Զավակները տուժում են հայրերի պատճառով Այս դեպքն արտաքուստ կարող է թվալ մասնավոր, սակայն իրականում հենց նման նոմենկլատուրային եղանակներով են իշխանավորները պատժում իրենց համար անհաճո գործիչներին։ Լրատվամիջոցներից մեկը հաղորդել էր, որ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանի դուստրը դատավորների որակավորման քննություններում ապահովել է անհրաժեշտ միավորները, սակայն չի արժանացել որեւէ նշանակման։ «Հնարավո՞ր է, որ սա ուղղակիորեն պայմանավորված է Ձեր քաղաքական գործունեությամբ»՝ մեր այս հարցին Խորեն Սարգսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, նույն բանն ինձ ասել է նաեւ արդարադատության նախարարը։ Ես փորձեցի պարզաբանել նրա հետ այս հարցերը, քանզի երբ աղջիկս անցել էր մրցույթով, հեռուստաընկերություններից մեկը հաղորդել էր, որ հնարավոր է՝ նա էլ նշանակվի դատավոր, եթե իշխանությունները քինախնդիր չլինեն։ Ես ենթադրում էի, թե անպայման կնշանակվի, որպեսզի ցուցադրեն իրենց մեծահոգությունը։ Բայց աղջիկս ոչ միայն չնշանակվեց, այլ անգամ դուրս մնաց պաշտոնեական պիտանելիության ցուցակից։ Կարող էին ներառել ցուցակում, իսկ դրանից հետո կնշանակեին կամ ոչ՝ իրենց խնդիրն է։ Փորձեցի Դավիթ Հարությունյանից գոնե ինձ համար պարզել՝ ի՞նչն է խնդիրը։ Նա նախ պատճառաբանեց, որ իմ երեխան փոքր է, դեռ թող մնա»։ Ընդմիջեցինք պրն Սարգսյանին՝ հիշեցնելու համար, որ նույն տարիքին էր նաեւ Կիմ Բալայանի որդին, երբ նշանակվեց դատավոր. «Ի սեր Աստծո, դրա դեմ չեմ բողոքի։ Լավ են արել՝ նշանակել են։ Շնորհավորում եմ նրա տղային։ Սահմանադրությամբ սահմանված է, որ դատավոր նշանակվելու համար 25 տարին պիտի լրացած լինի։ Իմ աղջիկը 27 տարեկան է, ուստի տարիքը համապատասխանում է։ Սակայն Դավիթ Հարությունյանը երկրորդ պատճառաբանությունը ներկայացրեց՝ բաց տեքստով։ Նա ասաց, որ ես ծայրահեղ քաղաքականացված գործիչ եմ, եւ իրեն վստահություն չի ներշնչել, թե իմ աղջիկը կարող է իրականացնել անաչառ արդարադատություն»։ Մեր հարցին ի պատասխան, թե չի՞ փորձել պարզաբանել՝ ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, ո՞վ է որոշել, որ ծնողների քաղաքական հայացքներով պայմանավորվում են երեխաների աշխարհայացքն ու գործելակերպը, Խորեն Սարգսյանն ասաց. «Ես ավելորդ համարեցի։ Եթե մարդը նման բան է ասում՝ էլ նրան ի՞նչ ասես։ Նույն ձեւով էլ ե՞ս պիտի ասեի, թե քանի որ Դուք, պրն Հարությունյան, հանրապետության նախագահին ենթակա պաշտոնյա եք, երբե՛ք չեք կարող անաչառ գործել… Բայց ուզում եմ ասել, եթե (չէի ուզենա այսպես մտածել) նրանք նպատակ են հետապնդել երեխա-ծնող հարաբերություններում սեպ խրել՝ չարաչար սխալվել են։ Ես ոչ թե մեկ կամ երկու երեխա ունեմ, այլ 6-ը, եւ բոլորն էլ լավ են դաստիարակված»։ Զավակների միջոցով հայրերին հնազանդեցնելու մեթոդը նոր չէ, որ կիրառվում է։ Հիշեցնենք միայն, թե կառավարության նախաձեռնությանը «դեմ» քվեարկելու համար քանի ՀԺԿ-ականի զավակ հեռացվեց աշխատանքից։ Նշենք, որ սա արդյունավետ միջոց է, քանզի մարդկայնորեն հեշտ չէ համակերպվել այն իրողությանը, որ ոչ թե դու ինքդ, այլ արյունակիցդ է տուժում քո գործողությունների պատճառով։ Գուցե Խորեն Սարգսյանն է՞լ այլեւս այդքան ծայրահեղ սուր հայտարարություններ չանի, այդ դեպքում նրա զավակները կարգին աշխատանքի կտեղավորվեն. «Ընդհակառակն, եթե աղջկաս տեղավորեին՝ դա ինչ-որ տեղ կարող էր զսպիչ դեր կատարել ինձ համար։ Բայց ո՞վ է ասել, որ հենց Թռչունիչի աղջիկը պետք է աշխատեր։ Շատ ուրախ կլինեմ, որ ում այժմ դատավոր են նշանակել՝ լինեն հասարակ գյուղացու, բանվորի ընտանիքից դուրս եկած մարդիկ, որոնք աշխատանքի կարիք ունեն (թեեւ քիչ հնարավոր է, որ շարքային մարդկանց զավակները հասնեն նման «փողոտ» պաշտոնների։ Առավել անհավանական կլիներ, եթե դա պատահեր ընդդիմադիր գործչի երեխայի հետ.- Ա.Ի.)։ Շնորհավորում եմ բոլոր նշանակվածներին եւ ցանկանում, որ նրանք վճիռները կայացնեն իրոք օրենքից ելնելով եւ ոչ թե՝ ղեկավարների թելադրանքով, ինչպես տեսանք «Առագաստում» սպանության եւ այլ դատավարությունների պարագայում»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ