Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԻՑ ՈՒՇԱՑԱԾ ԱԶԳ

Մարտ 23,2002 00:00

ԴԱՍԻՑ ՈՒՇԱՑԱԾ ԱԶԳ Հայ պետականությունը իր ողջ պատմական ճանապարհին բազմիցս ենթարկվել է կործանումների եւ ընդհատվել։ Ամեն անգամ վերականգնելով այն, տոնել ենք մեր հաղթանակը, որը, ցավոք, իր մեջ պարունակում է նաեւ որոշակի պարտություն։ Քանզի նորմալ երեւույթ չէ պարբերաբար պետություն վերականգնելը, այլ ավելի բնական կլիներ մեկ անգամ նվաճելուց հետո մտածել այն պահպանելու եւ մեր ուրույն տեղը աշխարհում ձեռք բերելու մասին։ Մեր անկումների պատճառը վերագրում ենք հարեւան պետությունների վայրագությանը եւ նվաճողականությանը։ Իսկ մեզ ներկայացնում որպես մի ժողովուրդ, որը զոհ է իր անսահման մեծահոգությանն ու բարությանը։ Մի ազգ, որն օժտվել է քրիստոնեական գթասրտությամբ՝ դեռեւս քրիստոնեության ընդունումից առաջ։ Եվ կարծես գոհ ենք մեզնից։ Գոհ ենք, քանզի չենք գիտակցում, որ վերը նշված հատկանիշները հարիր են առաքինի մարդուն, բայց ոչ երբեք պետությանը։ Սակայն միթե միայն մեր արժանիքներն ու հարեւանների դաժանություններն են մեր դժբախտությունների արմատները։ Չկա՞ն արդյոք ավելի խորքային պատճառներ, որոնք չենք խոստովանում նույնիսկ ինքներս մեզ։ Հպարտորեն վկայակոչելով Արտաշեսյան եւ Տիգրանյան աշխարհակալությունները, Ավարայրի հերոսամարտը եւ մեծամտությամբ լցվելով քրիստոնեության ընդունման զուտ փաստից, կարծես մոռանում ենք մեր պատմության ամոթալի էջերը եւ դրանով ապացուցում Ֆրիդրիխ Նիցշեի հետեւյալ ասույթի ճշմարտացիությունը. «Ես դա արել եմ՝ ասում է իմ հիշողությունը։ Ես դա չէի կարող արած լինել՝ ասում է իմ հպարտությունը։ Ի վերջո հիշողությունը պարտվում է»։ Մոռանում ենք այն էջերը, որտեղ օտարին զոհ են դարձել մեր առաջնորդները մեր իսկ ձեռքերով։ Որտեղ մեր արյան գնով կերտած պետությունը նվիրել ենք ուրիշին, հետո ի լուր ամենքի ողբացել, թե արյունահեղությամբ այն խլեցին մեզնից։ Պատճառն, անշուշտ, եղել է մեր՝ միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունն ու հավերժ դժգոհ բնույթը, անմիաբանությունն ու օտարամոլությունը, դրսում փրկիչներ որոնելու կործանիչ սովորությունը։ Մեր պատմական անցյալը, մեր ողջ նվաճումներն ու անկումները կարելի է նույնացնել այժմյան իրականությանը։ 70 երկարաձիգ տարիների օտար լծից հոգնած՝ հերթական անգամ գիտակցեցինք սեփական պետություն ունենալու անհրաժեշտությունը։ Եվ այդ գիտակցմամբ մղված՝ միահամուռ ոտքի ելանք պայքարելու, եւ հաղթեցինք։ Վերականգնեցինք մեր կորսված պետականությունը։ Մեր առջեւ փայլուն հնարավորություն ստեղծվեց թոթափել նախկինի արատները, աշխարհին նայել այլ տեսանկյունից եւ քայլել ժամանակին համահունչ։ Ցավոք, չգնահատեցինք մեր հաղթանակը։ Հրաժարվեցինք ինքներս մեզնից եւ կասեցրինք մեր նորաստեղծ պետության զարգացման գործընթացը։ Պայքարից շատ կարճ ժամանակ անց, կարծես թե անսալով անցյալի կանչին, անձնատուր եղանք անհանդուրժողականության ու դժգոհության ալիքին։ Հրաժարվելով տոկալուց եւ ուժ չգտնելով արժանապատվորեն կրելու նորանկախ եւ պատերազմող պետության անցումային դժվարությունները եւ հագուրդ տալով մեր զայրույթին, մենք ոչ միայն էլ ավելի անտանելի դարձրինք ներկան, այլեւ վտանգեցինք մեր եւ մեր երեխաների ապագան։ Անտարբերությամբ ընդունեցինք Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Այն մարդու հրաժարականը, որը հաջողությամբ ղեկավարեց ամբողջ պայքարը եւ իր ուսերին վերցրեց առաջին նախագահ լինելու վիթխարի ծանրությունն ու պատասխանատվությունը, պատերազմի ողջ բեռը։ Չգնահատեցինք առաջին նախագահի դիվանագիտությունը, որի շնորհիվ Հայաստանը խուսափեց տարածաշրջանում ագրեսորի անուն վաստակելուց։ Չնկատեցինք, որ հանձին նրա՝ մեր պետությունը ձեռք բերեց միջազգային մեծագույն կշիռ։ Ի վերջո, ապաշնորհ ձեւով Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխեցինք ներկայիս նախագահով, որը նույնիսկ չգիտե հայեցի մտածել եւ մայրենի լեզվով արտահայտվել։ Մենք հանդուրժեցինք եւ թույլ տվեցինք հանցագործի անունով պիտակավորել այն մարդուն, որի ծառայություններն անգնահատելի են այս երկրում։ Ականջալուր լինելով ներկայիս արդարադատության ողջ կեղծիքին, մոռացանք, որ Վանո Սիրադեղյանի շնորհիվ Հայաստանը խուսափեց ներքին ցնցումներից։ Նրան ենք պարտական, որ պատերազմի դժնդակ տարիներին պետությունը ապրում էր ներքին խաղաղությամբ, ինչը այդ ժամանակահատվածում չհաջողվեց մեր հարեւաններին։ Նա էր, որ պահպանում էր ներքին անդորրությունն այն մարդկանց ընտանիքների, որոնք մարտնչում էին ռազմի դաշտում։ Եվ որոշ անձինք պատերազմից վերադառնալով քաղաքականություն, չկարողացան հաշտվել այն մտքի հետ, որ նրան են պարտական իրենց ձեռքբերումներում։ Նրանք վախեցան ներկայությունից այն մարդու, որը կարող էր պարզապես երեսներին նետել իրենց ողջ քաղաքական անկարողությունը։ Արդյունքում՝ Վանո Սիրադեղյանը ստիպված էր լքել Հայաստանը։ Տեղին է հիշել մեզ հասած այն ավանդությունը, ըստ որի, Ալեքսանդր Մակեդոնացին ճամփորդության ժամանակ հանդիպում է մեկին, որը նախատում եւ հայհոյում է իր ծնողներին։ «Ով պատանի, դադարիր գոռալ նրանց վրա, որոնց շնորհիվ սովորեցիր խոսել»,- հանդիմանում է նրան Ալեքսանդրը։ Ալեքսանդրը չհանդուրժեց մեծամիտ պատանու գոռոզությունն ու ամբարտավանությունը։ Իսկ մենք հանդուրժեցինք, տեսանք եւ լռեցինք։ Սառնասրտությամբ նայեցինք Վազգեն Սարգսյանի գնդակահարությանը, նայեցինք ու մոռացանք։ Մոռացանք, որ նրա ներդրումը բանակաշինությանը՝ անուրանալի է։ Բանակ, որի հաջողություններով բազմիցս ենք հպարտացել, որի հովանու ներքո մեզ զգացել ենք երիցս ապահով։ Իսկ ինչ ունենք ներկայումս։ Մեզ ուր հասցրեց դժգոհությունը, գնահատելու անընդունակ մեր մտածելակերպը։ Մի՞թե այժմյանն էինք երազում։ Մի՞թե ցանկանում էինք պետության գլուխ տեսնել մի մարդու, որի վարած արտաքին քաղաքականության հետեւանքով կդառնանք մեկ այլ պետության սոսկ կամակատարը։ Որի իշխանության տարիներին ահաբեկչություններն ու հրապարակային սպանությունները դարձել են սովորական երեւույթ։ Մի՞թե ուզում էինք ունենալ մի Ազգային ժողով, որը նույնիսկ իր սեփական շահերը չի կարողանում պաշտպանել, որտեղ հայհոյանքը դարձել է պարզապես դիմելաձեւ։ Մի՞թե կարող էինք մտածել, որ երբեւէ կունենանք կառավարություն՝ առանց վարչապետի եւ նախարարների։ Իհարկե չէինք ուզում, իհարկե չէինք կարող մտածել։ Այս ամենը հետեւանք է այն բանի, որ ուսումնասիրելով մեր անցյալը՝ ոչ մի հետեւություն չենք արել, ոչ մի դաս չենք քաղել պատմությունից։ Չենք հասկացել, որ հարեւաններին մեղադրելու փոխարեն պարզապես պետք է փոխել մեր վերաբերմունքը մեր իսկ նկատմամբ։ Այս ամենը ապացույցն է նրա, որ երկարաձիգ հազարամյակների ընթացքում մեր մտածելակերպը գրեթե չի փոփոխվել, այլ փոխվել են սոսկ ժամանակներն ու անունները։ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել