Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ՞ ՄԻԱՄՍՅԱԿ Է

Մարտ 23,2002 00:00

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ՞ ՄԻԱՄՍՅԱԿ Է «Հաղթանակ» զբոսայգու դիմաց մի անտառ կա։ Շուտով չի լինի։ Անտառը ցանկապատված է, բաժանված հողակտորների։ Դրանցից մի քանիսի վրա արդեն կառուցված են առանձնատներ։ Մյուսները եւս կկառուցապատվեն, երբ կկտրվեն ու այնտեղից կհեռացվեն այս 40-50 տարեկան ծառերը։ «Գեներալսկի գորոդոկի» հավակնող այս ապագա թաղամասում, բարձունքի վրա իշխում է գեներալ Հայկազ Բաղմանյանի գազարագույն տուֆից կառուցված առանձնատունը։ Տունը եւ տնամերձ հողամասը պարսպապատվում են։ Շրջակա շենքերի եւ սեփական տների բնակիչները պատմում են, որ գեներալի տան վրա աշխատում են զինվորները։ Հայոց զինուժը հավանաբար կօգտագործվի նաեւ մեկ այլ գեներալի՝ Սեյրան Սարոյանի տան շինարարության համար։ Երրորդ գեներալի անունը այդպես էլ ոչ ոք չհամարձակվեց տալ։ Ըստ մեր չճշտված տեղեկությունների, դա վանաձորցի մի գեներալ է, որի ինքնությունը չհաջողվեց պարզել: Անտառի հենց կենտրոնում հինավուրց սոսի ծառերով տարածքն է, որի շուրջ փորված փոսերը, հաստաբուն ծառերի արմատախիլ, նոր կտրված քոթուկները վկայում են, որ այն եւս վաճառված է։ Եվ տերը շուտով գետնին կտապալի նաեւ կանգունները։ Գուցե հենց այդ նպատակով էին մի քանի ամենաբարձր սոսիների բների խաչերը։ Մեր ենթադրությամբ, հենց այս տարածքն է հատկացվել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ոչ այն է աներորդուն, ոչ այն է՝ քրոջը։ Համենայնդեպս, Ռ. Քոչարյանի անունը տալիս էին մոտակա շենքերից մեր բոլոր զրուցակիցները։ «Գեներալսկի գորոդոկի» ապագա բնակիչների թվում են ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը, ԵՊՀ դասախոս Լյուդմիլա Հարությունյանը։ «Դրանք այգուց դուրս տարածքներ են»,- ասում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Երեւանի գլխավոր հատակագծով այդ տարածքներն իսկապես այգի չեն, որովհետեւ վարչապետի հանձնարարականով քաղաքում գոյություն ունեցող այգիների սահմանները որոշելիս դրանք այգի չեն համարվել։ Այսինքն, ոչ թե որովհետեւ դրանք ծառեր չեն, այգի չեն, այլ դրանց այգի անունը տալու իրավունք ունեցողը «չի օգտվել» իր այդ իրավունքից։ Ըստ գլխավոր ճարտարապետի, քաղաքի ազատ, չկառուցապատված հողերի վրա մարդիկ ծառ են տնկել, իսկ քաղաքի պլանում դրանք նշված են իբրեւ կառուցապատման կամ ճանապարհ անցկացնելու տարածքներ։ Այդ կառուցապատումներն անելուց եւ Հյուսիսային ճառագայթ կառուցելուց հետո 18 հազար քմ անտառապատ այդ տարածքում կմնա ընդամենը 3000 քմ անտառաշերտ՝ Ազատության պողոտայի երկայնքով։ Երեւի գորոդոկի շքեղ ապարանքների աչք չծակելն ապահովելու համար։ Ի դեպ, աչք չծակելու մասին։ Հողատարածքները վաճառելու կարգը բաց մրցույթն է, որն այս դեպքում չի անցկացվել։ Ինչո՞ւ։ Դե ինչպե՞ս կարելի է ինչ-որ մրցույթի ենթարկեցնել գեներալ Բաղմանյանի, գեներալ Սարոյանի, նախագահ Քոչարյանի մերձավորի ախորժակները։ Նրանց այդ տարածքները պարզապես հատկացրել են։ Այդ հատկացումներից հետո սկսվել են ծառահատումները եւ այգու երեսուն տարվա ջրվոր- պահակը ինֆարկտ է ստացել։ Հարթեցվել, շինհրապարակի է վերածվել մոտակա շենքերի երեխաների երբեմնի խաղահրապարակը։ «Այդտեղ մարզահրապարակ չի եղել»,- ասում է Ն. Սարգսյանը։- Այդտեղ իրոք մի բացատ կար, չկար կազմակերպված սպորտհրապարակ»։ «Ձեր առջեւ, իբրեւ թերթի, դրված է՝ գտնել վատ բան։ Չկա վատ բան։ Քաղաքը չունի բյուջե։ Պետք է ինչ-որ միջոցներ հայթայթել՝ ինչ-որ բան կառուցելու համար»,- ասում է գլխավոր ճարտարապետը։ Այն բանից հետո, երբ բաց մրցույթով «ինչ-որ միջոցներ հայթայթելու» փոխարեն տարածքները անհատույց են տրամադրվում։ «Ընդամենը մի երկու տարի հետո ակնառու կլինի, որ այստեղ կստեղծվի մի շատ լավ այգի»,- այգու իրենց ծրագրերն է ներկայացնում Ն. Սարգսյանը։ Այսինքն՝ 40-50 տարեկան ծառերի փոխարեն ընդամենը երկու տարում նորե՞րն են աճելու։ Մենք ասում ենք՝ 40-50 տարվա, իսկ այգու մերձակա տների բնակիչները՝ թե. «100 տարի ա տնկված էր, հո նոր չէ՞ր։ Մենք 40-50 տարի ստեղ ենք։ Էսի լիքը, խիտ անտառ էր։ Ջահելները մենակ չէին կարող անցնել»։ Շուտով ջահելներն էլի չեն կարողանա այդ տարածքով անցնել. ո՞վ իրավունք կունենա խանգարելու մասնավոր անձանց հանգիստը։ Իսկ այդ տարածքի ծառերը, որոնք դեռեւս կանգուն են, չեն հասկանում, որ իրենք այգի չեն ու շարունակում են սխալմամբ թթվածին արտադրել այս խեղդվող քաղաքի համար։ Բայց քաղաքը հո հիմար չի՞. շուտով կուղղի այդ սխալը։ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն Հ. Գ. Շարունակում ենք պարզել տարածքների սեփականատերերին։ Սա էլ տրեստի կառավարիչ Պետյայի տունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել