«ՇԱՀԵՐԸ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ» Պենտագոնի խոսնակը երեկ հայտարարեց, որ նոր դարաշրջան է սկսվում հայ-ամերիկյան հարաբերություններում, իսկ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարին։ Տեղյա՞կ են, արդյոք, ազգային երեսփոխանները, թե ինչ նպատակով է նախարարը մեկնել ԱՄՆ, եւ ի՞նչ են մտածում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Աշխարհաքաղաքական վերջին զարգացումների հետեւանքով հարկ չկա՞ վերանայել երկրի արտաքին քաղաքականությունը։ Եվ այս ամբողջ համաշխարհային իրարանցումը որքանո՞վ կազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Երեկվա ճեպազրույցից միայն վերոհիշյալ հարցերին կանդրադառնանք։ Բոլոր խումբ-խմբակցությունների ղեկավարները պաշտպանության նախարարի այցի պաշտոնապես հայտնի նպատակին էին ծանոթ։ ԱԺՄ խմբակցության ղեկավար Սեմյոն Բաղդասարյանի կարծիքով, ղարաբաղյան կարգավորման մասով «բանակցողների կարգավիճակի նվազում կա, իսկ դա նշանակում է՝ բանակցային գործընթացը լուրջ խնդիրների առաջ է։ Մյուս կողմից էլ երեւի բոլորը հասկացել են, որ ստատուս-քվոյի պահպանումը Ղարաբաղի հարցի լուծման ամենաճիշտ տարբերակն է»։ Առաջացած լարվածությունը Սեմյոն Բաղդասարյանին «շինծու» է թվում, նրա կարծիքով՝ «ինչ-որ դիրիժոր կա» (չասաց, թե ում նկատի ունի, չգիտեր), բայց ասաց նաեւ, որ անհանգստությունը տեղին է։ Պրն Բաղդասարյանի կարծիքով, մեր տարածաշրջանում Ռուսաստանի նահանջ է տեղի ունենում։ Սեմյոն Բաղդասարյանն այն կարծիքին է, որ «այն, ինչ որ ձեռք է բերված եւ պայմանականորեն մերն է, պետք է չզիջվի։ Ոչ մի դեպքում չի կարելի զիջել Քելբաջարի եւ Քաշաթաղի շրջանները»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը Սերժ Սարգսյանի այցի մասին փորձեց մի փոքր ավելին ասել՝ քան պաշտոնական հայկական ինֆորմացիան էր։ Նա հիշեցրեց, որ 907-ի սառեցման որոշման մեջ նշվեց, որ ռազմական օգնություն է ցուցաբերվելու ՀՀ-ին «4,3, թե 4,9 միլիոն դոլարին համարժեք, բնականաբար, այդ օգնությունը առավել առարկայական դարձնելու խնդիրներ էին առաջ եկել, իսկ դրանք, անշուշտ, կարող էր լուծել կամ պաշտպանության նախարարը, կամ գլխավոր շտաբի պետը։ Այդ շրջանակներում է պայմանավորված եղել այցելությունը»։ Արտաշես Գեղամյանը գտնում է, որ փոխված աշխարհում չի կարելի հարեւաններին ճակատ համարել. «Մենք պարտադրված ենք այս տարածաշրջանում ապրել եւ պարտադրված ենք համագործակցել հարեւանների հետ, ինչքան էլ պատմական հիշողությունը սպիներ է թողել մեր սրտերում։ Բավական է ջայլամային քաղաքականություն վարել։ Երբ վարչապետին հարցրին թուրքերի հետ համագործակցության մասին, կարծես թե քուչի կռիվ են սկսում, տղայական ասում է. «Ես՝ որպես կուսակցության ղեկավար, պատրաստ եմ խոսել, բայց որպես վարչապետ՝ ոչ»։ Ինչի՞ որպես վարչապետ խոսի, որ 32 միլիոնով թուրքերը կարողանում են իրենց ապրանքը Հայաստանում ծախել։ Եվ բնական է, որ այսպես պետք է լինի։ Տղայական մակարդակով պետական խնդիրներին չեն մոտենում»։ ՀԿԿ ներկայացուցիչ Խորեն Սարգսյանի համոզմամբ՝ «Եթե աշխարհը միաբեւեռ է դառնում, մենք բոլորս նապաստակ ենք Միացյալ Նահանգների ձեռքին»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը չի հավատում մեր տարածաշրջանում պատերազմի հավանականությանը. դա չի բխում գերտերությունների շահերից։ Աղվան Վարդանյանը գտնում է, որ այս տարածաշրջանում երկրների եւ ժողովուրդների համագործակցությունն այլընտրանք չունի. «Բայց նաեւ միանշանակ է, որ այդ համագործակցությունը չի կարող ստեղծվել մեր ժողովրդի, մեր պետության անվտանգության եւ ինքնուրույնության հաշվին»։ Ագրոարդյունաբերողների խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է ձեռնպահ մնալ խուճապային տրամադրություններից կամ չափազանցված գնահատականներից. «Ի վերջո, սրանք բխում են սառը պատերազմին հատուկ պատկերացումներից։ Մինչդեռ պետք է ուշադիր հետեւել իրավիճակին, եւ եթե հաշվի առնենք մեր հայաստանյան շահերը, ապա չի կարելի մտածել, որ եթե ամերիկացիների ազդեցությունը տարածաշրջանային գործերում մեծանում է, ապա դա անպայման պետք է բերի ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի բախմանը, կամ՝ բերի Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը։ Այդպես չի»։ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը աշխարհաքաղաքական նոր զարգացումների կենտրոնում տեսնում է Հայաստանը, «որովհետեւ շահերի բախում Վրաստանում եւ Ադրբեջանում կարծես թե չկա եւ շահերը կարծես թե Հայաստանում են բախվում»։ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, արտաքին քաղաքականության որոշ դրույթներ սեպտեմբերի 11-ից հետո անպայման պետք է վերանայվեին. «Բնական է, որ աշխարհում լուրջ ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունենում»։ Վիկտոր Դալլաքյանի առաջարկը խորհրդարանական փակ լսումներ անցկացնելու մասին ընդունելի չհամարեցին ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, նաեւ՝ Արտաշես Գեղամյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ