ԵՎՐՈՊԱՑԻ՞ ԵՆՔ, ԹԵ՞ ԱՍԻԱՑԻ Հայաստանում աղքատությունը հաղթահարելու փայլուն հեռանկարն իբրեւ իրականություն տեսնելու ակնկալիքով ՀՀ կառավարության հանձնարարականով փորձագետների խումբը մոտ մեկ ամիս աշխատեց ծրագրի տեխնիկական առաջադրանքի վրա, որը ենթադրում է աղքատության պատճառների վերլուծություն եւ ստեղծված իրավիճակներից դուրս գալու հնարավոր ելքեր։ Միանգամից ասեմ, որ փաստաթղթի առաքելությամբ՝ զարգացման պատասխանատվությունը երկիրն իր վրա է վերցնում։ Այսինքն, ձախողման (թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ) դեպքում դոնորների՝ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի կոկորդից չենք կարող բռնել. մենք ենք ու մեր մեղքերը։ Հիշեցնեմ, որ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով պետք է առաջարկվի զարգացվածության այնպիսի մոդել, որն էականորեն կկրճատի աղքատությունը եւ ծայրահեղ աղքատությունը։ 1996-99 թվականներին Հայաստանում անցկացված հետազոտությունների պաշտոնական արդյունքներով երկրի բնակչության 55%-ն աղքատ է, 27%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Ծրագիրն իրականացվելու է այս հետազոտությունների հիման վրա։ Հավանաբար, նոր հետազոտությունների եւ առավել իրական պատկեր ունենալը մեր կառավարությունն ավելորդ է համարում՝ ինչ ունենք, նրանով էլ յոլա կգնանք։ Ըստ այդմ, աղքատ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ շնչի ամսական սպառումը պակաս է 11.700 դրամից, ծայրաստիճան աղքատ՝ եթե ամսական սպառումը պակաս է 7.800 դրամից։ Առաջին թիվը՝ 11.700, ներառում է պարենային զամբյուղը եւ այլ ծախսեր (նաեւ ծառայություններ), երկրորդը՝ 7.800, միայն պարենային զամբյուղը։ Ծրագրի տեխնիկական առաջադրանքի տնտեսական ռազմավարության պատասխանատու Արմեն Եղիազարյանի կարծիքով, վերը նշված 55% եւ 27%-ը նույնիսկ չափազանցված են. «Եթե չափում ենք աղքատությունը որպես եկամուտների տարբերություն, ապա չափում ենք նաեւ որպես ծախսերի տարբերություն։ Նշված հետազոտություններով, Հայաստանի բնակչության ամենահարուստ 10%-ի եկամուտների տարբերությունը աղքատների եկամուտներից՝ 15 անգամ է, իսկ ծախսերի տարբերությունը՝ 4 անգամ։ Ստացվում է, որ ծախսերի տարբերությամբ բավականաչափ նորմալ վիճակում ենք. անգամ եվրոպական երկրների հետ կարող ենք համեմատվել։ Իսկ եկամուտների տարբերությամբ՝ ամենահետամնաց երկրների շարքում ենք»։ Երեւույթը բավական հեշտ բացատրություն ունի՝ հայկական մենթալիտետ։ Եկամուտների հետազոտությունների ժամանակ մարդիկ, որպես կանոն, թաքցնում են ստվերային եկամուտները։ Իսկ Հայաստանում դրանք եկամուտների մոտավորապես 40%-ն են կազմում, ի դեպ, 2001թ. տվյալներով։ Մեծ տոկոս են կազմում դրսից փոխանցումները, որոնք եւս ոչ ֆորմալ են։ Արդյունքում, եկամուտների անհավասարությունը բացատրվում է 91% ոչ ֆորմալ եւ ընդամենը 5% աշխատավարձերով եւ այլ պաշտոնական եկամուտներով։ Սրան համապատասխան, մարդիկ ծախսերը ցույց տալիս ջանում են եկամուտներին համամասնական թվեր հրապարակել։ Ավելորդ հարցերից խուսափելու համար, բնակարանի վերանորոգման, հանգստի, թանկարժեք հագուստների, զարդերի եւ այլ «մանր-մունր» ծախսերն անտեսվում են։ Մեր իրավիճակում գտնվող երկրների՝ ասենք, Վրաստանի համեմատությամբ՝ Հայաստանի աղքատության աստիճանը 2,5 անգամ բարձր է։ Ընդհանրապես, աղքատությունը նվազեցնելու ամենաարդյունավետ ձեւը երկրի զարգացումն է՝ այնպես, որ գրանցվող տնտեսական աճից օգտվողների քանակը շատ լինի։ Դա ճգնաժամի տնտեսական հաղթահարման ձեւն է։ Հայաստանի նման երկրում Ա. Եղիազարյանը դրան հասնելը տեխնիկապես եւ կառուցվածքային առումով դժվար է համարում. «Այն, ինչը որ զարգանում է, քիչ է։ Հետեւաբար, դեռ ինչ-որ ժամանակ, եթե զարգացումը շարունակվի՝ մարդիկ արտադրությունից դուրս կմնան»։ Այսինքն, այնպես պետք է անել, որ «գայլերը կուշտ լինեն եւ ոչխարները չփախչեն»։ Այս ամենի արդյունքում, Ա. Եղիազարյանի եզրակացմամբ. «Հնարավոր է աղքատությունը վերացնել։ Բայց այստեղ լուրջ քաղաքական հարցեր են ծագում՝ կապված, մանավանդ, կոռուպցիայի, ստվերային տնտեսության, սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտների հետ»։ Ինչպես հայտարարեց ծրագրի տեխնիկական առաջադրանքի տնտեսական պատասխանատուն, այս ամենի դեմ պայքարելով աղքատության նվազեցման մեխանիզմը «չի պատկերացնում»։ Դե, եթե մասնագետներն ու պատասխանատուներն են այդ կարծիքին… ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ