Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ՝ ՄԱՄՈՒԼԻ ՄԻ ՆՈՐ ՄԱՀԱԿ

Մարտ 23,2002 00:00

ՕՐԵՆՔԸ՝ ՄԱՄՈՒԼԻ ՄԻ ՆՈՐ ՄԱՀԱԿ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի հետ զրույցի թեման լրատվամիջոցներին առնչվող վերջին խնդիրներն էին։ – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՞ բացը համարենք, որ իրավական հնարավորություն տրվեց փորձել գործող հեռուստաընկերությանը՝ «Ա1+»-ին, զրկել եթերից, որպեսզի այն զբաղեցնի դեռեւս միայն թղթի վրա իր հեռուստատեսային ծրագիրը շարադրող որեւէ այլ ընկերություն։ Չէի՞ք կանխատեսում, որ օրենքի այդ դրույթը վտանգահարույց կարող է լինել՝ իշխանություններին անհաճո լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու հնարավորության իմաստով։ – Խնդիրն այս է. կարող է լինել մի հեռուստաընկերություն, որի լիցենզիայի ժամկետն ավարտվել է, իսկ իրականում այդ հեռուստաընկերությունն իր ամեն ինչով շատ թույլ է. հիմա հնարարավորություն չլինի՞, որ այդ ալիքը մեկ ուրիշը կարողանա աշխատեցնել։ Իսկ դրա ներկայիս ղեկավարը՝ կարողանա բոլորի հետ նորից դիմել։ Այնպես որ, ցավն այն չէ, որ օրենքը թերի է։ Մտավախությունները, որպես կանոն, առաջանում են ոչ թե օրենքի բացերից, այլ այն պրակտիկայից եւ ստվերային ազդեցություններից, լծակներից, որոնց միջոցով, իբր, օրենքը կիրառելով՝ իրականացվում է անարդարություն։ «Ա1+» հեռուստաընկերությունն, իհարկե, ունի իր մեծ լսարանը, բոլոր ուղղություններով՝ ծրագրեր։ Եվ ամենաէականը. ընդհանուր առմամբ, հեռուստառադիոընկերությունների դաշտում մեզ համար կարեւոր է, որ հասնենք այն թիվ 1 նպատակին, որին ձգտում ենք՝ տարբեր կարծիքների արտահայտում։ Այնուամենայնիվ, հենց «Ա1+» հեռուստաընկերությունն է ընկալվում որպես այլընտրանքային։ Մի կողմ թողնենք այն, որ ընդհանուր ուղղվածության նկատմամբ վերաբերմունքը կարող է տարբեր լինել։ Բայց եթե հայտարարված այս մրցույթի հետեւանքով ստացվի այնպես, որ «Ա1+»-ը դուրս մղվի հեռուստաեթերից, ապա ակնհայտ է, որ դա միանշանակ կգնահատվի իբրեւ քաղաքական պատվերի իրականացում։ – Իսկ գործող հեռուստաընկերության համար արտոնություններ օրենքով նախատեսվա՞ծ են նոր հայտ ներկայացրածի նկատմամբ։ – Այո, կան։ Կա եւ ուղղակի դրույթ, որով ամրագրված է, թե հավասար պայմանների դեպքում հանձնաժողովն ուղղակի պարտավոր է նախապատվությունը տալ արդեն գործողին։ Կա նաեւ եւս մի հանգամանք, որ ուղղակի չի արձանագրված, բխում է օրենքի ոգուց, այլ ոչ՝ տառից։ Չէ՞ որ, շատ էական է, որ երբ մրցույթում հաղթում է որեւէ ռադիո կամ հեռուստաընկերություն, այդ դեպքում կարեւոր են նաեւ դրա ծրագրերը։ Դա հոգեբանորեն շատ պարզ է եւ հստակ. մի բան է, երբ թղթի վրա են ներկայացված, այլ բան, երբ ծրագրերն արդեն իրականացված են, փորձարկված տարիների ընթացքում։ Այդ տեսակետից՝ այս երկրորդ հանգամանքը բխում է օրենքի ոգուց։ – Այժմ, երբ հետեւում եք մրցույթի ընթացքին՝ տեսնո՞ւմ եք որոշակի ուղղորդված քաղաքական մոտեցում. «Նոյյան Տապանն» ու «Ա1+»-ն իրենց կապուղիները վերանվաճելու համար պիտի պայքարեն երկուական մրցակիցների հետ, «Ավետիս» հեռուստաընկերության մրցակիցը մեկն է, իսկ «Հայրենիքի» համար արտոնություն ապահովող նախապայմաններ են սահմանվել։ – Թվաբանությունն, իհարկե, մտահոգում է, բայց չեմ կարող պնդել, որ դրա տակ արդեն կան որոշակի դավեր։ Անկեղծ ասեմ՝ որպես երկրի քաղաքացի։ Ինքնին այն հանգամանքը, որ «Նոյյան Տապանն», ըստ էության, հեռացվեց եթերից՝ չէր կարող չմտահոգել, անկախ նրանից, թե ինչպես դա բացատրվեց՝ պայմանագիրն է լրացել, չեն կարողացել երկարաձգել, եւ այլն։ ՈՒնենալով արդեն այդ փորձը՝ բնական է, որ չեմ կարող չմտահոգվել այժմ։ Ավելին ասեմ. այդ երկու հեռուստաընկերություններն են՝ «Նոյյան Տապան» եւ «Ա1+», որ փորձում են ինչ-որ չափով ապահովել հավասարակշռություն։ Հիմա, անկախ նրանից՝ դա եղել է օրենքի տառին համապատասխան եւ այլն, եթե արդյունքում ստացվի այնպես, որ «Ա1+»-ը դուրս մնա, «Նոյյան Տապանը» չստանա լիցենզիա, ապա դա շատ էական հարված կլինի մեր մամուլին եւ, ընդհանուր առմամբ, այդ հիմնարար նպատակին՝ արտահայտել հասարակությունում առկա բազմակարծությունը։ – Այլ հետեւություններ կանենք այնժամ, երբ կամփոփվեն մրցույթի արդյունքները եւ պարզ կդառնա՝ արդարացվա՞ծ էին այս մտահոգությունները։ Իսկ այժմ, մամուլի այլ ընթացիկ խնդիրների մասին, որոնք ակնհայտորեն ունեն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն։ «Նոյյան Տապանի» հաղորդագրությունը հերքելու պարտավորությունը դատարանը բարդեց «Երկիրի» եւ «Գոլոս Արմենիի» ուսերին։ Գուցե հարկ է օրենքում ամրագրել, որ լրատվամիջոցը գործակալության հաղորդագրության հավաստիության համար չպիտի՞ կրի անմիջական պատասխանատվություն։ – Այո, իհարկե, բնական է։ Քանի որ տրամաբանությունը թելադրում է, որ եթե հաղորդագրության ներքո կա համապատասխան գործակալության ստորագրությունը, ապա դրա համար պատասխանատու պիտի լինի ինքը՝ գործակալությունը։ Դա ակնհայտ է։ Սակայն այստեղ վեճը տեղափոխվեց այլ հարթություն՝ գործակալությունը ԶԼՄ է՞, թե՞ ոչ։ Նույնիսկ դա է երկրորդական։ Ուղղակի պետք է ԶԼՄ-ների մասին նոր օրենքում, որն ընդունվելու է, հստակ ձեւակերպվի այս դրույթը։ Սա նույնն է, որ ես պաշտոնապես ամբիոնից որեւէ հայտարարություն անեմ, ուղղակի մեջբերում արվի, եւ դրա համար պատասխանատվության ենթարկվի թերթը։ Ինչո՞ւ եմ ասում, որ տվյալ պարագայում վեճը ԶԼՄ լինելը կամ չլինելը չէ։ Բնական է, որ եթե ես եմ այդ հայտարարությունն արել ԱԺ ամբիոնից՝ ես էլ ԶԼՄ չեմ, բայց, միեւնույն է, պատասխանատվություն կրում եմ։ Ես նամակ էի ստացել «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրից, որը խնդրում էր պարզաբանում՝ կարելի՞ է գործակալությունը դիտել որպես ԶԼՄ։ Գիտեք, օրենքի տեսակետից շատ վիճելի հարց է, բայց ավելի շուտ՝ ո՛չ։ Մյուս կողմից՝ գործակալությունը պատասխանատու է իր տարածած հաղորդագրության համար։ – Այս դրույթը սահմանելու համար պիտի սպասենք նոր օրենքի ընդունմա՞նը, թե՞ հնարավոր է «Մամուլի մասին» գործող օրենքում փոփոխություն անել։ – Եթե հիմա գործող օրենքում առաջարկենք փոփոխություն՝ միանգամից ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԱԺ-ն կապստամբեն, կասեն՝ ի՞նչ եք անում, նոր օրենք ենք ընդունելու։ Այնպես որ, երեւի ավելի տրամաբանական է դա ամրագրել արդեն նոր ստեղծվելիք օրենքում։ Չնայած այս առումով տեսնում եմ լուրջ խնդիրներ։ – Մինչ դրանց մասին խոսելը՝ որոշակիացրեք՝ արդյոք հարկ չկա, որ նոր օրենքում ամրագրվի նաեւ այն, ինչի նախադեպը դարձավ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը։ Այսինքն, պիտի սահմանվի, որ ընդհանրական մեղադրանքը չի կարող ենթադրել պատասխանատվություն, եւ դա կարող է լինել միայն այն պարագայում, երբ մեղադրանքը հասցեագրված է։ – Շատ անգամ են ասում, որ օրենքը պետք չէ, քանզի այն հնարավորություն է տալիս չարաշահելու, դառնում մի նոր մահակ։ Մեր ավանդույթն իրոք այդպիսին է։ Բայց մյուս կողմից, երբ խոսքը վերաբերում է ԶԼՄ-ներին՝ հենց օրենքի բուն տրամաբանությունը, իմաստն այն է, որ դա լրացուցիչ պաշտպանվածություն է։ Մի չափանիշ կա, որով կարելի է դատել, թե ԶԼՄ-ների օրենքը հաջողված է, կամ ոչ՝ լրագրողն ավելի շա՞տ է պաշտպանված այդ օրենքով, քան եթե նա չլիներ լրագրող։ Եթե տեղի է ունենում հակառակը՝ այն, ինչ որ կա ԱՆ այս նախագծում, ապա ակնհայտ է, որ օրենքը չի ծառայի իր նպատակին։ Այդ տեսակետից, իհարկե, համամիտ եմ, որ հաշվի առնելով մեր այս «ավանդույթները», պետք է շատ ուշադիր լինել նոր օրենքի նկատմամբ։ Չնայած, կրկնում եմ, որ այս առումով այնքան էլ լավատես չեմ։ – Ի՞նչն է հիմք դարձել հոռետեսության համար։ – Քանի՜ անգամ, երբ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը մշակման փուլում էր, դիմել եմ անգամ անձամբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որ լավ կլինի, եթե մեր հանձնաժողովն էլ մասնակից լինի, եւ կամ ուղարկեք միջանկյալ տարբերակները։ Դա չի արվել, եւ օրենքի մշակումը, փաստորեն, ընթանում էր ստվերում։ Մյուս կողմից՝ կա պատրաստի օրենք, որ մշակել է Երեւանի մամուլի ակումբը։ Սրա վրա արժեր աշխատել, քանի որ այն իր էությամբ, իհարկե, շատ ավելի ընդունելի է։ Այս տեսակետից, անընդհատ սպասում էինք, որ այն երկրորդը լինի, հետո իրար կողքի դնենք, տեսնենք՝ ինչ է կատարվում։ Ես հիմա համոզվեցի, որ մենք սխալ էինք։ Ուղղակի որպես հիմք պիտի ընդունեինք Երեւանի մամուլի ակումբի օրենքը եւ ներկայացնեինք մեր նախագիծը։ Ի դեպ, այստեղ պետք է ասեմ, որ ցավոք, ԵՄԱ-ն էլ, որին առաջարկեցինք միասին աշխատել եւ նույնիսկ հասարակական կարգով փորձագետ ձեւակերպեցինք երկու հոգու՝ առանձնապես շահագրգիռ չեղավ այդ հարցում։ Դրանից հետո սկսվեց այդ արդարացի մեծ աղմուկը։ Եկան Եվրախորհրդի փորձագետները։ Ես էլ եմ հանդիպել նրանց՝ Տիգրան Թորոսյանի առանձնասենյակում։ Այս հանդիպման ժամանակ փորձագետները շատ հստակ նշեցին հետեւյալը. այո՛, բարելավման համար «ԶԼ մասին» այս օրինագիծը չի կարող որպես հիմք ծառայել։ Դա արձանագրվեց։ Արձանագրվեց եւս մեկ մոտեցում՝ ճիշտն այն է (ընդ որում, դա հենց Տիգրան Թորոսյանը ձեւակերպեց), որ օրենքի առկա 3 նախագծերը (ԵՄԱ-ինը եւ արդարադատության նախարարության երկու նախաձեռնությունները) ու դրանց վերաբերյալ ԵԽ փորձագետների տեսակետներն ընդունվեն որպես աշխատանքային փաստաթղթեր, ձեւավորվի աշխատանքային խումբ, որը կգրի նոր օրենք։ Ենթադրվում էր, որ այդ աշխատանքային խմբում պետք է ներգրավված լինեին արդարադատության նախարարության, կառավարության, մեր հանձնաժողովի ներկայացուցիչները։ Խոսվեց նաեւ այն մասին, որ աշխատանքային խմբում լինեն նաեւ մամուլի ոլորտի ներկայացուցիչներ։ Թվում էր, թե այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց (հանդիպմանը ներկա էր նաեւ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը)։ Բայց դրանից ընդամենը մեկ օր հետո ես զարմանքով պարզեցի… – Որ փորձագետները փոշմանել են… – Այո՛։ Ճիշտ հակառակը սկսեցին ասել, եւ ավելին։ Դրանից հետո էլ ինձ ոչ ոք չի դիմել եւ առաջարկ չի եղել հանձնաժողովին, թե՝ եկեք-մասնակցեք օրենքի մշակմանը։ Այսինքն, սա արդեն մտավախության հիմք է, որ այնուամենայնիվ, պատահականություն չէր այդպիսի օրինագծի ի հայտ գալը, այլ դա հետեւողական գիծ է։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել