ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՄԱՐԴԱՍՊԱ՞Ն Քաղաքակիրթ հասարակությունն՝ առանց մահապատիժների Նոբելյան մրցանակակիր, ֆրանսիացի հայտնի գրող եւ դրամատուրգ Ալբեր Քամյուի «Խոհեր գիլյոտինի մասին» էսսեն ժամանակին (առաջին անգամ տպագրվել է 1957-ին) մեծ հնչեղություն ստացավ Ֆրանսիայում, որտեղ, չնայած մտավորականների եւ հումանիստների պարբերաբար հնչող դժգոհություններին, մահապատիժը՝ գլխատման ձեւով, իրականացվում էր համատարած՝ մինչեւ 1977թ. (իսկ 4 տարի անց՝ 1981-ին, օրենքով վերացվեց)։ Կես դար շարունակ Քամյուի այս գործին կրկին ու կրկին անդրադարձել են, հրապարակել, օգնության կանչել, երբ հարկ է եղել ապացուցելու, որ մահապատիժը՝ պետության կողմից իրականացվող սպանությունը, անհարիր է ինքզինքը քաղաքակիրթ համարող եվրոպական հասարակությանը, որ ժամանակն է վերջնականապես հրաժարվելու բարբարոսական բարքերի այդ արտացոլումից։ Այսօր, երբ ՀՀ-ում «մահապատիժ՝ այո՞, թե՞ ոչ» հարցադրումը չի իջնում շրջանառությունից, տեղին է մեկ անգամ եւս անդրադառնալ այս էսսեին։ Ընդ որում, մենք բաց կթողնենք այն հատվածները, որոնցում խոսվում է հատկապես գլխատման դաժանության մասին, քանի որ մեզ մոտ մահապատիժը իրականացվում է (կամ՝ իրականացվում էր, որովհետեւ արդեն առնվազն 10 տարի է, որ մահվան դատավճիռը կայացվում է, բայց չի իրականացվում) գնդակահարության, այլ ոչ թե գլխատման միջոցով։ Էսսեի հենց սկզբում Քամյուն արտահայտում է իր անձնական վերաբերմունքը մահապատժին. «Ես մահապատիժը համարում եմ ոչ միայն անօգուտ, այլեւ իսկապես վնասակար։ Մահապատիժը խայտառակում է մեր հասարակությունը եւ նրա կողմնակիցները չեն գտնում մահապատժի որեւէ ծանրակշիռ արդարացում»։ Այս մոտեցումը նա հիմնավորում է տարբեր վերլուծություններով՝ մահապատիժը դիտարկելով տարբեր տեսանկյուններից։ Նախեւառաջ, Քամյուն հիմնահատակ ջախջախում է մահապատժի կողմնակիցների այն փաստարկը, թե մահապատիժը կարող է կանխարգելիչ դեր ունենալ մնացած բոլոր պոտենցիալ հանցագործների համար։ Ավելի պարզ՝ «գլխատում են ոչ միայն այն պատճառով, որ պատժեն նրանց, ում պատկանում էին սույն գլուխները, այլեւ, որ այդ սարսափազդու օրինակը միշտ լինի նրանց աչքի առջեւ, ով կփորձի հանցագործ դառնալ»։ Քամյուն իրավացիորեն արձանագրում է, որ նախ՝ հասարակությունն ինքը չի հավատում կանխարգելիչ միջոցառումներին, ապա ամենակարեւորը՝ որեւէ մեկի կողմից երբեւէ չի ապացուցվել, որ մահապատիժը ստիպել է նահանջել հանցագործության, ավելի կոնկրետ՝ մահապատժի ուղին բռնած թեկուզ մի մարդու։ Եվ ընդհանրապես, գրում է Քամյուն, եթե մահապատիժների հիմնական դերը կանխարգելիչ է, ապա հարկ էր մարդասպաններին գլխատել, կախաղան հանել հրապարակավ՝ ի ցույց բոլոր չարամիտների։ Այնինչ, մահապատիժներն իրականացվում են փակ դռների ետեւում, դրանով իսկ պոտենցիալ հանցագործները զրկվում են վախից ու սարսափից տեղում սուրբ դառնալու որոշում ընդունելու հնարավորությունից։ Ի վերջո, եզրահանգում է Քամյուն՝ կամ թե ակամա մարդասպան դարձածների հիմնական մասը իրեն պոտենցիալ հանցագործ չի համարել՝ մինչեւ այդպիսին դառնալը։ Ինչպես մի դատավոր է խոստովանել՝ «մարդասպանների ճնշող մեծամասնությունն, առավոտյան սափրվելիս, չի ենթադրել, որ երեկոյան պիտի մարդկային կյանք խլի»։ Լավ, իսկ եթե մահապատիժը չի վախեցնում նրանց, ովքեր կանխավ չգիտեին, որ հանցագործ են դառնալու, վախեցնո՞ւմ է գոնե նրանց, ում մեջ հանցագործն արմատացած է։ Ըստ Քամյուի՝ ոչ։ Եվ որպես օրինակ բերվում է միջնադարյան Անգլիան. «Այն ժամանակ, երբ Անգլիայում կախում էին գրպանահատներին, դեռեւս չբռնված ջեբկիրները մեծ հաջողությամբ մտնում էին բացօթյա կախաղանի հանդիսականների գրպանները»։ Դժվար է ժխտել, որ մեռնելու վախը կամ ապրելու բնազդը մարդկային ամենաուժեղ զգացողություններից մեկն է։ Սակայն որքան էլ ուժգին լինի այդ վախը, նա չի կարող հաղթահարել մարդկային կրքերը. «Սեր, պատվախնդրություն, վիշտ, ներողամտություն, վախ՝ այս զգացումները միշտ հաղթահարում են մահվան ահին։ Բայց եթե մահվանը հաղթում է սերը մարդու կամ հայրենիքի հանդեպ (էլ չխոսենք ազատության նկատմամբ խելագար մոլուցքի մասին), ապա ինչո՞ւ դա չի կարող անել ագահությունը, ատելությունը կամ նախանձը»։ Ապա եզրահանգում է՝ «Որպեսզի մահվան դատավճիռը իսկապես սարսափազդու լինի, պետք է փոխել մարդու բնույթը, դարձնել մարդուն նույնքան կանոնակարգված եւ պարզ, որքան օրենքն ինքն է։ Բայց դա արդեն մեռած հոգի կլինի»։ Իսկ ամենակարեւորը՝ մարդասպանը հիմնականում հանցագործության պահին իրեն անմեղ է զգում։ Ու նաեւ՝ ոչ մի մարդասպան հանցագործություն կատարելիս չի կարծում, թե իրեն կբռնեն ու կմեղադրեն։ Մահվան ահը նրան համակում է միայն դատավճռից հետո, բայց ոչ՝ հանցագործությունից առաջ։ Այս ամենի արդյունքում հասկանալի է դառնում վիճակագրությունը, որի համաձայն որեւէ տարբերություն՝ հանցագործությունների քանակի առումով, չկա այն երկրներում, որտեղ մահապատիժը վերացված է եւ այնտեղ, որտեղ այն դեռ ուժի մեջ է։ Ի վերջո, Քամյուն գալիս է ճշգրիտ եզրակացության՝ մահապատիժը չունի որեւէ կանխարգելիչ դեր. «Դատապարտումը, որը միայն պատժիչ բնույթ ունի, այլ ոչ թե՝ կանխարգելիչ, չի կարող այլ անուն ունենալ, քան՝ վրեժխնդրություն»։ Ստացվում է, որ մահապատիժը հասարակության համարժեք պատասխանն է իր օրենքները խախտողին։ Դա ունի պարզ եւ հստակ անվանում՝ հաշվեհարդար, բայց «հաշվեհարդարը բնազդի եւ բնության ոլորտից է եւ ոչ թե պետության եւ օրենքի»։ Այնինչ, մահապատիժն ուղղակի մահ չէ. «Դա սպանություն է՝ հանրահաշվական հաշվեհարդար մի ուրիշ սպանության համար։ Բայց ավելի սարսափելի, քանի որ դատապարտյալը նախօրոք տեղեկացված է իր մահվան, դրա օրվա եւ ժամի մասին, ինչը ինքնին շատ ավելի ծանր տառապանքների աղբյուր է, քան մահը»։ Ահա այստեղ Քամյուն տալիս է այն հարցը, որի պատասխանը միարժեքորեն պիտի դատապարտի մահապատիժն իր բոլոր դրսեւորումներով՝ «իսկ ի՞նչ է մահապատիժը, եթե ոչ ամենականխամտածվածը բոլոր սպանություններից, որի հետ չի համեմատվի ամենահաշվենկատ չարագործությունը»։ Ինչ խոսք, հոդվածում Քամյուն անդրադառնում է անմեղներին մահվան դատապարտելու ոչ այնքան անհավանական վարկածին։ Ու քանի որ չկա ավելի անուղղելի բան, քան մահը, գալիս է իր դրվածքով սարսափազդու հարցը՝ արդյո՞ք չկա որեւէ չնչին հավանականություն, որ մահապատժի ենթարկվածն անմեղ է։ Իսկ եթե կա՞։ Ունե՞ք այս հարցին պատասխան, մահապատժի կողմնակիցներ։ Հոդվածի վերջում Քամյուն անդրադառնում է անուղղելի սրիկաների մահապատժին, որոնց հանցագործությունն ապացուցված է. «Կա մի դեպք միայն, երբ կարելի է ընդունել մահապատժի կողմնակիցների փաստարկները։ Դա այն դեպքն է, երբ մահապատիժն իրագործվում է որպես մեկուսացման միջոց։ Մահն, անխոս, լիակատար մեկուսացնում է հանցագործին հասարակությունից»։ Ահա սա է այն դեպքը, երբ պետք է անկեղծորեն խոստովանել մահապատժի իրական առաքելությունը՝ «այն անդառնալի է, քանի որ հենց այդպիսին էլ պիտի լինի։ Պետք է խոստովանել, որ կան որոշ մարդիկ, որոնք անընդունելի են հասարակության կողմից եւ մշտապես սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու եւ հասարակության համար, հետեւաբար պետք է մեկընդմիշտ վերացնել այդ չարը՝ չեզոքացնելով հանցագործին»։ Քամյուն ընդունում է, որ միայն եւ միայն այս սահմանագծում՝ չարիքը մեկընդմիշտ վերացնելու, կարելի է որեւէ դիսկուսիայի գնալ՝ մահապատիժը վերացնելու կամ ոչ, հարցի շուրջ։ Այս առումով նա գրում է. «Որոշել, որ այս կամ այն մարդը պիտի ենթարկվի պատժի առավելագույն չափին, նշանակում է՝ որոշել, որ նա որեւէ շանս չունի ուղղվելու։ Այստեղ երկու կողմերի (մահապատիժն ընդունողների եւ չընդունողների) փաստարկները բախվում են անպտուղ հակադրության շրջանակներում։ Եվ ոչ ոք չի կարող հստակ որոշել՝ ունի՞ ուղղվելու շանս հանցագործը, թե՞ ոչ, քանի որ ամենքս կողմնակալ եւ սուբյեկտիվ մարդիկ ենք»։ Անդրադառնալով մահապատժին՝ նաեւ կրոնական պրիզմայի միջոցով, նա գրում է. «Հավատացյալի համար մահապատիժը ընդամենը ժամանակավոր պատիժ է, որին պիտի հաջորդի վերջնական վճիռը՝ երկնքում, այնպես որ երկրային բռնի մահը ոչ միայն իր վերջնական հաշիվները չի մաքրում դատապարտվածի հետ, այլեւ՝ կարող է օժանդակել երկնքում՝ նրա մեղքերի թողությանը»։ Քամյուն վերջացնում է էսսեն. «Պնդել, թե այս կամ այն մարդուն կարելի է բացարձակորեն կտրել հասարակությունից, որովհետեւ նա բացարձակ չարիքն է, նշանակում է ընդունել, որ հասարակությունն իրենից ներկայացնում է բացարձակ բարին, ինչին չի հավատա եւ ոչ մի առողջ դատող մարդ։ Դե ավելին՝ հասարակությունն այսօր դարձել է այսքան չար եւ հանցագործ այն պատճառով, որ իրեն կարգել է ամեն ինչի նախահիմք եւ մտահոգ է միայն իր ինքնապահպանմամբ եւ հաջողություններով»։ Ու որպես ապացուցման կարիք չունեցող աքսիոմ պնդում է՝ «Մարդկային անհատականությունը բարձր է պետությունից»։ Եվ ավելացնում. «Մահապատիժը պետք է փոխարինել ցմահ տաժանակիր աշխատանքներով։ Սա ավելի խիստ պատիժ է անուղղելի տականքների համար, միաժամանակ՝ անդառնալի չէ, ինչպես մահը՝ անմեղների համար։ Իսկ պետությունն այս դեպքում իր վրա չի վերցնում կանխամտածված սպանություն կատարողի չարագույժ դերը»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ