ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՏԱՆԻՔ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ՀԿԿ կենտկոմի կազմակերպչական աշխատանքների գծով քարտուղար Ռուբեն Թովմասյանի մասին կուսակցության շրջանակում այս պահին տարածված խիստ բնութագրական տող կա. «Վլադիմիր Դարբինյանի աջ ոտքն է»։ Ռուբեն Թովմասյանը խորհրդային տարիներին (վերջին) Շահումյանի ռայկոմի առաջին քարտուղարն էր։ Շարժումը սկսվելուն պես, երբ քաղաքական իրադարձություններն ու երկրի վիճակը կտրուկ փոխվեցին, Ռ. Թովմասյանը, ըստ լավատեղյակների, փորձեց մտերմանալ ՀՀՇ-ի հետ եւ դա նրան հաջողվեց այնքանով, որ Սովմինում տրանսպորտի բաժնի պետ դարձավ։ Պատմում են, որ երբ Կարեն Դեմիրճյանը ՀԺԿ-ն ստեղծեց, խստագույնս մերժել է Ռ. Թովմասյանի՝ ՀԺԿ մուտք գործելու բուռն ցանկությունը։ Ասում են նաեւ, որ Ռ. Թովմասյանը Հրանտ Ոսկանյանի օգնությամբ առաջխաղացումներ ունեցավ, որին էլ հետագայում դավաճանեց։ ՀԿԿ կենտկոմի քարտուղար դառնալու գործընթացում Ռուբեն Թովմասյանին սկսեց աջակցել Վլադիմիր Դարբինյանը։ Ինչպես արդեն նշվեց, Ռ. Թովմասյանը ՀԿԿ կենտկոմի քարտուղարն է՝ կազմակերպչական աշխատանքների գծով։ Ինչ խոսք, տեսնելով Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի վերեւի հարկի կառուցապատումն ու դեպի վեր եւս մեկ հարկի կցակառույց բնակարանը, որը, ըստ հավաստի աղբյուրների, Ռ. Թովմասյանինն է, կարելի է եզրակացություններ անել, թե աշխատանքների ինչպիսի կազմակերպիչ է։ Ընդ որում, ասում են, որ Ռ. Թովմասյանը եւս մի բնակարան ունի հարեւան շենքում, ուր եւ նա ապրում է։ Իսկ այս երկրորդը կառուցում է որդու համար։ Ռուբեն Թովմասյանի վաղեմի երազանքներից մեկն էլ պատգամավոր դառնալն է։ Տարիներ առաջ երկու անգամ փորձել է եւ չի հաջողել։ Այս անգամ Թովմասյանը փորձում է դեպի պառլամենտ այլ ճանապարհ գտնել. ՀԿԿ-ից ովքեր ցուցակով մեկ-երկու անգամ ԱԺ պատգամավոր են եղել, նորից ցուցակի առաջատար տեղերում չպետք է հայտնվեն։ Այս գաղափարի հեղինակը եւ պաշտպանը Ռուբեն Թովմասյանն է, որն այժմ այդ ձեւով է իր երազանքը ուզում իրականություն դարձնել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ