Ապակողմնորոշելու ձեւ «Եթե չեք վախենում՝ դիմեք դատախազություն»,- առաջարկում է մահապարտը ՕՄՕՆ-ի նախկին հրամանատարին։ Փոխանակ Գլխավոր դատախազությունն արձագանքեր «Առավոտի» մարտի 19-ի համարում «Հայտարարություն հանցագործության մասին» հրապարակմանը եւ հայտներ՝ դրա հիման վրա նախապատրաստվելո՞ւ են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար ՆԳՆ Լոռու տարածաշրջանային վարչության պետի տեղակալ Գեորգի Գրիգորյանի նկատմամբ, արձագանքեց վերջինս՝ «Արծիվ» մահապարտների հատուկ գումարտակի 8-րդ դասակի հրամանատար Արմեն Հակոբյանի հայտարարությունն անվանելով «բացահայտ զրպարտություն», եւ փորձ, որ ինքը հետ կանգնի Մուշեղ Սաղաթելյանի գործով իր տված ցուցմունքներից։ Այս առնչությամբ Արմեն Հակոբյանն «Առավոտին» ներկայացրեց իր գրավոր պատասխանը, որում մասնավորապես ասված է. «Ժորա Գրիգորյանի մարտի 21-ի հարցազրույցի կապակցությամբ ասեմ, որ ես երբեք այս հանրապետության համար ոմն չեմ եղել. մահապարտ էի, իսկ «ոմն» են եղել Ժորայի պես պաշտոնյաներ, որոնք ծառայելով տարբեր իշխանությունների՝ ոչ ոքի հավատարիմ չեն մնացել, եւ Ա. Ս. Պուշկինի հայտնի ստեղծագործության պես, ինչքան շատ են ստացել, այնքան շատ են ցանկացել, քարկոծելով իրենց վստահող եւ պաշտոնի նշանակող իշխանավորներին։ Իմ հայտարարության վերաբերյալ Ժորա Գրիգորյանի պատասխանին՝ իբր դա իր հասցեին արված զրպարտություն է, ես կարող եմ պատասխանել, որ լինելով ՕՄՕՆ-ի նախկին հրամանատար, ոչ թե պետք է միայն հարցազրույց տայիք, այլ եթե խիզախություն ունեք եւ չեք վախենում ձեր կատարած հանցագործության փաստերի բացահայտումից եւ կարող եք ինքներդ ձեզ պաշտպանել՝ դիմեք դատախազություն եւ ինձնից պատիվ պահանջեք։ Բացի այն, որ Ժորան ժխտել է իր կատարած հանցանքները, նա չի կարողացել ընկալել իմ արած հայտարարության բուն իմաստը։ Ես հստակ հայտարարել եմ, որ լինելով մահապարտ, երբեք թույլ չեմ տա նմանատիպ անբարեխիղճ չինովնիկներին՝ իրենց անբարոյական հայտարարություններով վարկաբեկել մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանին, անկախ նրանից, թե ում պատվերն է կատարում այդ ոմն Ժորան։ Եվ եթե նա ուզում է իմ հայտարարությունը կապել Մուշեղ Սաղաթելյանի հետ՝ դա այդպես չէ, եւ դա Ժորայի կողմից միայն իր կատարած հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու եւ ապակողմնորոշելու մի ձեւ է։ Իսկ եթե Ժորան իր կատարած հանցագործությունը ուզում է կապել որեւիցե մեկի հետ՝ իբր թե ինքը կատարել է ուրիշի հրամանը, ակնհայտ է դառնում, որ երկար տարիներ աշխատելով այդ համակարգում, նա չի սովորել մի տարրական բան՝ այն պաշտոնյան, որը կատարելով հրաման, կատարել է հանցագործություն՝ չի ազատվում քրեական պատասխանատվությունից։ Իմ հայտարարություններում ոչ մի զրպարտանք չկա։ Այդ ամենը իրականություն է, իսկ եթե կասկածողներ կան՝ ես պատրաստ եմ փաստերով ապացուցել։ Ի դեպ, մարտի 19-ին իմ արած հայտարարություններից հետո Ժորա Գրիգորյանը տարբեր միջոցներով ցանկացել է ինձ հետ հանդիպել, բայց մինչեւ նա դարձի չգա եւ ետ չկանգնի իր այդ հուդայական արարքից՝ ես ցանկություն չունեմ հանդիպելու նրա հետ, երբեք չեմ լռելու եւ կհրապարակեմ այլ զանցանքների մանրամասներ»։ Եվս մի մանրամասն «Արամ Մանուկյան» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Արմեն Հակոբյանի վերաբերյալ. իր մարտական սխրանքների համար նա պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով, բայց այն վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին, երբ առանց պատճառաբանության ազատվեց ՆԳ համակարգում իր աշխատանքից։ Ա. Ի.