ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում երեկ շարունակվեց ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցների՝ Արշակ Մանուկյանի, Արտակ Նիկողոսյանի, Հայկ Մկրտչյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Երեկ Ա. Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ մի միջնորդությամբ, որով կասկածի տակ էր դրվում «դատաքննության հրապարակայնությունը, քանի որ դատական նիստին չեն մասնակցում նրանք, ովքեր ուզում են»։ Փաստաբանն առաջ քաշեց հատկապես մեկուսարան մտնելու հետ կապված տեխնիկական դժվարությունների հարցը եւ միջնորդեց, որ դատաքննությունը տեղափոխվի դարձյալ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի շենք։ Իր գործընկերոջը միացավ եւ ամբաստանյալ Արշակ Մանուկյանի պաշտպանը՝ փաստաբան Վլադիմիր Յավրումյանը, որը գտնում էր, որ խախտվում են քրդատօրի 16 հոդվածի 2-րդ կետի պահանջները («Դռնփակ դատական քննություն անցկացվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով»)։ Ի դեպ, երեկ դատարանը տուժող Երջանիկ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ էր ճանաչել նրա հորը՝ Սերժիկ Սարգսյանին, որն էլ «անհնար բան է» ասելով՝ առարկեց վերոնշյալ միջնորդությունը, եւ ընդհանրապես ակնարկեց տուժողի անվտանգության մասին։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանը նկատեց, որ անգամ մեկուսարանում չեն կարողանում աշխատել, ուր մնաց թե նախանշած դատարանում, որտեղից հենց այդ նկատառումներով է նիստը տեղափոխվել մեկուսարան։ «Ո՞վ է տուժողը» Դեկտեմբերի 28-ին Արթիկից Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան են տեղափոխել 11 տարի ազատազրկման դատապարտված Երջանիկ Սարգսյանին։ Ուշադրության արժանի է այն, որ դատապարտյալը, որ այս գործով տուժող է ճանաչվել, պահվում է նույն այն մեկուսարանում, ուր գտնվում են ամբաստանյալներից երեքը (բացառությամբ Միշա Մեջլումյանի, որի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է ստորագրություն՝ չբացակայելու մասին)։ Երեկ Ե. Սարգսյանի հայրը դիմելու էր Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի պետին, քանի որ տղայի առողջական վիճակը վատ էր եւ, ըստ նրա, կարիք ուներ բուժօգնության։ Ներկայիս դատապարտյալ տուժողը երբ առարկեց, որ դատաքննությանը մասնակցի փաստաբան Վլ. Յավրումյանը (իր քրեական գործին ժամանակին ծանոթացել է պատճառաբանությամբ), ճաղավանդակի ետեւից բռնկվեց ամբաստանյալ Արշակ Մանուկյանը (ՌՈ ԶՈՒԲ-ի պետ), ասելով. «Ո՞վ է տուժողը։ Տուժողը մենք ենք։ Սարքվում է։ Էրեխեքիս ազիզ արեւը, պարզեք ո՞վ է տուժողը. սպանության համար դատապարտվածը»։ Նա չէր հանգստանում։ Դատավոր Մարտին Կարապետյանը ստիպված էր նիստը ընդմիջել… Յուրաքանչյուրն իր իրավունքները թող պաշտպանի Դատավարության ցանկացած կողմ իրավունքներ ունի, որը պետք է հարգվի մյուսների կողմից։ Բուռն քննարկման արժանացավ Երջանիկ Սարգսյանի հորը՝ Սերժիկ Սարգսյանին օրինական ներկայացուցիչ ճանաչելու հարցը։ Փաստաբան Լ. Սիմոնյանը հիշեցրեց, որ Ս. Սարգսյանը վկա է, եւ քանի դեռ չի հարցաքննվել, նիստերի դահլիճից դուրս պիտի գա։ Ամբաստանյալ Միշա Մեջլումյանի պաշտպանը՝ Սոս Գրիգորյանը նկատեց, որ «տուժողը գտնվում է դահլիճում։ Տուժողը թող տուժող մնա, վկան էլ՝ վկա։ Բաներ կան, որ տուժողն ավելի շատ կարող է ասել, քան իր ներկայացուցիչը»։ Տուժողի հայրն արդարացավ, որ չունի գումար, հետեւաբար պաշտպան չի կարող վարձել, հետեւաբար դիմում էր դատարանին ճանաչել իրեն որպես ներկայացուցիչ։ Դատարանը ճանաչեց նրան որպես տուժողի ներկայացուցիչ եւ թույլատրեց նրա մասնակցությունը դատաքննությանը։ Հետեւեց փաստաբան Լ. Սիմոնյանի միջնորդությունը։ Նա միջնորդեց մեղադրական եզրակացությունից հանել Ս. Սարգսյան նախկին վկայի ցուցմունքներն իբրեւ ապացույց։ Մեղադրողը առնվազն տարօրինակ համարեց, որ ամբաստանյալն այդ հարցով դիմում է դատարանին, այն դեպքում, երբ մեղադրանքի հեղինակն ու պաշտպանն իրենք են։ Մեկ այլ տուժողի՝ Միշա Հարությունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, որը խոստացել էր Մ. Հարությունյանի համաձայնությունը ստանալ եւ ներկայանալ նիստի, չէր ներկայացել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ