Հայկական առաջին պարբերականը Հայկական պարբերական մամուլի բազմազանությունը եւ առատությունը ներկա ժամանակներում ոչ ոքի չի զարմացնում։ Ռադիոյով, հեռուստատեսությամբ տրվող հաղորդումները, իսկ վերջին տարիներին ինտերնետով տրվող հաղորդումները չեն վերացրել հետաքրքրությունը մամուլի նկատմամբ։ Հանրապետությունում եւ Սփյուռքում հազարավոր տպաքանակով շուրջ 200 հայանուն թերթ ու ամսագիր է լույս տեսնում։ Ինչպես հայերեն առաջին տպագիր գիրքը, այնպես էլ պարբերականը Հայաստանում չեն հրատարակվել։ Մադրասցի ակնավաճառ, մեծահարուստ Շահամիր Շահամիրյանը մեծ սեր ուներ գրքի նկատմամբ։ 1772-73թթ. նրա հիմնադրած տպարանում լույս է տեսնում «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը, որը, կարելի է ասել, հայ իրականության մեջ առաջին մեծածավալ քաղաքահրապարակախոսական աշխատությունն էր։ «Նոր տետրակի» հեղինակը Ղարաբաղից գաղթած Մովսես Բաղրամյանն էր, Շահամիրյանի որդի Հակոբի դաստիարակը։ Նա ասիական իրականության մեջ առաջին անգամ ժողովրդապետության գաղափար էր մտցնում։ Գրքում առաջադրված գաղափարներն ու մտքերը տվյալ ժամանակի համար մի հանդուգն ու առաջադիմական քայլ էին։ Հաջորդ տպագրությունը Շահամիրյանի «Որոգայթ փառաց» գիրքն էր, որի հիմնական արժեքը նրա բովանդակության մեջ էր եւ ոչ թե գրական-գեղարվեստական էության։ Այստեղ արդեն խոսքը գլխավորապես գնում էր ապագայում ազատագրված անկախ Հայաստանի պետական կառուցվածքի մասին, որն ըստ էության ռամկավար ազատական էր, հիմնված ժողովուրդ, օրենք եւ հանրապետություն հենասյուների վրա։ Շահամիրյանի այդ տպարանում երկար ժամանակ տպագրվում են բազմաթիվ գրքեր եւ հետո այն փակվում է։ 1789թ. Մադրասում նոր տպարան է բացում Հարություն քահանա Շմավոն Շիրազցին։ Հարություն քահանան սկզբում տպագրում է մի քանի գրքեր, ապա ընդառաջ է գնում հայ վաճառականների առաջարկին, մտադրվելով տպագրել հայերեն պարբերական։ Այդ կապակցությամբ նա հրապարակում է մի հայտարարություն, տեղեկացնելով, որ նպատակ ունի ամիսը մեկ անգամ լույս ընծայել մի տետրակ, որտեղ զանազան տեղեկություններ կլինեն, կնշվեն սուրբ տոները, ամսական օրացույցը, իրադարձությունները եւ այլն։ Երկու ամսվա ընթացքում 28 բաժանորդ է գրվում եւ շատ չանցած՝ 1794թ. հոկտեմբերի 16-ին լույս է տեսնում առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»։ Արտաքինով բավականին խեղճ էր, ինչպես եւ այդ ժամանակներում Հնդկաստանում տպագրվող գործերը։ Ամսագիրն ամսեամիս բովանդակալից էր դառնում։ Տպագրվում էին նաեւ ոտանավորներ, պատմական գործեր, թարգմանություններ, քաղաքական նորություններ տարբեր երկրներից եւ վաճառականներին վերաբերող տեղեկություններ՝ ապրանքատեսակների, դրանց գների, նավերի տեղաշարժերի մասին։ Հատուկ էջ կար ծնվող- մեռնողների, ամուսնացողների վերաբերյալ։ Հետաքրքիր է նշել, որ «Ազդարարի» լրատուներից մեկն էր այն ժամանակվա Ռուսաստանի հայոց հոգեւոր առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը։ Նա Շահամիր Շահամիրյանի եւ Հնդկաստանի մյուս հայ վաճառականների կամ նրանց ներկայացուցիչների հետ մեծ կապեր ուներ։ Հովսեփ սրբազանը ձգտում էր Եկատերինա կայսրուհուն ոգեւորել եւ համոզել ազատագրելու քրիստոնյա հայ ժողովրդին թուրք-պարսկական բռնակալությունից։ Այդ նպատակների, ինչպես նաեւ կրթական եւ եկեղեցական գործերի համար հնդկահայերը նրան զգալի գումարներ էին ուղարկում։ Սրբազանն էլ իր գործունեության վերաբերյալ երկար կոնդակներ էր գրում, որոնք տպվում էին «Ազդարարում»։ Ամսագիրը լույս էր տեսնում գրաբարով, սակայն Նոր Ջուղայի բարբառով էր, շատ անգամ տպվում էին վաճառականների տված նյութերը։ Մեկուկես տարի ընդամենը հրատարակվեց «Ազդարարը»։ Դադարեցման պատճառն անհայտ է։ Այդ կարճ ժամանակում էլ նորածնունդ պարբերականը ազգանպաստ մեծ գործ կատարեց, միտք եւ ուղղություն տվեց հայ մամուլի հետագա զարգացման համար։ Հարություն քահանա Շմավոնյանը ոչ միայն մեր առաջին պարբերականի խմբագիրն էր, այլեւ հայ մամուլի հիմնադիրը։ 2004թ. կլրանա առաջին պարբերականի ստեղծման 210 տարին եւ նրա խմբագրի մահվան 180-ամյակը։ Այդ կապակցությամբ արժե երեւի նախապատրաստվել նշելու հայ մամուլի հիմնավորման տարելիցը։ ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ