ԿԲ-Ն ՍՆԱՆԿԱՑՆՈ՞ՒՄ Է «ԱԳՐՈԲԱՆԿԻՆ» Հայաստանի մոտ 30 առեւտրային բանկերից 4-ը՝ «Ակունք», «Լենդ», «Տրաստ», «Հայկապ», գտնվում են Կենտրոնական բանկի խնամակալության տակ, եւս 4-ում՝ «Կրեդիտ Երեւան», «Կրեդիտ սերվիս», «Միավորված բանկ», «Արդշինբանկ», ժամանակավոր ադմինիստրացիա է նշանակված։ Մեր ունեցած տեղեկություններով, մեծ հավանականություն կա, որ վերջիններիս թիվը եւս մեկով համալրվի։ Բանկային համակարգից տեղյակ մարդիկ պնդում են, որ մոտ ժամանակներս «Հայագրոբանկում» եւս ԿԲ-ն պատրաստվում է ժամանակավոր ադմինիստրացիա նշանակել։ Սա, իհարկե, մասնագետների վկայությամբ՝ լավ օրից չէ։ Ի դեպ, որոշ տեղեկություններով, «Հայագրոբանկի» խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը պատրաստվում է հերթական 1 մլն դոլար ներդրումը կատարել, ինչին, ըստ համակարգից լավատեղյակ անձանց, ԿԲ-ն դեմ է։ Մինչդեռ, տրամաբանական է ճիշտ հակառակը։ Ինչեւէ, պատճառը, ըստ որոշ մասնագետների, ընտրություններից առաջ ֆինանսական լծակների վերադասավորումն է։ «Ագրոբանկի» դեմ կոշտ քաղաքականություն վարելով, ԿԲ-ն ձգտում է հասնել նրան, որ, ի վերջո, «Ագրոբանկը» միացնի «Արդշին» եւ «Ադանա» տխրահռչակ բանկերին եւ այդ միությունը կհայտնվի ղարաբաղյան կլանի ձեռքին։ «Ագրոբանկի» խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը հարցը պարզաբանելով տեղեկացրեց, որ մարտի 16-ին բանկի խորհրդի նիստը որոշում է ընդունել եւ դիմել ԿԲ-ին՝ հերթական ներդրումը կատարելու առաջարկությամբ։ Կանոնակարգով, ԿԲ-ն մեկ շաբաթվա ընթացքում պետք է պատասխանի, սակայն երեկվա դրությամբ, դեռ որեւէ պատասխան չկար։ Ի դեպ, պրն Հակոբյանը տեղեկացրեց, որ ներդրում կատարելու ցանկություն ունի նաեւ առեւտրատնտեսային գործունեություն ծավալող Սերյոժա Բարսեղյանը՝ դարձյալ 1 մլն դոլար։ Ինչպես նկատեց Հ. Հակոբյանը. «ԿԲ-ն երկուսից մեկի դիմումն անպայման կբավարարի, այլապես ի՞նչ տրամաբանություն…»։ Ինչպես հաջողվեց ճշտել, Ս. Բարսեղյանը Հ. Հակոբյանի վարորդն է։ Այսինքն, ցանկացած պարագայում «զորահանդեսի հրամանատարը» Հակոբ Հակոբյանն է։ Երկրիս բանկային համակարգին վերաբերող եւս մեկ զավեշտ. «Առավոտի» ունեցած տեղեկություններով, քրիստոնեության 1700-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ Հայաստանում մեծ թվով միջազգային կեղծ պլաստիկ քարտեր են հայտնվել, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել նման քարտեր սպասարկող հայաստանյան բանկերի համար։ Արդյունքում, այդ բանկերը հրաժարվել են VISA, MASTER, EUROPAN միջազգային պլաստիկ քարտերի սպասարկումից։ ԿԲ-ում հարկ չհամարեցին հարցին անդրադառնալ։ Հավանաբար չափազանց վստահ են, որ մեր բանկային համակարգի իմիջն անսասանելի է։ Հայկական վճարային համակարգի՝ «Արքա»-ի տնօրեն Շահեն Հովհաննիսյանը նույնիսկ նորմալ համարեց կեղծ պլաստիկ քարտերի գոյությունը. «Դրանք ամբողջ աշխարհում կան, Հայաստանն էլ բացառություն չէ»։ Սակայն նա հերքեց «1700-ամյակի հետ կապված այդ պատմությունը» եւ պնդեց, որ նման դեպք չի եղել, որ հայաստանյան բանկերը հրաժարվեն այդ քարտերի սպասարկումից»։ Նա մեծ ոգեւորությամբ տեղեկացրեց, որ «ավելին, շուտով «Արքա»-ի անդամ բանկերը հնարավորություն կունենան ոչ միայն սպասարկել, այլ թողարկել միջազգային պլաստիկ քարտեր»։ Ի հակադրություն սրա, հաջողվեց ճշտել, որ Հայաստանում միջազգային քարտ, այն էլ միայն DEBIT սպասարկում է HSBS բանկը։ «Անելիք» բանկը մեկ տարի է՝ դադարեցրել է նման քարտերի սպասարկումը։ Թե հատկապես ի՞նչ պատճառով՝ չտեղեկացրին։ «Հայէկոնոմբանկը», ըստ գործադիր փոխտնօրեն Էդուարդ Մարությանի, տեխնիկական պատճառներով երկու ամիս է՝ արդեն դադարեցրել է միջազգային քարտերի սպասարկումը։ Իսկ «Ագրոբանկը», ըստ թղթակցային հարաբերությունների բաժնի վարիչ Ա. Մուրադյանի, որեւէ տեսակի քարտ չի սպասարկում. «Ելնելով բանկի ներկայումս վարվող քաղաքականությունից՝ այդպես է նպատակահարմար համարվել»։ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ