ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ Համակարգը վերահսկողները քաղաքացուն դատական պաշտպանությունից զրկելը դատարանների գործունեության թերացում չեն համարում «Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ տնօրեն Ա. Գալստյանը գուցեեւ միջազգային փաստաթղթերին ծանոթ չէր, բայց ՀՀ սահմանադրության 38 հոդվածին քաջատեղյակ էր, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք: Համամիտ չլինելով տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած վճռին` նա որոշել էր բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերի պալատ՝ ամենեւին չմտածելով, որ բողոքը մինչեւ պալատին ներկայացնելը մեծ փորձությունների միջով պետք է անցնի: Դիմել է հատուկ արտոնագիր ունեցող (ՀԱՈՒ) եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Արմեն Սիմոնյանին: Արտադրամասի տնօրենի ասելով, մեկ ամիս նյութերն ուսումնասիրելուց եւ բողոքն, ըստ էության, գրելուց հետո փաստաբանը հրաժարվել է այն ներկայացնել պալատին: Այնուհետեւ նույն խնդրանքով դիմել է ՀԱՈՒ փաստաբան Վարդան Սաֆարյանին: Վ. Սաֆարյանը 99թ. հոկտեմբերի 14-ին վճռաբեկ բողոքը ներկայացրել է դատարան: Միաժամանակ միջնորդել է հետաձգել պետտուրքի գանձումը: «Վ. Սաֆարյանը գործի քննության հետաձգումը սկզբնական շրջանում պատճառաբանեց 99թ. ԱԺ-ում տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի իրադարձություններով: Այնուհետեւ, բողոքը ներկայացնելուց մոտ երկու ամիս հետո վերադարձրեց հոնորարը, ասելով՝ հենց գործը լսելու լինեն՝ նորից կվերցնի: 2000թ. հունվարի կեսերին գումարը պահանջեց, հավաստիացնելով, որ բողոքը շուտով քննության կառնվի: Սակայն, որոշ ժամանակ անց, սկսեց տրտնջալ, թե պետտուրքի հետաձգման հետ կապված բարդություններ են առաջանում, միաժամանակ հուսադրեց, որ դա եւս հարթելու հնարավորություն կա: Բայց, մոտ 6 ամիս հետո, 2000թ. մարտի սկզբին փաստաթղթերը եւ հոնորարը վերադարձրեց: Հայտնեց, որ պետտուրքի վճարման հարցը լուծելու դեպքում պատրաստ է կրկնելու բողոքը»,- պատմեց պրն Գալստյանը: Ա. Գալստյանը 2000թ. մարտի 8-ին դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքում արված միջնորդությունը քննարկելու խնդրանքով: ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը պատասխան նամակով տեղեկացրել է. «Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ-ի ընդդեմ ՀՀ սեփականաշնորհման եւ ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարարությունների՝ 14.502.351 դրամ վնասի փոխհատուցման պահանջի մասին ՀՀ տնտ. գործերով վերաքննիչ դատարանի 04.06.99թ. վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը 26.10.99թ. վերադարձվել է հատուկ արտոնագիր ունեցող եւ ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբան Վարդան Սաֆարյանին՝ պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ»: Այսպես, դատարանի աշխատակազմի ղեկավարի 13.03.2000թ. գրությունից է նրան հայտնի դառնում, որ իր բողոքը վերադարձվել է դատարանի գրասենյակ՝ մուտք անելուց 12 օր հետո: Հոկտեմբերի 26-ին Վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի նախագահը վերադարձրել է՝ պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ, սակայն պրն Գալստյանի ասելով, Վ. Սաֆարյանը այն խնամքով թաքցրել է իրենից: Հակառակ դրան, ինչպես տեղեկացնում է Ա. Գալստյանը, խորհուրդ է տվել շուտափույթ դատարան ներկայացնել նաեւ պատգամավոր Հ. Բաբուխանյանի միջնորդագիրը` կապված պետտուրքի վճարումը հետաձգելու հետ: Արտադրամասի տնօրենը վճռաբեկ դատարանին ուղղված իր երրորդ դիմումն է գրում, որին ի պատասխան Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերով դատական պալատը կարող է անդրադառնալ պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցին միայն վճռաբեկ բողոքը ներկայացնելուց հետո: Արմեն Գալստյանի ասելով, փորձել է Վ. Սաֆարյանից բացատրություն ստանալ կատարվածի մասին, միաժամանակ դիմումով առաջարկել է կրկին դատարան ներկայացնել բողոքը, բայց ի զարմանս իրեն, փաստաբանը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարան կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է փոխադարձ համաձայնությամբ պայմանագիր կնքել»: Ա. Գալստյանի ասելով, համաձայնել է փաստաբանի համար շահավետ պայմաններով նոր պայմանագիր կնքել, սակայն դիմումներն արդեն անպատասխան են մնացել: Դրան հաջորդում են անվերջանալի բողոքարկումները փաստաբանի գործողությունների դեմ: Դիմել է`ՀՀ փաստաբանների միությանը` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազություն` Վ. Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով: Արդարադատության խորհրդի նախագահին` դատախազության ստացած մերժումը վերանայելու խնդրանքով: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին` Վ. Սաֆարյանի վճռաբեկ բողոքն ընդունելու եւ քննության առնելու խնդրանքով եւ այլն: Բողոքներում շեշտել է, որ փաստաբանն իրենից թաքցրել է բողոքը վերադարձնելու փաստը, որով իրեն եւ իր գույքին էական վնաս է պատճառել: «Ինձ զրկել է ՀՀ սահմանդրությամբ եւ օրենքներով երաշխավորված իմ խախտված իրավունքները վճռաբեկ դատարանում վերականգնելու հնարավորությունից»: ՀՀ փաստաբանների միությունը, մերժելով փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու քաղաքացու պահանջը` պատասխանում է. «Վճռաբեկ դատարանը չքննարկելով պետտուրքի վճարումը հետաձգելու խնդրանքն ու նրա հիմնավորումը, բողոքն ուղեկցական գրությամբ վերադարձրել է հեղինակին: Հատուկ արտոնագրված փաստաբան Վ. Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան, քանի որ Ձեզ առնչվելու հետ կապված նրա գործողություններում օրինախախտում կամ փաստաբանական էթիկայի կանոնախախտում չի հայտնաբերվել»: Միությունը շրջանցել է Ա.Գալստյանի հիմնավորումները, գոնե այն մասով, որ փաստաբանն արդեն իսկ օրինախախտում է թույլ տվել՝ ամիսներ շարունակ վստահորդից թաքցնելով բողոքը ետ վերցնելու մասին: Բայց, ի տարբերություն Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին բողոքում բերված միջնորդությունը Վճռաբեկ դատարանը չէր կարող բավարարել, քանի որ «Գեղադիրի արտադրամաս» ԲԲԸ-ի ֆինանսական վիճակի վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացրել, միությունը գրությամբ կարծիք է հայտնել, որ բողոքում բերված միջնորդությունը հիմնավոր է: «Տարօրինակ է, որ պետտուրքի վճարումը հետաձգելու Ձեր խնդրանքն ու այն փաստաբանի կողմից լիակատար հիմնավորումը չքննարկող դատարանից դժգոհելու փոխարեն, դժգոհել եք փաստաբանից»: Միությունը գտնելով, որ այլեւս անելիք չունի՝ քաղաքացուն խորհուրդ է տվել դիմել հատուկ արտոնագիր ունեցող մեկ ուրիշ փաստաբանի: Նույն միության անդամ Ա. Շահոյանը համամիտ լինելով իր գործընկերոջ ներկայացրած բողոքի բովանդակությանը` բողոքը նախապատրաստել է իր բլանկով ներկայացնելու համար, բայց այն նույնպես դատարան չի հասել: ՀՀ գլխ. դատախազությունը քրեական գործի հարուցումը մշտապես մերժել է: «Պարզվել է, որ Վ. Սաֆարյանի կողմից հանցավոր արարք թույլ չի տրվել: Նա ստացած հոնորարը վերադարձրել է Ա. Գալստյանին եւ միաժամանակ հաղորդել նրան, որ առանց պետական տուրքը մուծելու ինքը կրկին բողոք չի ներկայացնի: Միաժամանակ Վ. Սաֆարյանի եւ փաստաբանների միության կողմից Ա. Գալստյանին պարզաբանվել է այլ արտոնագիր ունեցող փաստաբանի դիմելու իրավունքը»: Կրկին բողոքարկելով դատախազությունից ստացած հերթական մերժումը՝ Ա. Գալստյանը հայտնում է. «Ձեզ եմ ուղարկում նաեւ հատուկ արտոնագիր ունեցող երրորդ փաստաբանի՝ Ա. Շահոյանի կողմից նույն գործով զբաղվելուց հրաժարումը հավաստող փաստաթուղթը, կարող եմ հայտնել նաեւ չորրորդ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի մասին եւ…»: Դատախազությունը քննություն չի կատարել, որպեսզի պատասխաներ այն հարցին, թե ինչո՞ւ է փաստաբանը վեց ամիս թաքցրել բողոքը վերադարձնելու փաստը, ինչո՞ւ է պետտուրքի գանձումը հետաձգելու միջնորդություն ներկայացրել, եթե դա օրինական չէր եւ ընդհանրապես ինչո՞ւ են փաստաբանները հրաժարվել գրված բողոքները դատարան ներկայացնելուց, երբ ընդունել են, որ ե՛ւ բողոքարկելու հիմքեր կան, ե՛ւ պետտուրքը հետաձգելու հիմնավոր պատճառներ: «Մենք նկատել ենք, որ առավել շատ անարդարություն է կատարվում բարձր ատյանի դատարաններում, քանի որ վերջին խոսքը իրենցն է եւ քչերը հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին վճարելու հնարավորություն ունեն»,- նման դեպքերը նկատի ունենալով արդարադատության նախարար Դ. Հարությունյանին գրել է մի քաղաքացի: Ավելացնենք, որ այս երեւույթը միայն վերադաս դատարաններին չէ հատուկ: Դատական պաշտպանության արգելակումը ամենատարբեր դրսեւորումներով է ի հայտ գալիս, սկսած հենց առաջին ատյանում հայցադիմումը չընդունելուց կամ, որ ավելի հաճախակի է հանդիպում, քաղաքացու դատական պաշտպանությունը սահմանափակելով մեկ ատյանով: Ասվածը հավաստող մի օրինակ ներկայացնենք: 2001թ. հոկտեմբերի 18-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը թիվ 2-553 գործով վճիռ է կայացրել, որը նոյեմբերի 4-ին ուժի մեջ է մտել: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տնտեսական դատարան բողոք է բերվել: Նոյեմբերի 28-ին, վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց 24 օր հետո տնտեսական դատարանը որոշում է կայացրել բողոքարկման համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին եւ վերաքննիչ բողոքը ընդունել է վարույթ: Դեկտեմբերի 4-ին գործի քննությունն ստանձնած դատավորները եռյակ կազմով նաեւ արգելանքի որոշում են կայացրել՝ թիվ ՏՎ-145 գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 20-ին: Սակայն մինչեւ դատաքննությունը դատարանը փոխել է «մտադրությունը» եւ արգելանքը վերացնելու մասին որոշում է կայացրել: Այնուհետեւ, դեկտեմբերի 20-ին տնտ. դատարանը, նախագահող դատավոր Անատոլի Մաթեւոսյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել հայցը վերադարձնելու մասին: Բայց քանի որ այս դեպքում դատական երկու ատյաններն էլ հայցը վարույթ են ընդունել, առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել՝ վերադարձնելու մասին խոսք չէր կարող լինել: Մերժված կողմը որոշումը բողոքարկել է տնտ. դատարանի նախագահին՝ այն վերանայելու համար, սակայն մերժում է ստացել առանց օրենքին հղում կատարելու: Օրեր անց սահմանված կարգով հայցը կրկին ներկայացվել է տնտ. դատարան եւ «հայտնվել» է նույն դատավորի՝ Ա. Մաթեւոսյանի մոտ: Դատարանը դարձյալ հայցը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, այս անգամ պատճառաբանելով, որ հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցների բնօրինակները հայցադիմումին չեն կցվել, ներկայացվել են պատճենները: Նշենք, որ Քաղ. դատ. օր-ի 92 հոդվածը հայցը ետ վերադարձնելու նման հիմք չի նախատեսում: Անձին իր հիմնական՝ դատարան դիմելու իրավունքից եւ դատական պաշտպանությունից զրկելու մասին ահազանգեր կան նաեւ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրած գանգատներում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը, որոնց ծանոթացանք նախարարության գրասենյակում: Գեղարքունիքի մարզից, Վարդենիս քաղաքի բնակիչ Աշոտ Շաբոյանը ավելի քան հինգ անգամ դիմել է արդարադատության նախարարին. «Հայցադիմումը, որը կից ներկայացնում եմ Ձեզ, դատարանի կողմից չի մակագրվել, չի գրանցվել եւ ընթացք չի տրվել: Տիկին Անահիտ Սաղաթելյանը անպատվելով ինձ դուրս է վռնդում աշխատասենյակից»: Վերջինս հենց այդպես էլ պատասխանել է նախարարության հարցմանը՝ դատարանում նման հայցադիմում մուտք չի եղել: Նախարարությունից դիմումատուին առաջարկել են հայցադիմումը հանձնել նախարարությանը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան ուղարկելու համար: Արդարադատության խորհուրդը 2001թ. կարգապահական տույժի է ենթարկել երեք դատավորի: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանը նկատողություն է ստացել՝ վճռաբեկ բողոքի դեռեւս չքննարկված վճիռը հարկադիր կատարման ուղարկելու համար: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գեւորգ Այվազյանին խիստ նկատողություն է հայտարարվել մեկ քրեական գործով՝ սպանությունը անզգույշ սպանություն որակելու համար: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Անահիտ Սաղաթելյանը, որ երկու տարի առաջ էր խիստ նկատողության արժանացել, 2001թ. դարձյալ հայտնվել է արդարադատության նախարարի տեսադաշտում եւ ԱԽ-ն կրկին խիստ նկատողություն է հայտարարել նրան: Քանի որ ո՛չ ԱԽ-ում, ո՛չ արդարադատության նախարարությունում թույլ չտվեցին դատավորների կարգապահական վարույթներին ծանոթանալ՝ չենք կարող ասել, թե ընդհանրապես կարգապահական վարույթները ուսումնասիրությա՞ն արդյունքում են հարուցվում, թե՞ քաղաքացիների դիմում-բողոքների կամ՝ վերջինը որքանո՞վ է ազդեցություն ունենում վարույթներ հարուցելու հարցում: ԱԽ-ն իր տարեկան հաշվետվության մեջ քաղաքացիական գործերով հիմնական թերացումներ է համարել դատավարական ժամկետների խախտումը, պետական տուրքի սխալ գանձումը, հայցային վաղեմությունը, հայցն առանց քննության թողնելը, հատուկ հայցային վարույթի գործերը հայցային վարույթի կարգով քննելը, հայցի շրջանակներից դուրս գալը եւ այլն: Տեղեկանքում ոչ մի խոսք չկա քաղաքացիներին դատական պաշտպանությունից զրկելու մասին: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am էջում