Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

Մարտ 23,2002 00:00

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը երեկ նախատեսված էր առավոտյան ժամը 11-ին, բայց դատարանի շենքի մոտ հավաքվածները, որոնց շենք բարձրանալ թույլ չտրվեց, ստիպված եղան շուրջ մեկ ժամ դրսում սպասել: Պարզվեց, որ դատարանը սպասում է տուժողների ժամանմանը: Վերջապես երեւաց ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը, ու մինչ նա դատարանի դահլիճում կզբաղեցներ տուժողի տեղը, դահլիճ բերվեց Մ.Սաղաթելյանը: Դահլիճը նրան դարձյալ ծափահարություններով դիմավորեց: Դատավոր Լալայանն այլեւս ոչ մի նախազգուշացում չարեց. նա պարզապես արձանագրեց, որ դա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, հայտարարեց դատն անորոշ ժամանակով հետաձգելու մասին, հավաքեց իրերն ու գնաց: Ու թեեւ դահլիճը դժգոհ էր, այդուհանդերձ, դատավորի այդ որոշումը, ըստ Քրդատօրենսգրքի 43 եւ 314 հոդվածների՝ վերջինիս վերապահված լիազորությունների շրջանակում էր: Երկու ժամ անց դատը վերսկսվեց եւ տուժողի աթոռին ԱԺ պատգամավոր Ա.Արշակյանի փոխարեն հայտնվեց «Հայոց աշխարհի» գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, որի 2001-ի հունիսի 20-ի «Ձյունանուշիկ եւ Կարմիր գլխարկ մեկ անձի մեջ» հոդվածով էլ սկիզբ էր դրվել Մ.Սաղաթելյանի դեմ քրգործի հարուցմանը: Դատարանում Գ.Մկրտչյանը հայտարարեց, թե ինքը հաստատում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ապա դրանք վերստին շարադրեց, իհարկե, որոշակի սրբագրումներով, մասնավորապես՝ 96-ի նախագահական ընտրությունների եւ սեպտեմբերի 25-ի իրադարձությունների ժամանակ իր դերակատարման հետ կապված: Նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներն այդ մասով էապես տարբեր էին: Համաձայն նախաքննական ցուցմունքների, Գ.Մկրտչյանը 96-ի նախագահական ընտրություններին մասնակցել է իբրեւ լրագրող ու, որպեսզի հնարավորություն ունենար լինել ընտրական տեղամասերում, Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի միջնորդությամբ ստացել է Վ.Մանուկյանի վստահված անձի իրավունք: Իսկ ահա դատարանում, ի պատասխան մեղադրողի այն հարցին, թե ինչով է բացատրում իրեն բերման ենթարկելն ու Մ.Սաղաթելյանի կողմից ծեծվելու հանգամանքը, Գ.Մկրտչյանն ասաց, թե 96-ի ընտրությունների ժամանակ ինքը Վ.Մանուկյանի նախընտրական շտաբի ակտիվ մասնակիցներից է եղել ե՛ւ որպես շտաբի պատասխանատու, ե՛ւ լրագրող, առանց բացառության մասնակցել է բոլոր միջոցառումներին ու, բնականաբար, հայտնվել, այսպես կոչված, «սեւ ցուցակում»: Քրգործում առկա ցուցմունքների համաձայն, սեպտեմբերի 25-ին պրն Մկրտչյանը շատերի հետ միասին որպես լրագրող եղել է ԱԺ դարպասների մոտ. «Հետո չգիտեմ ինչ տեղի ունեցավ: Ժողովրդի բազմությունը ներխուժեց ԱԺ շենք: Ես այդ պահին գտնվում էի Բաղրամյան փողոցում: ԱԺ շենքի տարածք չեմ մտել»: Գ.Մկրտչյանը պնդել է նաեւ. «Ես ասում եմ այն, ինչ տեղի է ունեցել»: Դատաքննության ժամանակ Գ.Մկրտչյանն այլ ցուցմունք տվեց. «Այդ օրը ժողովուրդը մտավ ԱԺ շենք: Ես էլ նրանց հետ էի, բայց ԱԺ շենքում տեղի ունեցած միջադեպերին, օրինակ՝ Աժ նախագահի ու փոխնախագահի ծեծին, չեմ մասնակցել: ԱԺ շենքում գտնվել եմ մոտ 1 ժամ»: Այդ հակասություններին պաշտպանը չանդրադարձավ՝ ըստ երեւույթին, մարտավարական նկատառումներից ելնելով: Անդրադառնալով Մ.Սաղաթելյանի կողմից ծեծի ենթարկվելուն՝ պրն Մկրտչյանը կրկնեց, որ դեպքերից հետո իրեն բերման են ենթարկել ՆԳՆ 6-րդ վարչություն, որտեղ Ռոմեն Ղազարյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի գլխավորությամբ՝ մի քանի հոգի՝ ոստիկանության աշխատակիցներ ու կարմիր բերետավորներ, դաժան ծեծի են ենթարկել: Միաժամանակ, ի պատասխան մեղադրողի այն հարցին, թե նա տեսե՞լ է ծեծի ենթարկված որեւէ այլ անձի, Գ.Մկրտչյանն ասաց, որ անձամբ չի տեսել, բայց հետո Ա.Արշակյանից ու Դ.Վարդանյանից տեղեկացել է, որ նույն մարդիկ նրանց էլ են ծեծել: Պրն Մկրտչյանի ցուցմունքներում այդ մի քանիսի ով լինելու մասին ոչինչ չկա: Տարօրինակն այն է, որ Ա.Արշակյանն ու Դ.Վարդանյանը նրան ոչինչ չէին ասել իրենց ծեծողներից եւս մեկի՝ 6-րդ վարչության պետ Արմեն Երիցյանի մասին, թեեւ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը՝ կամ ցուցմունքներում, կամ մամուլում այդ ասել են: Ավելին, Դ.Վարդանյանի պնդմամբ՝ Ա.Երիցյանը նաեւ Գ.Մկրտչյանին ծեծողների թվում է եղել: Մնում է հարցնել, թե ինչպե՞ս է, որ լրագրողն այդ մեկին չի հիշել: Դատարանում վերջինս ասաց, որ ազատ արձակվելուց հետո երկար ժամանակ ծանր վիճակում է եղել, որ իրեն այցելել են նաեւ Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները: Մինչդեռ 2001-ի հոկտեմբերի 17-ին, ի պատասխան նախաքննական մարմնի հարցման, այդ կազմակերպությունն այսպիսի գրություն է ուղարկել. «Կցանկանայինք հաղորդել, որ վերոնշյալ անձը երբեք չի գրանցվել ԿԽՄԿ-ի կողմից: Հետեւաբար, մենք նրա վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունենք մեր փաստաթղթերում»: ՆԳՆ 6-րդ վարչությունում մնալուց հետո Գ.Մկրտչյանին տեղափոխել են ԱԱՆ քննչական մեկուսարան, որտեղ նրա նկատմամբ, իր իսկ խոստովանությամբ, բռնարարքներ չեն եղել: Ավելին՝ քննիչները հավաստիացրել են, որ իր մասով գործը օբյեկտիվորեն կքննարկվի, եւ, ըստ Գ.Մկրտչյանի՝ այդպես էլ եղել է: Մ.Սաղաթելյանն այդ խոստովանությունը մեջբերեց 96-ին «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված նյութից: Հարց է առաջանում. եթե Գ.Մկրտչյանը գոհ է եղել իր գործի օբյեկտիվ քննությունից, ինչո՞ւ հետո չի դիմել համապատասխան մարմիններին՝ իր նկատմամբ գործադրված բռնությունների առնչությամբ: Պարզվեց, որ նա այն ժամանակ դա անիմաստ է համարել, բայց ահա, երբ 2001-ին Մ.Սաղաթելյանը հավակնել է ընդգրկվել «27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում՝ որպես փորձագետ, ու «27»-ի կազմակերպիչների վերաբերյալ հարցազրույցներ է տվել, «որոնց 90 տոկոսը վերաբերել է բարոյականությանը», լրագրողը եկել է այն համոզման, որ Մ.Սաղաթելյանն ու բարոյականությունն անհամատեղելի են: Ու հիշելով 96-ի դեպքերը գրել է, թե «թափառական դերվիշի տեսքով Պակիստանում արդարադատությունից թաքնվելու» փոխարեն, «տականքն իրեն Ձյունանուշիկ եւ Կարմիր գլխարկ է ձեւացնում եւ ելույթներ է ունենում հհշամետ մամուլում»: «Քո հերն էլ եմ անիծել, ՀՀՇ-ի հերն էլ եմ անիծել: Ո՞վ է էդ Պակիստանում թափառողը: Էդ հարցին պատասխանի»,- չդիմացավ Մ.Սաղաթելյանը: Վերջինս կարծիք հայտնեց, թե Գ.Մկրտչյանն իրեն դեռ 2000-ի մայիսից սկսած կանխամտածված վարկաբեկում է, քանի որ ինքը նաեւ 96-ին ի պաշտոնե մեկն էր եղել, որ կանխել էր Գ. Մկրտչյանի եւ նրա կուսակցության կողմից իրականացված հեղաշրջման փորձը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել