Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ գործարարությո՞ւն

Մարտ 23,2002 00:00

Լուրջ գործարարությո՞ւն Թե՞ նուրբ քաղաքականություն «Հայաստանի կողմից զբաղեցված տարածքներից ապամոնտաժվել, քանդվել եւ Իրան են արտահանվել այդ երկու երկրների սահմանով ձգվող երկաթուղու ռելսերը»,- պատմեց Մեղրուց վերադարձած ծանոթս: Նախկինում Սովետական Ռուսաստանից Սովետական Հայաստան հասնող բեռների մեծ մասը գալիս էր այդ երկաթգծային ճանապարհով: Երբեւէ ստրատեգիական եւ տնտեսական նշանակություն ունեցող այս երկաթգիծն, ըստ ամենայնի, այսօր արդեն սպառել է իրեն, եւ մերօրյա հերոս տղաները՝ իրենց այդ տարածքների տերը համարողները, ինքնատիպ լուծում են գտել վաղուց չօգտագործվող եւ իզուր փչացող տոննայանոց երկաթյա ռելսերը ճիշտ եւ նպատակային օգտագործման համար: Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ երկաթգծային ճանապահն անցնում է Վրաստանի տարածքով: Այն ձգվում է մի քանի կամուրջների վրայով, իսկ վերջիններս իրենց թողունակությամբ հնարավորություն չեն տալիս Հայաստան տեղափոխել ցանկացած ծանրության բեռ: Օրինակ՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի համար ռուսական արտադրության գեներատորը Հայաստան հասցնել չի լինում հենց այդ կամուրջների ցածր բեռնադիմացկունության պատճառով: Վրացական իշխանություններն առաջարկում են շահագրգիռ կողմին /Հայաստանին/ իր իսկ ուժերով ամրացնել եւ նպատակատեղ հասցնել սպասվող բեռները: Ի դեպ, մասնագետների կարծիքով, կամուրջների ամրացման աշխատանքներն այնքան թանկարժեք են, որ, մասնավորապես, հրազդանյան գեներատորի դեպքում մի քանի անգամ գերազանցում եւ տեղափոխվող սարքավորման արժեքին: Ստացվում է՝ մի երկաթգծային ճանապարհը գործում է, սակայն, այնքան էլ արդյունավետ չէ, մյուսը՝ չի գործում, դե, ոմանք էլ դրանից օգուտ քաղելու միջոց են գտել: Հո չեն թողնելու անտեղի այդքան բարիք կորչի: Այս գծի օգտակարության մասին այսօր չենք մտածում, իսկ վա՞ղը։ Մնում է այս զուտ տնտեսական գործարքը քաղաքական հարթություն տեղափոխել: Երեւի մեր աչքաբաց գործարարներից մի քանիսը շահագրգիռ իշխանավորների թողտվությամբ զբաղվում են այդ տարածքները քիչ թե շատ արժեքավոր «ավելորդություններից» մաքրելու գործընթացով: Գուցե նրանք բոլորից շու՞տ են գլխի ընկել, որ համապատասխան տարածքների փոխանակման հարցը առավել քան լուրջ է: Կամ, որ ամենաահավորն է՝ նրանք խելքին մոտիկ են համարում Մեղրու շրջանի հետ Հայաստանի կողմից զբաղեցված տարածքների փոխանակության խոսակցությունները: Մեզ մնում է ենթադրել, որ այս գործարքի նախաձեռնողները գործում են զուտ հայրենասիրական մղումներով. այն է՝ Մեղրու զիջման դեպքում հնարավորինս խոչընդոտել համաթուրքական /Թուրքիա-Նախիջեւան-Մեղրու տարածք-Ադրբեջան/ նոր երկաթուղու կառուցման աշխատանքները: Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել