ԽԵՂԴՈ՞ՒՄ ԵՆ «Ա1+»-ԻՆ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Ա1+» հեռուստաընկերության կապուղուն մրցույթով տիրանալու «Դոֆին» ընկերության մտադրության մասին իմանալով մեր թերթից, ճեպազրույցի ժամանակ հարկ համարեց իր հատուկ կարծիքը հայտնել. «Այն արշավը, որ սկսված է ինֆորմացիոն դաշտում, էլ ավելի սրված տեսք է ստանում։ Դա պայմանավորված է այն պարզ ճշմարտությամբ, ըստ որի 2001 թ. բոլոր սոցիալ- տնտեսական ցուցանիշների գծով արձանագրվել է լուրջ հետնահանջ, մինչդեռ իշխանական քարոզչամեքենան անընդմեջ կերակրում էր հայ ժողովրդին այն սին թվերով եւ «փաստերով», ըստ որոնց, իբր, գրանցվել է աննախադեպ տնտեսական աճ»։ Արտաշես Գեղամյանն այնուհետեւ ծանոթացրեց հերթական պաշտոնական թվերին, ըստ որոնց «ՀՀ պետական բյուջեի կատարողականը 2001 թ. հունվար-փետրվարին հարկային եկամուտների գծով ընդամենը 93,9 տոկոս է, ավելացված արժեքի հարկի գծով՝ 96,3 տոկոս, շահութահարկի գծով՝ 73,3 տոկոս, ակցիզային հարկի գծով՝ 89,9 տոկոս, պաշտոնական տրանսֆերտների գծով՝ 91,4 տոկոս։ Ահա, գովազդված 9,6 տոկոսանոց աճի պայմաններում եւ ոչ մի հարկային ցուցանիշների նախատեսված գծով օրենքի ուժ ստացած թվերը չեն կատարվել։ (…) Պրն Քոչարյանի վարչապետության եւ նախագահության տարիների ընթացքում 160.700 տեղով աշխատատեղերը կրճատվել են, միայն 2001 թ. այդ աշխատատեղերը պաշտոնապես կրճատվել են 3 հազարով։ Այս բոլոր թվերի մասին ոչ մի հեռուստակայան երբեք չի համարձակվել ասել, բացառությամբ «Ա1+»-ի եւ ոչ մի հեռուստակայան ամբիոն չի տրամադրել մասնավորապես «ԱՄ» կուսակցության որեւէ անդամի։ Բնականաբար, կուզենան խեղդել «Ա1+»-ը։ (…) Ամենուր մեծագույն ճնշումներ են իրականացվում ազատ մամուլի նկատմամբ, որը թերեւս եզակի նվաճում է անցած 12 տարիների ընթացքում եւ, որը ուրանալ հնարավոր չէ։ Եվ այս պայմաններում ցավ ես ապրում, երբ ամբողջությամբ ձախողված է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, ամբողջությամբ այլասերված են բարոյական հարաբերություններն իշխանական ատյաններում, մեկ էլ տեսնես մարդիկ ինչեր են անում, փոխանակ բուն գործով զբաղվեն, պարտադրում են բյուջետային հիմնարկների աշխատողներին, որ անդամագրվեն իշխող կուսակցությանը։ Իսկ այս ֆոնի վրա շագրենյան կաշվի նման հայ ժողովուրդը սեղմվում է»։ Սեփ. լր.