Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱԳՆԱՊՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ

Մարտ 23,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱԳՆԱՊՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ զրույցն այն դեպքերից էր, երբ ափսոսեցի, որ չմնաց դրա ձայնագրությունը: Ձայնագրիչ գործածելու սովորույթ չունեմ: Գուցե լրագրողի համար դա արտասովոր վարվելակերպ է, բայց անվիճարկելի առավելություն ունի: Տեխնիկայի բացակայությունը երաշխավորում է մարդկային հաղորդակցություն՝ առանց ենթագիտակցական լարումի կամ ինքնահսկման, թե այս կամ այն արտահայտությունը չմնա ժապավենի վրա: Այդուհանդերձ տարբեր ժամանակներում, տարբեր անձանց հետ կայացել են զրույցներ, որոնց մասին մտածել եմ, որ եթե ձայնագրվեին, մեր ժամանակների տարեգրություն, գուցե ինչ-որ տեղ՝ նույնիսկ փիլիսոփայական արժեւորում ստացվեր: Գագիկ Հարությունյանի հետ զրույցն էլ տրոհվեց բարձրաձայն խոհերի՝ պետության բնույթի, հասարակության «իմունային համակարգի», homo sapiens-ի մարդկային որակի, սահմանադրական իրավամտածողության միտումների, Հայաստանի պետական համակարգի կայունության, «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած դեպքերի մասին, եւ այլն: Ցավոք, արծարծված այդ թեմաներից ոչ մեկը չի մանրամասնվել ներկա հոդվածում, թեեւ դրանց անդրադառնալ արժեր: Նախընտրությունը տրվել է այլ թեմաների՝ ինչ-որ տեղ հույս տածելով, որ մարաթոնյան վազք հիշեցնող մեր կյանքում մի պահ կանգ կառնենք եւ Հայաստանի մասին կմտածենք դրանց ռակուրսով: Տագնապներ եւ արժեւորումներ Պրն Հարությունյանից հարցազրույց խնդրելու շարժառիթը /անկեղծ լինելու դեպքում՝ գուցեեւ պատրվակը/ 98-ի իշխանափոխության հերթական տարելիցին «Առավոտում» տպագրված մի հոդված էր, որը Գագիկ Հարությունյանին ներկայացնում էր «հայտնի ուժերի» հետ գործակցելու ենթատեքստով: Թե երբ այս երկրում 98-ի թեման կքողազերծվի եւ ենթադրություններին կփոխարինեն 1-ին դեմքով շարադրվող վկայությունները կամ հուշերը, անհայտ է: Պրն Հարությունյանի անդրադարձն էլ այդ թեմային խիստ կարճ եղավ. «Չի կարելի ամեն կարծիքի, ենթադրության արձագանքել կամ դրանք ուշադրության արժանացնել: Նման խոսակցություններին ես նայում եմ մանկավարժորեն: Գիտեք, եթե Վազգենի կենդանության օրոք այդ դատողությունները հնչեին, թերեւս կարելի էր ինչ-ինչ հանգամանքների, մանրամասների անդրադառնալ, բայց իր բացակայությամբ… Մյուս կողմից սակայն ասելիք կա, եւ գուցե ինչ-որ ժամանակ անհրաժեշտ կլինի խոսել: Այդուհանդերձ, վստահաբար՝ ոչ այսօր, որովհետեւ չեմ ցանկանում, որ ձեւախեղված մեր առօրյայում ամեն ինչ նախընտրական քաղաքական շահարկումների առարկա դառնա»: Թեմայի արծարծումն այսքանով ավարտվեց, սակայն այն ինքնաբերաբար բերեց անդրադարձի ոչ միայն 98-ի իշխանափոխությանը, այլեւ «Հոկտեմբերի 27»-ին, դրան հաջորդած դեպքերին, որոնց մասին իր մտորումները, խոհերը պրն Հարությունյանը, կարծես թե, թղթին է հանձնելու: Երեւի դա կանի այն ժամանակ, երբ 99-ի ապրումները սպիացած կլինեն: Իսկ առայժմ 99-ի հոկտեմբեր-նոյեմբերը վերհիշելիս պրն Հարությունյանի ձայնի մեջ դեռ տագնապ էր հնչում. «Այդքան ահավոր կորստից հետո առնվազն երեք անգամ պարզապես հրաշքով հնարավոր եղավ այս երկիրը հետագա արյունալի առճակատումից փրկել»: Բայց ավելի ուշագրավ էր պրն Հարությունյանի մեկ այլ միտք. նա ասաց, որ մեր իրականության մասին մտորումները շատ հաճախ խցանվում են կոկորդում, որովհետեւ դրանց բարձրաձայնումը քաղաքականությամբ զբաղվել կնշանակի, ինչի իրավունքն ինքը չունի: Այդուհադերձ այս օրերին նա Կարեն Սերոբիչի 70-ամյակին նվիրված ելույթի խոսք է նախապատրաստում, որտեղ ոչ միայն «Հոկտեմբերի 27»-ին, այլեւ մեր իրականության այլ ծալքերի է անդրադարձ լինելու: Կարծում էր՝ Կարեն Սերոբիչի կյանքի ու ժամանակի՝ առաջիկայում ներկայացվելիք արժեւորումներն ինչ-ինչ հարցերի կպատասխանեն: Սպասենք…8230 Եվրոպականացման փշերն ու վարդերը Տարածված կարծիք է, թե Հայաստանում կյանքը վերաձեւվում է Եվրախորհրդի ճնշմամբ: Դա եւս մի պատճառ է, որ քննադատության ենթարկվի ինտեգրացումը եվրոպական կառույցներին: Սակայն արժե հիշել. Եվրախորհրդին մաս կազմելը Հայաստանի Հանրապետությանը հարկադրելու է հարգել մարդու իրավունքները։ Իսկ այդտեղ միայն աղանդների եւ «գունային» փոքրամասնությունների իրավունքները չեն, ինչպես հաճախ աղճատված ներկայացվում է։ Հուրախություն ՀՀ քաղաքացիների՝ ԱԺ-ում օրերս վավերացված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան արդարության հասնելու նոր մեխանիզմ է երաշխավորում: Ինչպես ներկայացրեց պրն Հարությունյանը. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի քննարկում ազգային դատարանների որոշումները կամ դրանց հիմքում դրված փաստական հանգամանքները: Նա քննության է առնում գործը՝ պարզելու համար, թե չե՞ն խախտվել արդյոք մարդու իրավունքները: Օրինակ. հարգվե՞լ են մարդու ազատության եւ անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, արտահայտվելու ազատության եւ այլ իրավունքները: Եթե եղել է խախտում, ապա ոչ միայն խախտված իրավունքը պետք է վերականգնվի, այլեւ պետությունը հարկադրվում է հսկայական փոխհատուցում վճարել: Արեւելյան Եվրոպայի երկրներն արդեն այս ճանապարհն անցել են եւ լուրջ դասեր են քաղել: Մասնավորապես նոր իրականության ճնշման ներքո նրանք ձեռնամուխ են եղել սեփական դատական համակարգերի բարեփոխման: Դրական արդյունքները, կարելի է ասել՝ ակնբախ են: Հայաստանը նույնպես պարտավոր է անցնել այդ ճանապարհը: Այսօրվա մեր դատական համակարգը, առավել եւս՝ դատական պրակտիկան, մեղմ ասած, հեռու են մարդու իրավունքներն եւ հիմնարար ազատությունները պահանջվող չափանիշներով պաշտպանելուց»: Լրագրողի իրավունքով ինձ թույլ եմ տալիս ենթադրել. այնքանով, որքանով հիշյալ Կոնվենցիան արդեն վավերացվել է ԱԺ-ում, Հայաստանի համար առաջին փորձաքարը լինելու է «Առագաստում» սպանված Պողոս Պողոսյանի գործով Եվրոպական դատարան հասցեագրված բողոքը: Տեսնենք՝ այնժամ ՀՀ արդարադատության համակարգը ինչպե՞ս է փաստարկելու դեպքի վկայի՝ Ստեֆան Նյուտոնի ցուցմունքների անտեսումը: Արդյո՞ք արվածը չի գնահատվի արդար դատավարության իրավունքի ոտնահարում, եւ արդյո՞ք Հայաստանի աղքատիկ բյուջեին դա չի արժենա նշանակալից գումար: Ի միջի այլոց, բարեպատեհ մի զուգադիպությամբ՝ ՀՀ ՍԴ-ում օրերս երկու աշխատության շնորհանդես էր, որոնք ծանոթացնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգին եւ այդ դատարանի վճիռներին ու որոշումներին /հայերեն լեզվով/: Կասկածից վեր է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մի քանի չշահված դատն ու փոխհատուցումը Հայաստանի պետբյուջեից այս երկրի Ֆեմիդային ծառայողներին կսթափեցնեն: Հուսանք…8230 Ինքնահաստատում միջազգային ասպարեզում Մինչ ՀՀ քաղաքացիները դեռ պետք է սովորեն հարաբերվել միջազգային ատյանների հետ, ՀՀ ՍԴ-ն հաջողությամբ դա անում է: Երեւանում հրատարակվում է «Սահմանադրական արդարադատություն» հանդեսը, որը 1997-ին հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության տեղեկագիրն է։ Կազմակերպությանն այսօր անդամակցում են ԱՊՀ 11 երկրների Սահմանադրական դատարանները, իսկ տեղեկագրին բաժանորդագրված է աշխարհի շուրջ 40 երկիր եւ մեկ տասնյակի հասնող միջազգային կազմակերպություններ: 1997-ի հոկտեմբերից Կոնֆերանսի անփոփոխ նախագահն է ՀՀ ՍԴ նախագահը: Իրավաբան սահմանադրագետների, հատկապես՝ սահմանադրական արդարադատության հարցերով զբաղվող մասնագետների համար երեւանյան ամսագիրն այն աստիճանի հեղինակավոր հրատարակություն է, որ, ասենք, դրան հղումներ եւ անդրադարձ է կատարում Հոլանդիայի Լեյդենի համալսարանի եվրոպական համեմատական իրավունքի հանդեսը: Դա տասնամյակների պատմություն ու հեղինակություն ունեցող գիտական ամբիոն է: Իրավագիտական մտքի առանձնապես մեծ ավանդույթ ու ճանաչված դպրոցներ չունեցող Հայաստանի համար սա կրկնակի ձեռքբերում է։ Բարեբախտաբար՝ ոչ միակը։ Գուցե, ոգեւորված հաջողությունից, սահմանադրական իրավունքի ասպարեզում Հայաստանի աճող հեղինակությունից, մի նոր քայլով որոշվել է ձեռքբերումներն ամրապնդել եւ Հայաստանը կրկին դարձնել ուշադրության կենտրոն: Նկատելով, որ սահմանադրական արդարադատությունը նոր երեւույթ է ընդհանրապես ողջ աշխարհում, եւ հետեւաբար պատասխաններ են փնտրվում բազմաթիվ տեսական, մեթոդաբանական, կառուցակարգային հարցերի, որոշվել է Երեւանում հրատարակել միջազգային մի տարեգիրք: Այն կրելու է «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» անվանումը, հրատարակվելու է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ ուղարկվելու է աշխարհի շուրջ 120 երկրներ: Առաջին տարեգիրքը հրատարակվելու է 2002172ի նոյեմբերին, իսկ այս տարեսկզբից արդեն 60-ից ավելի խոշոր իրավագետներ արձագանքել են նախաձեռնությանը: «Ես միշտ էլ կարծել եմ, որ գոնե նյութական ներդրումներ չպահանջող ասպարեզներում, որոնք ավելի կազմակերպչական ձեռնահասության կարիք ունեն, Հայաստանը կարող է եւ պետք է լինի միջազգային առաջատար դիրքերում»,- համոզված էր պրն Հարությունյանը: Հավատանք… ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հ. Գ. Ինչպես եւ ենթադրելի էր վերնագրից, պրն Հարությունյանի հետ զրույցից ընտրված էին այն հատվածները, որոնք ուրվանկարում են Հայաստանի տագնապներն ու հույսերը: Եվրոպական արժեքներին մերձենալն ու կառույցներին ինտեգրվելը Հայաստանի համար ժողովրդավարացման, մարդու արժեւորման առհավատչյա են ու, հուսանք, անշրջելի ընթացք: Այս կամ այն ոլորտում միջազգային ուշադրության արժանանալը, փոքրիշատե դերակատարություն ունենալը ինքնահաստատման ու ապագա բարգավաճման երաշխիք են: Այդուհանդերձ հայաստանցիներից շատերը բարձրաձայն կամ լուռ տագնապում են: ՍԴ նախագահի ժլատ գնահատականներից ու երբեւէ արտահայտվելու խոստումից էլ այդ տագնապը զգալի էր: Եվ այս հետգրության նպատակը թեւածող մտատանջություններին ու երկյուղներին վերջակետ դնելն է, կամ գոնե՝ հոդվածը մաժոր ակորդով ավարտելը: Մանավանդ որ, դրա համար հիմքեր կան: Առաջինը՝ հազիվ թե Հայաստանում, գոնե առաջիկայում՝ «արյունալի առճակատման» վտանգ լինի: Նախ՝ 99-ի նախադեպերից զգուշացած, իրադրության նման սրում, թերեւս, թույլ չեն տա իշխանությունները: Հետո էլ՝ ինչպես ոչ առանձնապես գրագետ հայաստանցի մի գեներալ է իրեն հասանելի բառապաշարով բացատրում. «Կյանքում չհավատաս՝ Հայաստանում իրար վրա կամ ժողովրդի վրա կրակեն»: Երկրորդ՝ պրն Հարությունյանի զեկուցման մեջ՝ նվիրված Կարեն Սերոբիչի 70-ամյակին, Դեմիրճյանի անձի ու գործի արժեւորումն է հնչելու: Ենթադրում եմ՝ խոսքը շարադրված կլինի անցյալ ժամանակով: Մինչդեռ, փոքր-ինչ չափազանցնելով՝ Դեմիրճյան ազգանունը չպետք է անցյալ ժամանակով գործածել: Այո, Կարեն Սերոբիչը մահացած է, բայց նրա կյանքը իբրեւ օրինակ, արած գործն ու դավանած համոզմունքները կան: Ամենաէականը՝ կա անձը, ով կարող է դրանց ժառանգորդն ու կրողը լինել: Կա Ստեփան Դեմիրճյանը. այդ բարեբախտությունը պետք է գիտակցել8230 եւ գնահատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել