Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ «Ա1+»-Ը ԿԱՐՈՂ Է ՉՀԵՌԱՐՁԱԿՎԵԼ

Մարտ 22,2002 00:00

ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ «Ա1+»-Ը ԿԱՐՈՂ Է ՉՀԵՌԱՐՁԱԿՎԵԼ Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ CNN-ը, FOX-ը կամ ամերիկյան որեւէ այլ աշխատող հեռուստաընկերություն կարող է դադարեցնել իր հեռարձակումը այն պատճառով, որ նման որոշում է կայացնում Ջորջ Բուշ կրտսերի նշանակած հանձնաժողովը: Ոչ թե դատարանը, այլ հենց հանձնաժողովը եւ ոչ թե այն պատճառով, որ հեռուստաընկերությունը խախտել է օրենքը, այլ այն պատճառով, որ տվյալ հանձնաժողովին գործող հեռուստաընկերության բիզնես-պլանն ավելի քիչ է դուր գալիս, քան նույն հաճախականության համար մեկ այլ հավակնորդինը: Այսինքն՝ պետական մարմինն իր քմահաճույքով կարող է կանգնեցնել մի ֆիրմայի աշխատող բիզնեսը հանուն թղթի վրա գոյություն ունեցող մեկ այլ ֆիրմայի անորոշ հեռանկարի: Այդպիսի անհեթեթ օրենք են ընդունել մեր քաջարի պատգամավորները: Բնականաբար, նրանց մեծ մասի մտավոր ունակությունները թույլ չեն տալիս խորամուխ լինել նման նրբությունների մեջ: Բայց միամտություն է կարծել, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելու իրավասություն տալը պարզ թյուրիմացություն է: Իշխանական համակարգում կան խելացի մարդիկ, որոնք շատ լավ գիտեին, թե ինչի համար եւ ում համար է ընդունվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա սույն օրենքը հնարավորություն է տալիս երկրի նախագահին /հենց նախագահին, որովհետեւ հանձնաժողովը նրա կամքն է կատարում/ փակել ցանկացած ոչ իշխանամետ հեռուստաընկերության բերանը: «Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Ա1+»-ին եթերից զրկելու եւ 37-րդ դեցիմետրային հաճախականությունը «Շարմին» կամ «Դոֆինին» փոխանցելու քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Նախընտրական տարում Քոչարյանին պետք չէ լրատվություն, որը տարբերվում է «Հայլուրից», եւ տեսակետներ, որոնք չեն համընկնում պաշտոնականի հետ: Թե ով է օգտագործվելու այդ նպատակի համար՝ «Շարմը», թե «Դոֆինը», եւ ինչպես է դա մատուցելու պաշտոնական քարոզչամեքենան՝ տեխնիկական խնդիրներ են, որոնց իրականացումը հանձնարարված է լրատվամիջոցների գլխավոր համակարգող Ալիկ Հարությունյանին: Կարեւորն այն է, որ այդ ծրագիրն իրականացնելու դեպքում եթերում կմնան միայն այն հեռուստաընկերությունները, որոնք պատրաստ են ծառայել Քոչարյանին: Դա շատ իրական հեռանկար է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել