Թիվ 14-ի 14-երորդ օրը Երեւանի թիվ 14 պոլիկլինիկան դարձել է կառավարության պաշտոնյաների եւ բուժաշխատողների հանդիպման վայր, քանի որ այստեղ 14 օր է, ինչ գործադուլ են հայտարարել թերապեւտիկ բաժանմունքի բժիշկներն ու բուժքույրերը (15 հոգի)։ Մարտի 20-ին, ժամը 12.30-ին նույն պոլիկլինիկա ժամանեցին 4 բարետես, խնամված ու լավ հագնված տղամարդիկ (նմանատիպ մարդկանց երբեք փողոցում չես տեսնի)։ Ժողովի առաջին ելույթ ունեցողը առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանն էր, որը սկսեց շատ հեռվից. ո՞րն է իրենց գործակալության դերը, ո՞րն է առողջապահության նախարարության դերը։ Եվ ըստ պրն Գրիգորյանի, բժիշկները ուզեն թե չուզեն՝ գործակալությունն արդեն մխրճվել է առողջապահության ոլորտի մեջ։ Նա չզլացավ նաեւ՝ մի քիչ մենեջմենթի դասեր տվեց եւ խեղճ բժիշկներն իմացան, որ շուկայական հարաբերությունները կլանեցին նաեւ թիվ 14 պոլիկլինիկան։ Բայց տեսնելով գործադուլավորների անհանգիստ վիճակը՝ կիսատ թողեց «գերածախսի» եւ «ավելցուկի» մասին իր խոսքը։ Թերապեւտ Ա. Կարապետյանի հարցին, թե ի՞նչ կոնկրետ քայլեր են արված աշխատավարձերի վերաբերյալ, գործակալության պետն ասաց, որ պոլիկլինիկան արդեն իր «քսակում» ունի 8 մլն դրամ եւ որ անձնակազմը կարող է ստանալ արդեն 2001թ. 4 ամսվա աշխատավարձը։ 2 ժամ տեւած բանակցությունների արդյունքում բուժաշխատողներն իմացան, որ 2002թ. աշխատավարձը կստանան ամսեամիս, գումարած դրան՝ մարտի 1-ից բարձրացվում են թերապեւտների դրույքաչափերը։ Այսինքն՝ մեկ դրույքաչափը, որը 10.000 դրամ էր, այսուհետեւ 25.000 կդառնա։ Փաստը որքան էլ հուզիչ, այնուամենայնիվ, նոր հարցերի տեղիք տվեց։ Անձնակազմը պահանջում էր մարել նաեւ 2001թ. աշխատավարձը։ Այստեղ պրն Տեր-Գրիգորյանը հորդորեց նրանց շատ չկրկնել «պահանջում ենք» բառը։ Քանի որ պետք է ելնել նաեւ բյուջեի իրատեսական հնարավորություններից։ Իսկ բժիշկներից մեկի հարցին՝ ինքն աշխատավարձ ստանո՞ւմ է, թե՞ ոչ, խնդրեց չխառնել (երեւի «պետական բուրդը սեփական բրդի հետ»), քանի որ ինքը ստանում է բյուջետային աշխատավարձ։ Վայն եկել է տարել՝ ոչ բյուջետայիններին։ Ժողովի վերջում բժշկուհի Խաչիկյանը ափսոսանք հայտնեց, որ գործադուլի պատճառով տուժեցին ե՛ւ հիվանդները, ե՛ւ պոլիկլինիկան։ – Ինչո՞ւ ժամանակին հաշվի չառաք մեր պահանջները, չզբաղվեցիք հարցով եւ չկարողացաք ընկալել պրոբլեմը՝ նախքան գործադուլը։ Չէ՞ որ այս հարցով դիմում ենք արդեն 17 ամիս, այսինքն այնքան ժամանակ, որքան աշխատավարձ չենք ստացել։ Պրն Տեր-Գրիգորյանը միամիտ տեսքով սկսեց բացատրել, որ իրենք արդեն սկսել էին զբաղվել այդ հարցերով, սակայն բժիշկներն առաջ անցան։ Դահլիճում միահամուռ ծիծաղ սկսվեց։ Այնուամենայնիվ, գործադուլավորները հասան այն բանին, որ իրենց աշխատավարձերի հարցով սկսեց զբաղվել երկրի նախագահը։ Իսկ պոլիկլինիկայի շատ բժիշկներ գոհ չէին պայքարի գործադուլային եղանակից, նշելով, որ գործադուլը պատիվ չի բերում պոլիկլինիկային։ Իսկ մի՞թե պատվաբեր է բժշկի՝ աշխատանքի չգնալու պայմանը՝ տրանսպորտի փող չունենալը կամ էլ՝ հենց պոլիկլինիկայի մոտակայքում մթերքի կրպակի տետրը, որով «ապառիկ» մթերք են «վերցնում» բժիշկ-թերապեւտներն ու բուժքույրերը։ ՄԱՐԻՆԵ ԴՈԽՈԼՅԱՆ