Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ «Ա1+»-ը կարող է դուրս մնալ եթերից

Մարտ 23,2002 00:00

Անկախ «Ա1+»-ը կարող է դուրս մնալ եթերից Հայաստանյան «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը, որը առավել հաճախ է եթերաժամ տրամադրում ընդդիմադիր գործիչներին, առաջիկա յոթ տարիներին իր զբաղեցրած կապուղուց օգտվելու համար պիտի մասնակցի մրցույթի: «Ա1+»-ի զբաղեցրած դեցիմետրային կապուղու համար մրցույթում հեռուստաընկերությունը կարող է եւ չհաղթել՝ մինչեւ որեւէ ազատ կապուղու համար նոր մրցույթ՝ դուրս մնալով եթերից: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով, մրցույթը հայտարարում եւ անցկացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ի շուրջ աղմուկն անվանեց քաղաքական շահարկում: Նա հերքեց տեղեկությունը, թե հեռուստաընկերությանը արտոնագրից զրկելու սցենարը ծնվել է նախագահ Քոչարյանի աշխատակազմում: Խնդիրն այն է, որ հանձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը, եւ գործող Սահմանադրությամբ (նաեւ՝ նախագահ Քոչարյանի սահմանադրական փոփոխությունների նախագծով)՝ նման մարմնում կարող է նշանակումներ անել միայն երկրի նախագահը: Գրիգոր Ամալյանն ասաց, թե «նախագահի աշխատակազմը լիցենզավորում չի անցկացնում», եւ որեւէ «հրահանգ հանձնաժողովը չի ստացել»: Ի պատասխան փաստարկների, թե սրանով միակ ընդդիմադիր հեռուստակայանի հեռարձակումն է վտանգվում, Ամալյանն ասաց, թե «չի կարելի պահանջել, որ հաղթողի ճանաչման հիմքում դրված լինի քաղաքական լուծումը»: «Պետք չէ պահանջել, որ առաջնորդվեմ նրանով, որ այն միակն է, օպոզիցիոն է, եւ կանխակալ ձեւով այն գերադասեմ մյուս մրցակիցներից,- ասաց Ամալյանը՝ ի պատասխան ռադիոկայանի հարցին էլ վստահեցնելով, թե հաշվի կառնվի, որ «Ա1+»-ը արդեն օգտագործում է այդ հաճախականությունը:- Կբացենք փաթեթները, կլսենք բոլոր առաջարկները… Հաղթող կճանաչենք իսկապես օրենքով սահմանված ձեւով: Մեր քայլերը թող լինեն իրավական դաշտում, ոչ թե քաղաքական դաշտում»: Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց նաեւ, որ փաթեթները կբացվեն ու կհրապարակվեն միայն մարտի 28֊-ին՝ հանձնաժողովի նիստում: Ապրիլի 2-ի նիստում արդեն կքննարկվեն այդ առաջարկների փաթեթները եւ քվեարկությամբ կորոշվի հաղթողը: Ազգային հանձնաժողովը, ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, ընտրության ժամանակ հաշվի է առնում սեփական, հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը, դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը: Հանձնաժողովի նախագահի խոսքերով, առաջնայինը ծրագրային հայեցակարգը եւ այն իրականացնելու հանդեպ վստահության աստիճանն են: Հավասար պայմանների դեպքում առավելություն է տրվում «գործած եւ իրավախախտումներ չունեցող ընկերությանը, երեք տարի եւ ավելի փորձ ունեցող ընկերությանը»: Ինչ վերաբերում է լսարանի կարծիքը հաշվի առնելուն, հավանականությունը զրո է թե՛ իրավական, թե՛ գործնական առումներով: Չնայած՝ մրցույթն անցկացվում է հրապարակային եւ բաց եղանակով: «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել