ով ով է եւ ով ինչ է ուզում: Իսկ ընդհանրապես կարելի է սպասել՝ սպասել մինչեւ պարզվի՝ ի՞նչն է իմաստավորված, ի՞նչն է ապարդյուն: Կարեւորը՝ ժամանակը չկորցնել: ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել