ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԸ ՉԲԱՑԱՌՎԵՑԻՆ Երեկ, ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ջրի միջազգային օրվա» նախաշեմին տրված մամլո ասուլիսի ժամանակ, Ջրտնտպետկոմի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ապրիլի սկզբներին կնշի մայրաքաղաքի այն շենքերի հասցեները, որոնց երջանիկ բնակիչները վերջապես բախտ կունենան վայելելու 24-ժամյա ջրամատակարարման հաճույքը։ Նրա հաջորդ խոստումը, թե մեկ ամիս անց շուրջօրյա ջրային պարգեւ կշնորհվի նաեւ այն թաղամասին, որտեղ գտնվում է իր ղեկավարած կառույցը՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն, նույնպես յուրօրինակ էր։ Որովհետեւ հետաքրքիր է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար փորձի շտկել միայն իր տիրույթամերձ թաղամասի բնակիչներին հուզող հարցերը։ Գ. Մարտիրոսյանը հակառակվեց նաեւ լրագրողներից մեկի այն մտքին, թե հանրապետության նախագահի հանձնարարականով մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումը կազմակերպող իտալական եւ հայկական կողմերը ակամա ներքաշվում են նախընտրական խոստումների մեջ, որոնց չիրականանալու դեպքում սովորաբար տուժում է շարքային քաղաքացին։ Գ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Ջրտնտպետկոմի, Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի եւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության համատեղ ջանքերով ընթանում են աշխատանքներ՝ շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը մինչեւ 2004թ. լուծելու նպատակով։ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության կառավարումը ստանձնած իտալական ԱՉԷԱ ընկերության պատվիրակության նախագահ Անդրեա Մանգանոն էլ նշեց, որ թեեւ Երեւանը սնող 13 աղբյուրների ելքը 2 անգամ ավելի է, քան անհրաժեշտ է մայրաքաղաքի կարիքները բավարարելուն, սակայն, այնուամենայնիվ, էլի քիչ չեն բողոքները։ Ըստ նրա, ոչ բավարար ջրամատակարարումը շարունակում է բողոքների տեղիք տալ ոչ միայն 60-65% կազմող հոսակորուստների (որի հետեւանքը ցանցի տեխնիկական անմխիթար վիճակն է), այլեւ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու, ապօրինի ջրամիացումների եւ այլ պատճառներով։ Գ. Մարտիրոսյանն էլ իր հերթին սպառնաց անձամբ կիրառել «իրենց պայքարի գործիքները՝ օրենսդրական իրավունքները»՝ ապօրինի ջրամատակարարման դեմ պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար։ Նա ներկաներին հիշեցրեց, որ մայրաքաղաքը սնող 39 աղբյուրների գյուղերը «վերցնում են իրենց անհրաժեշտ ջրի հարյուրապատիկը՝ վճարելով ընդամենը իրենց ծախսած 1% ջրի համար»։ Ապօրինություններ հայտնաբերելու դեպքում Գ. Մարտիրոսյանը որոշեց այս տարի ջրազրկել բոլոր 39 գյուղերը, որպեսզի «14- 16-րդ հարկերում ապրող մարդիկ չհայտնվեն անելանելի վիճակում»։ Ի դեպ, ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 24-ի թիվ 55 որոշմամբ՝ երեւանյան շուրջ 247 հազար բաժանորդների սպասարկումը պայմանագրային հիմունքներով այսուհետեւ իրականացնելու են համատիրություները, շենքերի լիազորները եւ հավատարմագրային կառավարում իրականացնող կազմակերպությունները։ Նկատենք, որ Գ. Մարտիրոսյանը չբացառեց, որ քիչ չեն ջրօգտագործման համար արհեստականորեն գոյացած պարտքերը։ «Կան թաղամասեր, որոնք ավելի քիչ ջուր են օգտագործել, սակայն պահանջում են վճարել ավելին»,- ասաց նա։ Ըստ Գ. Մարտիրոսյանի՝ դա ապացուցելի է, որովհետեւ «շենքերի բնակիչներն իրենց թաղապետերով, պատգամավորներով ու հասարակության ճնշող մեծամասնությամբ չեն կարող խմբակային կեղծիքի դիմել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ